12 տարում դառնալ մուլտիմիլիարդատեր

12 տարում դառնալ մուլտիմիլիարդատեր
Երբ 1995-ին պրոֆեսորների որդիներ, նախկին մոսկվայաբնակ Սերգեյ Բրինը եւ ԱՄՆ Միչիգան նահանգում ծնված Լարի Փեյջը ծանոթացան Ստենֆորդի համալսարանում, նրանց մոտակա նպատակն ընդամենը դոկտորական կոչում ստանալն էր, քանի որ նրանց ընտանիքներում ոչինչ այնքան թանկ չէր գնահատվում, որքան կրթությունը: Նրանցից ոչ ոք այն ժամանակ դեռ չգիտեր, որ ընդամենը համատեղ իրականացվող դիպլոմային աշխատանքը տարիներ անց կդառնա դարի ամենախոշոր եւ եկամտաբեր համացանցային նախագծերից մեկը, որի անվանումը ծանոթ կլինի նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաներին, իսկ «գուգլ» տերմինն ավելի շատ կսկսի ասոցացվել ոչ թե 10-ը 100 աստիճանում թվի, այլ փնտրող համակարգի հետ:


Այսօր լրացավ «Google» համակարգի գոյության 12 ամյակը, որոնց ընթացքում երկու ծրագրավորող ընկերները բազմաթիվ վերելքներ եւ անկումներ, դժվարություններ ու ձեռքբերումներ ունեցան: Դեռ ամենասկզբում նրանք չէին կարողանում մարդկանց համոզել, որ իրենց փնտրման ալգորիթմն էականորեն տարբերվում է մյուս փնտրող համակարգերից, եւ առաջինները, ովքեր հավատացին նրանց ուժերին եւ հնարավորություններին, տղաների ծրագրավորման դասախոսներն էին, որոնցից մեկն էլ` Դեւիդ Ֆիլոն, լինելով համատեղությամբ նաեւ գործարար, հետագայում ներդրում կատարեց Սերգեյի եւ Լարիի նախագծում՝ սկզբում 100 հազար, իսկ ավելի ուշ` եւս մեկ միլիոն դոլար:


Այսօր Google-ն արդեն պարզապես փնտրող համակարգ չէ, չնայած այդ ոլորտում եւս առաջատար է համարվում: Ընկերությունը ստեղծել է սեփական, բազմաստիճան պաշտպանվածությամբ փոստային համակարգը, ունի այցելուների ժամանցն ու համացանցի օգտագործման հնարավորություններն ընդլայնող բազմաթիվ ածանցյալ ներդիրներ, սեփական ինտերնետ բրաուզերը, գնել է «Youtube» վիդեո հոսթինգը եւ կանգ չի առնում ձեռքբերումների վրա` անընդմեջ զարգանալով եւ ընդարձակվելով: Երկու տաղանդավոր երիտասարդների տքնաջան աշխատանքի, ապագայի նկատմամբ հավատի, սեփական ուժերի վրա համոզվածության եւ նրանց վստահող մարդկանց շնորհիվ նախագծի մեկնարկից 10 տարի անց արդեն «Google» բրենդն արժեր 66,5 միլիարդ դոլար:


Ակամայից մի պատկեր է գալիս աչքիդ առաջ: Մեր հայրենի օլիգարխներից մեկին են մոտենում երկու երիտասարդ, տաղանդավոր կադրեր եւ ասում` մենք ինտերնետ նախագծի գաղափար ունենք, ներդրում կատարեք, խնդրում ենք, եւ Դուք 12 տարի հետո միլիարդատեր կդառնաք: «Ապեր, ես էդքան փողով թազա արաղի ցեխ կբացեմ»,- թերեւս անխուսափելիորեն կհնչի համանման մի պատասխան: Ծնունդդ շնորհավոր, Google: