Արջի հետ մենամարտն ավարտվեց մարդու հաղթանակով

Արջի հետ մենամարտն ավարտվեց մարդու հաղթանակով
35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանը հոկտեմբերի 15-ին սովորականի պես եգիպտացորենի արտն է մտել, որպեսզի աշխատանքի գնա: Իր իսկ պատմելով, մարդիկ պիտի գային, որ սիլոսը հավաքեին: Սակայն, երբ առավոտյան 8:30-ին մտնում է արտը, նկատում է, որ ցողունների մեծ մասը տապալված է գետնին: «Մտա, տեսա՝ մտածեցի, որ անասունների արածը կլինի։ Մտածում էի՝ տեսնես ում կովն է մտել: Ոչ մի հետք չկա, ու առաջ գնացի: Հանկարծ արջը հարձակվեց վրաս»,-պատմում է Տիգրանը: Նա չէր կասկածում, որ կարող էր արջ մտնել արտը, քանի որ այդ կողմերում՝ Արաքս գետի մերձակայքի ազատագրված տարածքներում, գիշատիչ կենդանիներ երբեք  չէին  հանդիպել:



Մանավանդ, որ 3 հա հողամասը անտառից հեռու է։  4 օր հետո, երբ արդեն բժիշկները վիճակը բավարար էին գնահատել, չէր հիշում՝ վախեցե՞լ է, թե՞… Այդ պահին միայն փրկվելու մասին է մտածել: «Ոտիցս բռնեց, ես փորձեցի պաշտպանվել ու ձեռքով խփեցի մռութին: Բաց թողեց ոտքս ու ձեռքս բռնեց, հետո աջ ձեռքով պայքարեցի, ու նա փախավ»,-ասում է տուժածը: Տիգրանի հաշվարկով՝ գոտեմարտը 10-12 վայրկյան է տեւել:



Հակառակ դեպքում, անկասկած, արջը նրան կհոշոտեր: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի խոսքով,  չնայած վտանգն անցել է, բայց հիվանդը պետք է դեռ հսկողության տակ լինի։ Արջը բազմակեր կենդանի է, ուտում է ամեն ինչ, ու կարեւորը պրոֆիլակտիկ միջոցառումներն են։ Պետք է զգուշանալ նաեւ կատաղությունից ու փայտացումից։ «Ձախ դաստակն ամբողջովին երախի մեջ է մտցրել, ծամել, մեծ վերքեր են առաջացել։ Նաեւ ձախ ազդրն է վնասել, բաց վերքեր են»,-ասում է բժիշկը:



Սարիկ Աթաջանյանը պատմում է, որ հազվադեպ են արջերը Կապանի տարածաշրջանում հարձակվում մարդկանց վրա: Կամ էլ եթե դեպքեր գրանցվում են, հիվանդանոց չեն բերում: Նման մի դեպք եղել է 1981-ին Գեղանուշ գյուղում: Տուժածին օգնության է հասել շունը ու փրկել: Այս մի քանի օրը, զրուցելով Տիգրանի հետ, բուժաշխատողները  եկել են մի եզրահանգման՝ ենթադրում են, որ արջը շատ կուշտ է եղել: Հակառակ դեպքում Տիգրանին կուտեր: Եվ մի բան էլ. արջը երեւի մարդուց վախեցել է ու փորձել է պաշտպանվել: Ու տեսնելով վիրավոր Տիգրանին, մտածել է, որ չի կարող հետապնդել նրան, ու հեռացել է: «Գորշ արջ էր, չեմ կարա չափը ասեմ, բայց այնքան էլ մեծ չէր»,-ասում է Տիգրանը:



Հիմա իրեն արդեն լավ է զգում: Գոհ ու  շնորհակալ է Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմից` կյանքը փրկելու համար: Բայց դե, կես կատակ,  կես լուրջ էլ  հպարտանալու բան ունի։ Հանաք բան չէ. արջի հետ է մենամարտել, թեկուզ ընդամենը մի քանի վայրկյան։