Ո՞ւմ ընկերն է ի վերջո Պզոն

Ո՞ւմ ընկերն է ի վերջո Պզոն
Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են ԱՄՆ-ում վերջերս ձերբակալված հայտնի հանցագործ, օրենքով գող Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հետ իրենց կապի մասին Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի հայտարարությունները: Եթե, օրինակ, Քոչարյանի մամուլի քարտուղարն ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցման հայտարարում է, որ Պզոն ոչ միայն կապ չունի իր տիրոջ հետ ու կտրականապես հերքում է այն տեղեկությունները, որ նա եղել է Քոչարյանի որդու՝ Սեդրակի հարսանիքի պատվավոր հյուրերի ցանկում, ապա Սերժ Սարգսյանի հավատարիմ կուսընկեր Շարմազանովը տարածում է՝ «Պզոն բարգավաճել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին»:



Տարօրինակ կլիներ, եթե Քոչարյանի մամուլի քարտուղարը դրական պատասխան տար, ասեր. գիտե՞ք, իսկապես, պարոն Քոչարյանը ջերմ, բարեկամական կապեր ունի Պզոյի հետ: Կամ, ասենք՝ Շարմազանովին նույն հարցն ուղղելիս լրագրողն ակնկալեր, որ սա պիտի ամենայն անկեղծությամբ խոստովանի, որ Սերժ Սարգսյանն, օրինակ,  առանց օրենքով գողերի հետ խորհրդակցելու է իրականացնում թաղային հեղինակություններին  նախընտրական գործընթացներին մասնակից դարձնելու իր ծրագիրը: Նման կապերը հերքող հայտարարությունները թերեւս արժանահավատ կարող էին լինել, եթե դրանք հնչեցներ ՀՀ գլխավոր դատախազը:



Բայց ինչպես տեսնում ենք, նա ծպտուն չի հանում: Իսկ Շարմազանովի ձեռամբ մթնոլորտ նետված այս լուրը տարակուսանք էր առաջացրել Պզոյի հարազատ Սարի թաղի «լավ տղերքի» շրջանում: Սարիթաղցի Կյաժը, որը չցանկացավ անուն-ազգանունով ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ Պզոն Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին էլ թաղում հարգված տղա էր, բայց ստիպված եղավ հեռանալ Հայաստանից, որովհետեւ «ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետապնդում էր գողականներին»:  Նա ասաց, որ Պզոն վերջին տարիներին է միայն սկսել այցելել հայրենիք:



Ըստ մեր աղբյուրների, վերջին անգամ նա Հայաստան է եկել այս ամառ, Ալրաղացի Լյովի հետ այցելել է Սեւան, քեֆ արել, ետդարձի ճանապարհին Սեւանի ՃՏՈ կետում բարձրաստիճան ոստիկանները նրանց դիմավորել են ճոխ սեղաններով: Պզոն հարբած վիրավորել է ոստիկաններին ու Ալրաղացի Լյովը ստիպված է եղել նրա փոխարեն ներողություն խնդրել ու սփոփելու համար մի կապ հարյուր դոլարանոց է բաժանել նրանց: «Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Վանո Սիրադեղյանը Հայաստանում իրականացնում էր այն, ինչ տարիներ հետո իրականացրեց Սահակաշվիլին՝ Վրաստանում:



Վանո Սիրադեղյանը, եթե հիշում եք, երկրից արտաքսեց կամ բանտարկեց բոլոր օրենքով գողերին»,-մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի զինվորական դատախազության նախկին պետ, Ֆրանսիական ժանդարմերիայի ակադեմիայի շրջանավարտ, գնդապետ  Աշոտ Զաքարյանը: Նա ասաց. «Շարմազանովին եթե հարցնես, թե ինչո՞ւ ինքը չի ծառայել հայկական բանակում, առանց վարանելու կարող է ասել, որ դրանում մեղավոր են նախկին իշխանությունները»:



Մեր հարցին, թե Պզոն ե՞րբ է հեռացել Հայաստանից ու ի՞նչ պատրվակով, Աշոտ Զաքարյանը պատասխանեց. «Պզոյի վրա ես առանձնապես ուշադրություն չեմ դարձրել, որ ֆիքսեմ, թե երբ է հեռացել: Ես ի՞նչ իմանայի, որ նրա անվան հետ կապվելու է ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած հանցագործությունը: Ես նրան չեմ էլ ճանաչել: Կարող եմ միայն ասել, որ կրիմինալին կապել նախկին իշխանությունների հետ, անբարոյականության ամենաստորին աստիճանն է: Նույնիսկ հասարակության այն հատվածը, որ վախենում է իրենցից կամ բռնել է հարմարվողի դիրքը, չի հավատա այդ հերյուրանքներին այն պարզ պատճառով, որ վաղուց բոլորին է հայտնի իրենց գործելաոճը»:



Շիրակի մարզի զինվորական դատախազության նախկին պետի կարծիքով, եթե ռեժիմին հայտնի լիներ, որ նախկին իշխանությունները կապ են ունեցել կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, վաղուց այդ փաստը դարձրած կլինեին ընդդիմությանը վարկաբեկելու միջոց: Վերադառնալով Պզոյին՝ հիշեցնենք, որ  Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել մեր երկիր եւ այստեղ անշարժ գույք են գնել ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ձեռք բերած գումարներով: Հիշեցնենք նաեւ, որ Բհարարան հրաժարվել է պատասխանել հարցին, թե գործի քննության ընթացքում Հայաստանի իրավապահներն աջակցություն ցուցաբերել են իրենց, թե ոչ: