Նոր մանրամասներ Խալաֆյանի դահիճների «հերոսական» կենսագրությունից

Նոր մանրամասներ Խալաֆյանի դահիճների «հերոսական» կենսագրությունից
Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում բերման ենթարկվածներին խոշտանգելու ու նրանց ինքնասպանության հասցնելու լուրջ ավանդույթ կա: Այդ ավանդույթը հանրությանը հայտնի դարձավ  Վահան Խալաֆյանի օրինակով ու միայն այն պատճառով, որ նրա ընտանիքը աղմուկ բարձրացրեց: Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի փաստաբաններ Գայանե Խաչատրյանը եւ Նինա Կարապետյանը երեկ մեզ պատմեցին, որ մինչ Վահան Խալաֆյանի հետ կապված դեպքը, նույն բաժանմունքում ծեծի են ենթարկվել իրենց պաշտպանյալներ Խաչիկ Հովսեփյանը եւ Ավետիք Գեւորգյանը, որոնց բերման են ենթարկել թմրանյութերի իրացման կասկածանքով:



Փաստաբան Գայանե Խաչատրյանը հավաստիացնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցվել է շինծու մեղադրանք, որը սակայն, զուրկ է իրավական հիմքերից: Գայանե Խաչատրյանը պատմեց, որ ցուցմունք կորզելու եւ գործն իրենց ցանկացած հիմքով կազմելու նպատակով Խաչիկ Հովսեփյանին ծեծել են Վահան Խալաֆյանի դահիճները՝ Աշոտ Հարությունյանը եւ Մորես Հայրապետյանը, որոնց իր պաշտպանյալը ճանաչել է Խալաֆյանի գործի դատաքննության ժամանակ արված լուսանկարներից: Նա նաեւ տեղեկացրել է, որ բացի այդ երկուսից, իրեն դաժանաբար ծեծել են ոստիկանության բոլոր այն աշխատակիցները, ովքեր ելումուտ են արել այն սենյակ, որտեղ իրենց պահել են:



Փաստաբան Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ Աշոտ Հարությունյանն ու Մորես Հայրապետյանն իր պաշտպանյալին ոչ միայն ծեծել են, այլեւ ձեռնաշղթայով գամել ջեռուցման մարտկոցին ու օրերով  պահել: Ըստ փաստաբանի, ծեծին ու խոշտանգումներին չդիմանալով, իր պաշտպանյալը ջարդել է պատուհանի ապակին ու փորձել ապակու կտորով ինքնասպան լինել, սակայն որովայնի շրջանում հասցրած վերքը խորը չի եղել ու բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Ամենայն հավանականությամբ, ինքնասպանության այս փորձն էլ Չարենցավանի ոստիկաններին ծառայել է որպես գաղափար, Վահան Խալաֆյանի մահը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար: