Ուսանելի դաս

Ուսանելի դաս
Դեռ մեկ-երկու ամիս առաջ գերհզոր եւ անձեռնմխելի թվացող Յուրի Լուժկովի ժամանակաշրջանն անսպասելի ու անկանխատեսելի ավարտ ունեցավ: Ռուսական անդրկուլիսային իրադարձություններից ավելի դժվար է գլուխ հանել, քան փոքրիկ Հայաստանից, սակայն հետխորհրդային երկրներից մենք ավելի շատ ենք նման Ռուսաստանին, ուստի հարկ է Լուժկովի հետ կատարվածն ուշիուշով ուսումնասիրել: Մի կողմից, այս պաշտոնաթողությունը միանշանակ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը եղել եւ մնում է բռնապետություն, որտեղ կամայականությունն ու ցարի կամքն են իշխում, այլ ոչ թե օրենքը: Հակառակ պարագայում մի քանի անգամ շռնդալից հաջողությամբ քաղաքապետ ընտրված մարդուն, որը միլիոնավոր համակիրներ ունի ՌԴ մայրաքաղաքում, այդպես հեշտությամբ աղբանոց շպրտելը անհնարին կլիներ: Սա նշանակում է, որ ինչպես մեզանում, այնպես էլ Ռուսաստանում, հասարակությունն ու իր կարծիքը զուգարանի թղթից պակաս արժեք ունեն: Սակայն ոմանք այս պաշտոնաթողության մեջ դրական տարրեր են տեսնում: Ասենք այն, որ այդ նույն հասարակության գիտակցության մեջ կամրագրվի, որ անձեռնմխելի մարդիկ, հավերժ պաշտոնյաներ չկան եւ ցանկացած քրեածին տարր մի օր կարող է արժանանալ նույն ճակատագրին: Այս առումով, գուցե ճիշտ են նրանք, ովքեր հիանում են արտաքուստ փխրուն եւ թույլ Դմիտրի Մեդվեդեւի այս քայլով: Չէ որ նա կարող էր մտավախություններ ունենալ, որ նման հզոր տնտեսական ու քրեաքաղաքական լծակներ ունեցող անձին իշխանությունից զրկելը կարող է ապակայունացնել երկրի վիճակն ու բարդացնել կառավարումը: Սակայն ՌԴ նախագահը գնաց այդ քայլին՝ վտանգելով իրեն, միաժամանակ հիացնելով իր համարձակությամբ: Գուցե արժեր, որ կադրային հարցերում Սերժ Սարգսյա՞նն էլ սկսեր գնալ վճռական քայլերի: