Գոքորը (պատմվածք-սերիալ)

Գոքորը (պատմվածք-սերիալ)
1. Համբոյի տունը կռիվ էր


Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասնյոթ տարեկան Գոքորին տանի քաղաք, մի գործի  տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:


- Չեմ ուզում, չեմ ուզում, իմ Գիքորին, իմ քորփա էրեխուն էն անիրավ աշխարհը մի գցի,-լալիս էր կինը:


Ամուսինների վեճի թունդ պահին տան դուռը բացվեց եւ դռան շեմին հայտնվեց  «քորփա» Գոքորը: Գոքորի հասակը երկու մետրից մի քանի սանտիմետր էր պակաս, ուսերը լայն  ու հզոր էին, թեւերը հաստ ու մկանուտ, գոնչո գլուխը գանգրահեր էր, լիքը թշերը կարմիր, եւ եթե նրա խոշոր, թախծոտ աչքերը չլինեին, դժվար էր նրա մեջ տեսնել «քորփա» Գիքորին. ջահել, առողջ ցլիկի էր նման Գոքորը:


- Սա ա՞ քյորփեն, հլա սրա վզի հաստությանը մտիկ արա, հլա սրա բիլակներին նայի,-համոզում էր Համբոն կնոջը,-ուզում չես մեր տղեն մարդ դառնա, հարգանք-պատիվ ունենա:


- Էս մի մատ էրեխեն մենակ ի՞նչ տի անի քաղաքում, ստի կարալ չի՞ մարդ դառնա, հարգանք-պատիվ վայելի,-չէր համոզվում կինը:


- Քեզ համար քո տղեն հիսուն տարեկանում էլ տի քորփա ըլի, մի մատ Գիքոր ըլի: Հրեն Ավարա Մելիքի երկու տղաները, Ղաչաղ Սամոյի տղեն քեզ օրինակ՝ գնացին քաղաք, մի քանի տարի հետո արդեն Հանրապետականի շտաբումն էին, էս վերջին ընտրություններին իրանց լավ դրսեւորեցին, հիմա ամեն մեկը մի ջիպ ա առել, իրա գործն ունի: Գիտես, թե ինչ հանգի մարդկանց հետ են նստում-վիկենում: Մեր տղեն նրանցի ինչո՞վ ա պակաս, որ նրան էս մեր չոլերին էս արժան համարում:


- Երեւի մոռացել ես,-հակադարձեց կինը,-Ավարա Մելիքը մեր գյուղապետն է, Ավարի բիձեն քաղաքում միլպետ է, Ղաչաղի քեռին էլ մարզպետի տեղակալ է:


- Դարդ մի անի, ես իմ անելիքը լավ գիտեմ,-պարծենում էր Համբոն,- թե նրանք էս մեր փոքր քաղաքում են իրանց որդկերանցը տեղավորել, ես մեր տղին Երեւան տեմ տանի, թե սրանք չորս-հինգ տարում են գործի տեր դարձել, մեր Գոքորը դրանցի շուտ տի մարդ դառնա:


Գոքորը մին ուզում էր ծնողների խոսքուզրույցին միջամտեր, ասեր՝ այ մեր, ինձ բան չի պատահիլ, այ հեր, էդ թեման փակի, մին էլ մտածեց, որ դա օգուտ չի տա, ու տնից դուրս եկավ: Քույրն ու եղբայրը դեզի մոտ խաղ էին անում եւ հենց որ նրան տեսան, վազեցին մոտը:


- Գոգոլ, Գոգոլ,-Գոքորի գիրկը նետվեց չորսամյա Զորիկը:


- Այ տա, քեզ քանի՜ հետ ասենք՝ Գո-գոլը ռուս գրող ա, ասա Գո-քոր, Գո-քոր:


- Գի-քոլ, Գի-քոլ,-ասաց Զորիկը ու ծիծաղեց՝ ոնց որ Գոքորի նյարդերի հետ խաղ անելիս լիներ:


- Թու հա, հմիկ էլ Գիքոր դարձանք, Զորիկ, էդ ո՞նց ա լինում, որ մենակ իմ անունը չես նորմալ արտասանում,- չորսամյա եղբոր վրա լրջորեն բարկացավ Գոքորը. թեեւ հասակը 194 սանտիմետր էր, քաշը 100 կիլոգրամ ու 17 էլ արդեն լրացել էր, Գոքորը դեռ երեխախելքի էր:


Զորիկից նեղացած Գոքորը նրան գրկից իջեցրեց , քրոջը՝ Զարինեին ասաց, որ երեխային տուն տանի, իսկ ինքը քայլեց դեպի գոմը: Ահա խոտի դեզը, որի վրա պառկած նա բազմաթիվ գիշերներ էր լուսացրել, ահա փայտաշեն զուգարանը ¥զուգարանի հետ կապված պատմությունը պատմելու բան չի), ահա եւ գոմը: Գոքորը կանգնեց եւ գլուխը տան կողմն արավ՝ այնտեղից նրան էր հասնում ծնողների վեճի ձայնը.


-Չեմ ուզում,-ասում էր մայրը,- էդ անիրավ աշխարհը նրա համար չի:








2. Քաղցր Երեւանը



Երեք ոտնանի Չալանը (մի ոտքը գելի հետ կռվում կորցրել էր) պոչն ուրախ շարժելով մոտեցավ նրան ու սկսեց շուրջը պտիտ գալ: Թթենուց կապված Էշը զռռաց, գոմի դռանը պառկած Սիրուն կովը գլուխն իր կողմը թեքեց, իրեն տեսնելու ուրախությունից, թե ճանճերին քշելու համար անուշ բառաչեց ու պոչը կողերին խփեց: Գոմաղբի մեջ քուջուջ անող հավերը ձենները գլուխները գցեցին:



Վաղն առավոտ ծեգին ինքը Երեւան էր գնալու, վաղը ուրիշ աշխարհ էր բացվելու իր հմար, եւ ինքը ուզում էր ճանաչել էդ աշխարհը, բայց նաեւ անհանգիստ էր, որովետեւ չէր պատկերացնում իր կյանքը իրենց տանից դուրս՝ առանց ծնողների, առանց Զարինեի ու Զորիկի, առանց առվոտները քնահարամ անող էշի, առանց Չալանի ու Սիրունի:



Երբ Համբոն Երեւան գնալու մասին խոսք էր բացել, Գոքորը ուրախացել էր, որ վերջապես ազատվելու է գոմի, հանդի ու հողամասի գործերից, խոտհունձից, բայց որքան մոտեցել էր գնալու ժամանակը այնքան պակաս ծանր էին թվացել այդ գործերը, իսկ հիմա, երբ հաշված ժամեր էին մնում մայրաքաղաք մեկնելուն, Գոքորին այդ գործերը դուրեկան էին թվում:



Մտածում էր Գոքորը, մտածում ու չէր կարողանում հասկանալ՝ ինքը իրոք ուզո՞ւմ է Երեւան գնալ, թե՞ հոր որոշման հետ հաշտվել է, եւ իրեն թվում է, թե ուզում է: Երեւանում նա մեկ անգամ էր եղել եւ այն էլ` երեխա ժամանակ, երբ հայրը ինչ-որ գործով մայրաքաղաք էր գնացել ու նրան հետը տարել էր: Թեեւ մի քանի օր քաղաքում մնացել էին, բայց այդ օրերից միայն մի կենտ հիշողություն էր մնացել՝ կապտագույն քաղցր բամբակը, որ հայրը փողոցում գնեց նրա համար: Գոքորը հիշում էր, թե ոնց էր ինքը հիացած հետեւում ձողի վրա հավաքվող բամբակի փաթիլներին, թե ինչպես բամբակի ձողից բռնել, զարմացած նայում էր փքուն զանգվածին եւ ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ այն ուտելու համար է: Հայրը բացատրում էր, թե ինչպես պիտի ուտի, որ փաթիլները քթին չկպչեն, երեսը չշիրոտեն, բայց ինքը չէր ուտում: Ինքը ուզում էր բամբակը իր հետ բերել գյուղ եւ ընկերների համար բացահայտել քաղցր բամբակ կոչվող երեւույթը: Պատկերացնում էր, թե ոնց են գյուղի երեխաները խմբվելու իր կողքին ու զարմացած նայելու ձեռքի կապտագույն բամբակին:



Գյուղ վերադառնալուց հետո Գոքորը տարիներ շարունակ երազել էր նորից Երեւան գնալ, նորից ձեռքերի մեջ բռնել քաղցր բամբակի փքուն զանգվածը, մինչեւ այն օրը, երբ գյուղին մոտ քաղաքից քաղցր բամբակի փոքրիկ արտադրամասով մի «Երազ» եկավ գյուղ, եւ մայրաքաղաք Երեւանը Գոքորի համար այլեւս դադարեց գոյություն ունենալ, որպես մի բացառիկ վայր, որտեղ քաղցր բամբակ են վաճառում: «Երազի» առաջին այցելության հետ Գոքորի մանկության երազը ավարտվեց եւ Երեւան գնալու ցանկությունը նույնպես: Գյուղի հասակակից երեխաները շրջապատել էին «Երազը», իսկ ինքը հեռու կանգնած նայում էր նրանց ձեռքի կապույտ ու վարդագույն բամբակներին եւ իրեն խաբված ու կողոպտված էր զգում: Այն, ինչ ինքը երազել էր, այլեւս բոլորի սեփականությունն էր: «Երազը» բոլորի համար էր. ով երկու ձու, մի լիտր կաթ, մի բանկա մածուն կամ կես գլուխ պանիր տար, կարող էր վերցնել քաղցր բամբակը:



«Երազի» առաջին ազդանշանների հետ Երեւանը Գոքորի համար կորցրել էր իր քաղցրությունը:





3. Սերը



Այո, սիրելի ընթերցողներ, թեեւ մեր Գոքորը քորփա էր ու մի քիչ էլ էրեխախելքի, նա էլ գիտեր, թե ինչ բան է սերը: Որ հարցնեիր, թե ինչ բան է, ինչ է ինքը զգում, կասեր. «Կարալ չեմ բացատրեմ, բայց գիտեմ»: Գիտեր, զգում էր, ավելին՝ սիրած աղջիկ ուներ իր մտքում, բայց իր Երեւան գնալ- չգնալու հետ կապված ծնողների վեճից, թե ինչից, լրիվ մտահան էր արել նրան: Հիշեց Գոքորը, իր սիրո առաջ իրեն մեղավոր զգաց, նրան գոնե հեռվից տեսնելու անհաղթահարելի ցանկություն ունեցավ եւ առանց երկար-բարակ մտածելու բռնեց Անուշենց տուն տանող ճանապարհը, այնինչ մտածելու պատճառ կար, որովհետեւ Անուշի հորեղբայրը գյուղապետն էր՝ Ավարա Մելիքը, եւ Անուշի հայրն ու եղբայրներն էլ պակաս ավարա չէին:

Գոքորը բաց դարպասներից ներս մտավ ու տան բակում, գոմի մոտ կանգնած նայում էր Անուշի սենյակի պատուհանին, հուսալով որ նրա անուշ պատկերը կտեսնի այնտեղ: Մեկ էլ ճանապարհի վրայից շնահաչի ձեն լսեց. Անուշի ֆիդայի հոր (նա կռվի ժամանակ մի քանի անգամ իր նիվայով Նոյեմերյանի կողմերն էր գնացել) զույգ կատաղի շներն էին՝ Ալին ու Մուխտառը: Գոքորի հոտը առել էին, առաջ ընկած գալիս էին: Գոքորը հասկացավ, որ ծուղակի մեջ է, եւ վազեց մտավ գոմը: Ոչխարներն ու գառները օտար մարդու ներկայությունից անհանգստացան եւ սկսեցին բառաչել: Շները եկան գոմի դռան մոտ, ու հո չեն հաչում, հո չեն հաչում: Քիչ հետո լսվեց նաեւ Անուշի հարբած հոր հայհոյանքները: Գոքորը Անուշի հոր ոտնաձայներն ու հայհոյանքները լսելով պառկեց-թաքնվեց գառների ետեւում: Անուշի հայրն ավելի թունդ հայհոյեց շներին, Գոքորը լսեց ծանր հարվածի ձայնը, շան ոռնոցը ու մեկ էլ դռան բացվելու ձայնը: Գոքորի սիրտը փորն ընկավ: Գառներն ու ոչխարները սկսեցին ավելի բարձր բառաչել, եւ որպեզի իր լռությամբ չմատնի իրեն, Գոքորը ձայնակցեց նրանց:

-Բեեեեեեեեեեեեեեե,-բառաչում էին գառները

-Բեեեեեեեեեեեեեեե,-ձայնակցում է «գառ» Գոքորը:

Անուշի հայրը մի էլիտար, յոթհարգանի հայհոյանք էլ գառներին տվեց եւ դուռը փակեց: Մի քանի րոպե պառկած մնալուց հետո Գոքորը բարձրացավ եւ դուրս եկավ գոմից՝ նախապես համոզվելով, որ շները կապած են, ու վտանգը անցած: Երբ հասավ փայտաշեն զուգարանին, զուգարանի դուռը բացվեց եւ այնտեղից դուրս եկավ Անուշը: Գոքորն ու Անուշը երկար նայեցին միմյանց, եւ Անուշի նայվածքից Գոքորը հասկացավ, որ ինքն էլ Անուշի սրտում տեղ ունի: Անհրաժեշտություն չկար, որ խոսեն, երկուսի համար էլ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի:

-Վաղը Երեւան եմ գնում,-ասաց Գոքորը:

-Գիտեմ,-ասաց Անուշը,-ես քեզ կսպասեմ:

Երեւան գնալու հետ կապված Գոքորի բոլոր կասկածները փարատվել էին: Հիմա նա գիտեր, որ Անուշն էլ իրեն է հավանում, հիմա նա մտածում էր, որ պետք է գնա Երեւան, կարեւոր մարդ դառնա, որ Անուշի ավարա հարազատներն իրեն մարդու տեղ դնեն:







4. Ճանապարհ



Առավոտ ծեգին Գոքորն ու Համբոն ճանապարհ ընկան: Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ: Տանեցիք եկան մինչեւ դարպասը, Գոքորի լիքը թշերը պաչեցին ու ճամփու դրին: Մայրը լաց էր լինում, քույրը՝ Զարինեն լաց էր լինում, իսկ փոքրիկ Զորիկը մոր գրկից ձայն էր տալիս. «Գոգոլ, Գոքոլ, էդ ուր ես գնում, հե՜ Գոքոլ»:

Իջան Համբոն ու Գոքորը, եւ որովհետեւ գյուղից քաղաք գնացող ավտոբուսը շաբաթվա մեջ մի օր էր աշխատում եւ ոչ այդ օրը, քաղաք տանող ճամփի վրա կանգնեցին եւ սպասում էին, որ մի պատահական բարի վարորդ կվերցնի իրենց, մինչեւ քաղաք կտանի, իսկ այնտեղից էլ «Գազելով» մայրաքաղաք կգնան: Մեքենաներն անտարբեր արագությամբ անցնում էին նրանց կողքով՝ որի մեջ ազատ նստատեղ չկար, որի մեջ էլ կար, բայց վարորդն ուրիշի կարիքին անտարբեր էր: Ճամփի վրա երկար մնացին նրանք, մինչեւ մի սեւ ջիպ կանգնեց: Ավարա Մելիքի տղու՝ Անուշի զարմիկի մեքենան էր:

- Բարի լիս Համբո,- իր հորից մեծ Համբոյին անունով դիմեց Ավարի տղեն,- էս առավոտ-գիշերով, էս ո՞ւր եք գնում:

- Էրեւան ենք գնում, որդի ջան, տանում եմ Գոքորին գործի տամ, որ քո նման շնորհքով տղա դառնա, քաղաք տեսնի, էս կյանքում զուրկ ու խեղճ չլի,-ասաց Համբոն:

-Էնա, բախտդ բերել ա, ես էլ եմ Երեւան գնում, նստեք` կտանեմ:

Համբոն ու Գոքորը նստեցին մեքենան: Ավարի տղի կողքին՝ առջեւի նստատեղին, մի սիրուն, շիկահեր աղջիկ էր նստած՝ հագին կարճ փեշով ծաղկավոր շրջազգեստ: Գոքորին աղջկա շեկ մազերը դուր չեկան (Անուշը սեւահեր էր), բայց շրջազգեստը նա շատ հավանեց եւ որոշեց իր առաջին աշխատավարձի փողերով մի էդ տեսակ շոր առնել Անուշի համար ու գյուղ ուղղարկել: Ավարի տղեն ռուսկան «բլատնոյը» քոքեց ու գազ տալով տեղից թռցրեց մեքենան: Գոքորը նայում էր Ավարի տղի շարժուձեւին, հագուկապին եւ հասկանում էր, որ շատ պիտի աշխատի իր վրա ու նաեւ շատ փող պիտի աշխատի, որ կարողանա նրա հետ ոտ մեկնել: Գոքորն իր մտքում դրեց, որ անպայման էդ տեսակ ջիպը տակին պիտի վերադառնա գյուղ: Պատկերացրեց, թե ոնց է ինքը ջիպով գալիս-կանգնում Անուշենց դռանը, ոնց են Անուշի հայրն ու գյուղապետ հորեղբայրը ու նրա ավարա տղեն հարգալից խոսում իր ու իր հոր հետ:

- Համբո, էդ ի՞նչ գործ ես գտել Գոքորի համար,- հարցրեց Ավարի տղեն:

- Ախրանի գործ ա, մեր հեռու բարեկամն ա մի հարուստի մոտ սաբաբ էղել:

-Անունը ի՞նչ ա էդ հարուստի:

-Անունը մտահան եմ արել, բայց…,- Համբոն հասկացավ, որ ծաղրի առարկա է դառնալու:

-Բայց ի՞նչ,- հանգիստ չթողեց Ավարի տղեն:

- Բայց ավել անունը Բազազ ա:

Իր կյանքում մեկ- երկու հեքիաթից դենը բան չէր կարդացել Ավարի տղեն, բայց դե էդ ո՞ր լոռեցին չգիտի քորփա Գիքորի ու Բազազ Արտեմի պատմությունը:

-Էնա, ասա Գիքորին Բազազի ձեռն ես տանում գցես, էլի,- ծիծաղեց Ավարի տղեն,-զգույշ կլնես, արա, մրսես ոչ:







