Մարդը՝ որպես անպետք իր

Մարդը՝ որպես անպետք իր
Մարդը մեր երկրում արժեք չէ: Արժեք է պաշտոնը, ունեցվածքը, անգամ միջանձնային հարաբերություններն ավելի մեծ արժեք են, քան ինքը՝ մարդը: Երբ տեսնում ես, թե ինչ հեշտությամբ են մարդուն ցավ պատճառում, արհամարհում, աշխատանքից ազատում եւ «աղբանոց» նետում, ապշում ես պետական պաշտոնյաների բարոյականության եւ խղճի վրա: Ասենք, մարդը տասնյակ տարիներ ծառայել է, կարեւոր չէ ում՝ երկրին, աթոռին, մասնագիտությանը, իշխանություններին, «ախպերությանը», բայց մի փոքրիկ վրիպում, մի չնչին սայթաքում կարող է պատճառ դառնալ, որ նրա վզին տալով հեռացնեն իր զբաղեցրած պաշտոնից: Եվ այդ ընթացքում անգամ հոգ չտանեն, թե այդ մարդը հետո ինչով է զբաղվելու, ինչպես է ապրելու: Կարճ ժամանակ անց այդ մարդու մասին մոռանում են բոլորը՝ նախկինում նրան քծնած ենթակաները, նրա բարեհաճությունը շահելու համար կռիվ տվող ընկերները, անգամ կինն ու երեխաները սկսում են քամահրանքով վերաբերվել պաշտոնը, փողն ու հեղինակությունը կորցրած անձին: Եվ այդ վիճակը կարող է պատճառ դառնալ մարդկային մեծ ողբերգության, ինչը ժամանակին ապրեց հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանը: Շատերը կասկածեցին, թե նման կենսախինդ մարդն ինչպես կարող էր ինքնասպան լինել: Մարդ, որից հումոր էր ճառագում: Մարդ, որը խելք ու գաղափարներ էր շռայլում: Մարդ, որն անչափ սիրում էր կյանքը, մարդկանց, իր մասնագիտությունը, ինքնասպան եղավ՝ կյանքի ծաղկուն շրջանում հեռանալով այս աշխարհից: Շատերի համար այդ առեղծվածը մի պարզ բացատրություն ուներ՝ նա կորցրել էր ապրելու իմաստը: Ակտիվ ու եռանդուն մարդը, որ սովոր էր միշտ օգտակար ու պահանջված լինել, հանկարծ դարձել էր անպետք ու չպահանջված: Եվ հասկացել էր, որ այլեւս մի անելիք ունի՝ հեռանալ իրեն ցավ պատճառած աշխարհից: