Առանց դպրոցի գիտելիքի օր

Առանց դպրոցի գիտելիքի օր
Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի դպրոցականներն  այս տարի էլ Գիտելիքի օրը սկսեցին առանց դպրոցի: Ամասիայի նախկինում ադրբեջանաբնակ Արեգնադեմ գյուղն այս տարի ունի 67 աշակերտ, նախորդ տարվա 87-ի փոխարեն, իսկ առաջին դասարանցիներն ընդամենը 2-ն են՝ նախորդ տարվա 10-ի փոխարեն:  Արեգնադեմի աշակերտներն այս տարի էլ դասերը կանցկացնեն 10 քառակուսի մետր տարածք ունեցող, դասարանի չնմանվող տեղում:



"Երկրաշարժից  դպրոցը փլվել է, բնակիչների համար կառուցվող բնակելի շենքերից երեքը տրամադրվել է աշակերտներին` ժամանակավորապես  որպես դպրոց   ծառայելու համար: Ժամանակին  խոստացվել էր արագ կարգով  դպրոցի խնդիրը լուծել, բայց մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել: Անցած տարի 35 մլն. դրամ հատկացվեց, բայց  ճգնաժամի պատճառով ծրագրից դուրս հանեցին: Սպասում ենք 2011-ին, գուցե այդ ժամանակ ինչ-որ բան կարվի: Բազմիցս ենք դիմել ներկա  ու նախորդ մարզպետներին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին,- ասում է Արեգնադեմի համայնքապետ Աղունիկ Հազրյանը` ավելացնելով: - Չնայած դպրոց կոչվածի շենքային պայմանները չեն բավարարում, այնուամենայնիվ կրթության մակարդակը բավականին բարձր է, նախորդ տարվա 10 շրջանավարտներից 9-ն ընդունվել են բուհեր": Չեմ կարող չհիշել օգոստոսյան  խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզի  կրթության եւ սպորտի վարչության պետի խոսքերը. "Շիրակի մարզի դպրոցները գտնվում են նախանձելի վիճակում, մերոնց կնախանձեն անգամ երեւանյան դպրոցները":



Բառի բուն իմաստով նախանձ շարժող դպրոցներում երեկ եղել  են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Սահակ Մինասյանն   ու մարզի  երեւելիները: Արեգնադեմը դպրոց կունենա, թե չէ, մինչեւ երբ Արեգնադեմի դպրոցականները ձմռանը կտաքանան  դիզվառելիքով՝ հետաքրքիր չէ ոչ մեկին: Շնորհավորանքների ու այցելությունների արժանի են միայն Գյումրու մի քանի "նախանձ շարժող" դպրոցները:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