5. Բազազը



Սկզբում՝ սովետի տարիներին, Բազազը գողական դառնալու հավակնություններով մանր գող էր, հետո տեսավ բան դուրս չի գալիս, ու ավտարիտետով գողականի կարերա երբեք չի կարող անել, մտավ ոստիկանություն ու մանր գողից հասավ մինչեւ միլպետի պաշտոնի: Վատ գողացող չէր եղել Բազազը ու միլպետի պաշտոնում էլ վատ չէր «աշխատել», բայց եթե ճիշտն ասենք՝ միշտ էլ նրա հոգուն ավելի հարազատ էր եղել առեւտուրը՝ բիզնեսը: Էն տարիներին, երբ գողությամբ էր զբաղվում, նրա մոտ ավելի հաջող էր ստացվում գողացածը սաղացնելը, եւ ապրանքը ծախելուց է՛լ ավելի մեծ հաճույք էր ստանում, քան թե բուն գողությունից: Իզուր չի, որ Բազազ մականունը նրան այն ժամանակ էին տվել, երբ նա ոչ միայն հարուստ չէր, այլեւ սոված-ծարավ չափչփում էր փողոցները, որ մի անուշադիր մարդ, մի անտեր ապրանք տեսնի` թռցնի:



Թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունում աշխատելու տարիների Բազազը Հայաստանում թմրանյութերի սեւ բիզնեսի գերակշիռ մասը իր ձեռքի տակ էր վերցրել: Թմրանյութն իր մարդկանց միջոցով վաճառում էր Բազազը, հետո իր գնորդներին բռնում եւ մեծ փողերի դիմաց բաց թողնում: Մի ձեռով երկու ձմերուկ էր բռնում՝ կրկնակի եկամուտ էր ստանում: Այդ տարիներին նա սկսեց նաեւ Թուրքիայից ապրանք ներկրել Հայաստան: Նրա «ուդոն» եւ ուսադիրների աստղերն ամեն տեղ կանաչ լույս էին վառում նրա համար, լիներ դա տոնավաճառների տերերի, թե հարկայինի տղաների մոտ: Միլպետ եղած ժամանակ Բազազը լրիվ հաբռգեց, աջ ու ձախ նրա թուրը կտրում էր անպատիժ: Նա չափ ու սահմանը անցել էր, կորցրել ամեն զգուշավորություն:



Միլպետ եղած ժամանակ, նույնիսկ, Բազազն ավելի շատ գործարար էր քան թե օրենքի պաշտպան՝ քրեական գործեր էր, որ արարում էր անմեղ մարդկանց գլխին եւ այդ գործերը կարճելու դիմաց խոշոր գումարներ վերցնում: Մեկ անգամ սխալվեց Բազազը, երբ այդ ժամանակվա ոստիկանապետի շահերին հակասող քայլեր արեց ¥այդ պատմության մանրամասները մութ մնացին), բայց այդ մեկ անգամը հերիք էր, որ նրան թոշակի ուղարկեն: Միլիցիայի գեներալ եւ ոստիկանապետ դառնալու նրա երազանքը մնաց անկատար, բայց Բազազը այն մարդկանցից չէր, որոնք շուտ հուսահատվում են: Նա իրեն ամբողջությամբ նվիրեց ստվերային բիզնեսին եւ սկսեց բարգավաճել:



Ուկրաինայից ներկրված ու ստրկացված պարուհիներով երկու գիշերային ակումբ, մանր ու մեծ խանութներ, կոշիկի արտադրամաս, վատորակ սպիրտով «ընդհատակյա» օղու եւ լիմոնադի արտադրամաս, բենզալցակայան, սրճարան, Թուրքիայից ներկրվող ապրանքներ՝ ահա նրա բիզնեսների համառոտ ցանկը: Հետո գործերն ավելի լավ գնացին, եւ Բազազը նույնիսկ իր մի քանի բիզնեսները օրինական դաշտ բերեց ու սկսեց հարկեր վճարել, որ շատ աչքի չընկնի: Կարճ ժամանակում Բազազը խոշոր բիզնեսմեն դարձավ, եւ որոշեց, որ եկել է ժամանակը Ազգային Ժողով մտնելու եւ պատգամավորական տանիք ունենալու: Քանի որ Բազազի երիտասարդությունը երրորդ մասում էր անցել, իսկ երրորդ մասի հրապարակը Գարեգին Նժդեհի անունն է կրում, եւ քանի որ ՆԺդեհի ցեղակրոն ուսմունքի հավատարիմ հետեւորդն էր, նա որոշեց անդամագրվել Հանրապետականի շարքերը:



Այո, մի զարմացեք, Բազազը միշտ էլ ցեղակրոն ուսմունքի հետեւորդ է եղել, նրա կրոնը իր ցեղն է եղել, իր ազգուտակը ու բարեկամությունը, որոնց համար միլպետ եղած տարիներին շատ բան էր արել: Իսկ եթե լուրջ, Բազազը լուրջ երկնտրանքի առջեւ էր կանգնած եղել՝ ՀՀԿ, թե ԲՀԿ: Ի վերջո տեսնելով, որ ՀՀԿ-ում իր նախընտրած ընտրատեղամասը աչքադրած ուրիշ մեկը չկա` Բազազը ընտրել էր ՀՀԿ-ն:







6. Տվին Բազազին





Գիքորը, Համբոն եւ նրանց ազգական Սաքոն մեկ ժամից ավել էր, ինչ Բազազի շքեղ, պարսպապատ առանձնատան պահակակետի մոտ կանգնած սպասում էին` մինչեւ նա կբարեհաճեր նրանց ընդունել: Սաքոն Բազազի միլպետ աշխատած տարիներին նրա ձեռքի տակ էր աշխատել եւ հիմա էլ շարունակում էր մանր-մունր ծառայություններ մատուցել նրան: Իմանալով, որ Բազազն իր բիզնեսները մեծացնելուն զուգահետ նոր մարդկանց կարիք էլ է սկսում զգալ, նա Գոքորի համար բարեխոսել էր, եւ Բազազը չէր մերժել: Սաքոյի համար Բազազի բարեհաճությանը սպասելը սովորական բան էր, բայց Սաքոյին գյուղում կարեւոր մարդ գիտեին, եւ հիմա նա վատ էր զգում, որ ազգականների ներկայությամբ իրեն սպասեցնում են:

Առանձնատան դիմաց կայանված մեքենաների մոտ կանգնած էին Բազազի սեւազգեստ, սափրագլուխ թիկնապահները՝ Վասոն ու Վաչոն: Գոքորը պահակակետի մոտ կանգնած հետեւում էր նրանց շարժուձեւին, փորձում էր որսալ նրանց խոսակցությունը: Վասոն Վաչոյից բարձրահասակ էր, մշտապես ժպիտը երեսին եւ եթե դեմքի երկար՝ ճակատից մինչեւ կզակը իջնող սպին չլիներ, նրա դեմքը վախ չէր ներշնչի: Եթե սպին չլիներ, Բազազը նրան թիկնապահ չէր էլ վերցնի: Վաչոն չնայած որ ցածրահասակ էր, տեսնողի աչքին հսկա էր երեւում, որովհետեւ լայնաթիկունք էր, անպարկեշտության աստիճանի ուռած, պիրկ մկաններ ուներ եւ դեմքը բութ դաժանություն ու դաժան բթություն էր արտահայտում: Գոքորը նայում էր նրանց, նայում եւ չէր պատկերացնում, թե ոնց պիտի նրանց հետ հարաբերվի:

Վերջապես Սաքոյին ասացին, որ նրանք կարող են բարձրանալ Բազազի մոտ: Համբոն ուզում էր Սաքոյի ու Գոքորի հետ վերեւ բարձրանալ, բայց Սաքոն չթողեց.

-Դու սպասի, մի բարձրացի,-ասաց Սաքոն,-աննպատակ խոսալու ես, գործը փչացնես:

Գոքորն ու Սաքոն բարձրացան առանձնատան երրորդ հարկը, որտեղ Բազազի աշխատասենյակն էր: Մինչ տեղ հասնելը, Սաքոն խրատում էր Գոքորին, թե ոնց պետք է իրեն պահի.«Շեֆի մոտ ձիգ կկանգնես, որ բոյդ ու ջանդ տեսնի, հարց կտա՝ կպատասխանես, չէ` ուրեմն սուս կմնաս, ավել անունով չդիմես, մինչեւ չասի՝ չնստես, որ խոսացնի՝ կասես, որ բարբի ես գնացել, կարող ա մարդ կանչի, քեզ գործի մեջ փորձի, աշխատի մի հետից գետնովը տաս դրան»:

Նրանք անցան փորագրերով զարդարված դռնով եւ մարմարյա աստիճաններով բարձրացան վերեւ: Ամեն ինչ անծանոթ էր Գոքորին, ամեն ինչ գրավում էր նրա հայացքն ու միտքը, եւ Սաքոյի խրատները սահում էին նրա ականջների կողքով:

-Արա, ինձ լսի,-ասաց Սաքոն,- տունը դեռ կհասցնես աչքի անցկացնել:

Վերջապես հասան Բազազի աշխատասենյակի դռանը, որտեղ նա հանգստանում էր: Սաքոն դուռը զգուշորեն թակեց՝ այնպես, որ ձայնը լսվի, բայց Բազազին բարձր չթվա:

-Ով ա, ներս արի,-լսվեց Բազազի ձայնը:

Գոքորը, գյուղից Երեւան գալու ճանապարհի ընթացքում Բազազի մասին իր լսած տարաբնույթ խոսակցությունները իմի բերելով, փորձել էր իր մտքում պատկերացնել նրա կերպարը: Բազազի ձայնի մեջ հեգնանք կար եւ Գոքորը փորձեց այդ նոր «գույնը» ավելացնել իր պատկերացրած Բազազին, բայց դրա ոչ ժամանակը կար, ոչ էլ կարիքը, որովհետեւ Սաքոն դուռը բացեց եւ նրանք ներս մտան աշխատասենյակ:









7. Աշխատանքային հանգստասենյակը





Սաքոն Բազազի աշխատասենյակի դուռը բացեց, եւ նրանք ներս մտան: Գոքորը հայացքով փնտրեց Բազազին, բայց Բազազը չկար: Գոքորը հետաքրքրությամբ չորս բոլորն էր նայում, հայացքով փնտրում էր իր ապագա շեֆին ու միաժամանակ սենյակն էր ուսումնասիրում:

Բազազի աշխատասենյակը, ուր նա հանգստանում էր, հյուրեր էր ընդունում եւ որոշումներ էր կայացնում, շքեղության, ճոխության եւ անճաշակության հավասարը չունեցող մի ցցուն նմուշ էր: Սենյակի մի հատվածը նվիրված էր Բազազի ձեռքբերովի հոբիին՝ որսագողությանը: Քոչարյանի արատավոր զբաղմունքը վարակիչ էր եղել նրա համար, բայց իտարբերություն նախկին նախագահի, Բազազը միլիարդներ չուներ, որ աֆրիկաներում էկզոտիկ կենդանիներ սպաներ, նա բավարարվում էր մեր լեռների կուսական բուսականությամբ եւ տեղական-ցեղական կենդանիներով: Պատից կախ թուրքական ու հնդկական գորգերի ֆոնին ցուցադրվում էին նրա գործող հրացաններն ու թուր-թվանքը, որոնց մի մասը հնություն էր, իսկ մնացածը` հնությանը նմանեցրած նոր աշխատանքներ: Գորգերի վերեւում՝ միջնադարյան «անշուք» ամրոցի պատի ձեւ տված պատին գլխատված կենդանիների գլուխներ էին՝ արջի, եղնիկի, վարազի եւ նապաստակի ու արջի մորթիներ: Ցուցադրվող նմուշների մեծ մասը Բազազը իհարկե գնել էր, բայց հյուրերի առջեւ պարծենում էր, թե որսացել է: Գիպսե նախշերով զարդարված առաստաղից ոսկեգույն շատ մեծ ոսկեգույն ջահ էր կախված: Պատերից մեկը բիբլիական սարի պերճաշուք պատկերով երկվորյակ վերնիսաժային մասիսանկարներ էին զարդարում: Սենյակի հատակի կեսը կաղնեփայտե մանրահատակ էր, կեսը իսպանական բարձրորակ սալիկ: Որսավարի ցուցանմուշների դիմաց թանկարժեք խմիչքների ցուցափեղկով ժամանակակից բարն էր, կողքի պատի մոտ` աշխատանքային սեղանը, որի վրա դրված էին փոքրիկ եռագույնը եւ միլպետ աշխատած տարիներից մնացած մի լուսանկար, որտեղ ոստիկանի համազգեստով Բազազը սեղմում էր հանրապետության գլխավոր դատախազի ձեռքը: Սեղանի դիմաց երկու կաշեպատ բազկաթոռ էր դրված, իսկ իր բազկաթոռի վրա Բազազը մյուսներից տարբերվելու համար ինչ-որ կենդանու մորթի էր գցել տվել: Բազազի աթոռի վերեւում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր, որ Բազազը վերջերս՝ քաղաքականություն մտնելուց հետո էր փակցրել: Սենյակը ամբողջացնում էին հեռավոր անկյունում սարքված ջակուզիի էֆեկտներով լողավազանը եւ լողավազանի հարեւանությամբ մարզասարքերը: Իհարկե Բազազը տանը առանձին լողավազան, խոհանոց ու բար ուներ. այդ սենյակում Բազազը փորձել էր հավաքել լավագույնը:

Գոքորը հիացած նայում էր այդ ճոխությանը եւ աչքը չէր կշտանում: Նա մտածում էր, որ երբ հարստանա, գյուղի իրենց տունը այդ տեսակ ճոխ ու շքեղ է սարքելու:







8. Վերցրեց



Գոքորն ու Սաքոն տարակուսած չորս բոլորն էին նայում եւ չէին հասկանում, թե որտեղ կարող էր լինել Բազազը: Աշխատասենյակն ընդամենը մեկ դուռ ուներ եւ այդ դռնից իրենք ներս էին մտել: Հանկարծ ջրի չփչփոց լսվեց, մեքենայորեն Գոքորն ու Սաքոն նայեցին լողավազանի կողմը որի միջից աստիճաններով բարձրանում էր մորեմերկ Բազազը՝ անամոթաբար ցուցադրելով իր տձեւ մարմնի ճլորած մանրամասները: Ինչպես որսագողությունը, տկլոր՝ անկաշկանդ սեռական օրգաններով լողանալու սովորությունն էլ Բազազի մոտ սովորովի ու ընդօրինակովի էր: Գոքորը գլուխը ներքեւ կախեց, իսկ Սաքոն շտապ քայլեց դեպի Բազազը կախիչից կախ արած սրբիչը նրան մատուցելու: Բազազը սրբիչով փաթաթվեց ու բազմեց լողավազանի մոտ դրված բազմոցին: Իր պատկերացրած Բազազի ու իրական Բազազի տարբերությունը այնքան մեծ էր, որ Գոքորը տեսածին չհավատաց: Բարակ, ծուռմռտիկ ոտքեր, կախ եղած մսերով ուռած փոր, հաստ վիզ, գոնչո գլուխ, փոքրիկ, լոշտո ականջներ, խոշոր անհանգիստ մկան աչքեր, որոնք զննող-քննող հայացքով ուշադիր նայում էին Գոքորին: Գոքորը, նրա հայացքին չդիմանալով, նորից գլուխը կախեց եւ կենտրոնացավ նրա ծուռ ոտքերի վրա:

-Գլուխտ բարձրցրա, սֆաթդ տենամ,-ասաց Բազազը:

-Ձիգ կանգնի, Գոքոր,-կողքից բզեց Սաքոն:

Գոքորը ձիգ-ձիգ կանգնեց: Ամբողջ կյանքում այլանդակի բարդույթով տառապող Բազազն ատելությամբ ու հիացմունքով նայեց Գոքորին:

-Շորդ հանի՝ ջանդ տենամ,- պահանջեց Բազազը:

Գոքորը շփոթվեց ու մոլորված նայեց Սաքոյին: Սաքն նորից բզեց նրան. «Հանի արա, շեֆը ինչ ասում ա` արագ արա»: Գոքորը շապիկը հանեց, եւ Բազազի հիացմունքը կրկնապատկվեց, դրա հետ նաեւ ատելությունը:

-Շլվարդ էլ իջցրու,-շարունակեց ստորացնել Բազազը:

Գոքորը շալվարը նույնպես իջեցրեց: Բազազը «Խչո» ձայն տվեց, եւ մի քանի վարկյան անց ներս մտավ Խչոն՝ բարձրահասակ ու լղար մի տղա, ով Բազազի տանը ծառայի պես մի բան էր:

-Կարա՞ս մարդ ծեծես,-հարցրեց Բազազը Գոքորին:

-Մարդն ինչ ա՞, որ չծեծի,- Գոքորի տեղը պատասխանեց Սաքոն:

-Սրա ջարդը քա՞նի րոպեում կտաս, ինչքա՞ն ժամանակում կծեծես,-հարցրեց Բազազը:

-Ինչի՞ համար ծեծեմ,- տարակուսեց Գոքորը:

-Զա կայֆ:

Գոքորը շալվարը բարձրացրեց, շապիկը հագավ ու խեղճ-խեղճ նայեց Սաքոյին:

-Արա, էսի լրիվ դեբիլ ա, սրան որպես ի՞նչ ես բերել,- ասաց Բազազը Սաքոյին:

-Կսովորի, շեֆ ջան, Վաչոյի ու Վասոյի հետ ընկնի` կսովորի,- ջանուղուրբան արեց Սաքոն,- էդ մի լավությունը արա, ցավդ տանեմ, դեռ էրեխա ա՝ իրա լավն ու վատը չի ջոկում:

-Լավ,- ասաց Բազազը,- տար, տեղավորի:





9. Մենակ մնաց





Սաքոն Գոքորին իջեցրեց Համբոյի մոտ, որ հորը հրաժեշտ տա: Համբոն, դեռեւս սովետական տարիներից անփոփոխ «Պրիման» ծխելով, անհամբեր ետ ու առաջ էր քայլում: Գիքորին տեսնելով` Համբոն ընդառաջ գնաց նրանց, եւ հայր ու որդի ամուր գրկախառնվեցին, կարծես հազար տարի չէին տեսել իրար կամ էլ` չէին տեսնելու:

-Հը՞,-հարցական Սաքոյին նայեց Համբոն:

-Վերցրեց,- ասաց Սաքոն,-հիմա հրաժեշտ տվեք իրար, պիտի տանեմ Գոքորին տեղավորեմ:

-Գոքոր ջան, խելոք կլես, քեզ տաք կպահես, շեֆիդ լսող կլես, կարող ա հանձնարարություն տա, քո սրտով չլի՝ դիմացի, ձեռդ ընկած փողը քամուն չտաս,-խրատում էր Համբոն Գոքորին:

-Ժամանակ չկա, Համբո ջան, ես ինչ-որ պետք ա կբացատրեմ,-ասաց Սաքոն ու թեւը Գոքորի վզովը գցելով` նրան տարավ Բազազի թիկնազորի տղաների սենյակը:

Թիկնազորի սենյակում Վաչոն ու Վասոն էին, որոնք, սենյակի կենտրոնում դրված սեղանի մոտ դեմ դիմաց նստած, ձեռքի ուժ էին փորձում: Սաքոն ներս մտնելով բարեւեց, բայց տղաներն այ