Արցախի ճանաչման ուղղությամբ լրջորեն պիտի աշխատել

Արցախի ճանաչման ուղղությամբ լրջորեն պիտի աշխատել
Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանի կարծիքով, ՀՀ խորհրդարանը կճանաչի ԼՂՀ անկախությունը թե չի ճանաչի, դա էական ոչ մի նշանակություն չունի, դրանից ոչինչ չի փոխվելու։ Նա գտնում է, որ ճանաչման գործընթացն ավելի լուրջ մոտեցում է պահանջում, եւ եթե իսկապես ուզում ենք այդ ուղղությամբ նպատակաուղղված մի քայլ անել, դրա համար առաջին հերթին քաղաքական ծրագիր պիտի ունենանք։



«Բոլոր քաղաքական ուժերը պիտի լրջորեն աշխատեն այդ ուղղությամբ,- ասաց Արցախի կոմկուսի ղեկավարը։- Մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները ՀՀ քաղաքական ուժերի հետ համատեղ պետք է աշխատեն արտերկրի քաղաքական ուժերի հետ։ ՀՅԴ-ն, օրինակ, Սոցինտերնի անդամ է, իսկ եվրոպական շատ երկրներում սոցիալիստներն ազդեցիկ ուժ ու կշիռ ունեն։ Միթե ավելի ճիշտ չի լինի այդ մարդկանց հետ աշխատանք տանեն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նույնը վերաբերում է նաեւ «Բարգավաճ Հայաստանին», որը բարեկամական կապեր ունի «Եդինայա Ռոսիայի» հետ, դա վերաբերում է նաեւ մեր կուսակցությանը, որ կարող է նման աշխատանքներ տանել ՌԴ կոմկուսի, նրա ղեկավար Գենադի Զյուգանովի հետ»։



Իմ հարցին, թե ինչու ինքը, Արցախի կոմկուսը նույնպես ոչինչ չի անում այդ ուղղությամբ, Հրանտ Մելքումյանն ասաց, թե ինքը միայնակ ոչինչ չի կարող անել նաեւ այն պատճառով, որ վաղն իրեն կարող են ասել՝ իսկ քեզ ո՞վ է խնդրել, որ Արցախի ճանաչման համար ռուսաստաններ մեկնես, մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք... Այսինքն՝ այսօր մեր բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի, կուսակցությունների համատեղ ուժերով կազմված ծրագիր է պետք, մինչդեռ, Արցախի կոմկուսի ղեկավարի ասելով, մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ։ Այսօր չենք կարողանում գլխավորն ու ոչ հիմնականն իրարից զանազանել։ Նա գտնում է, որ վերջին երկտասնամյակում Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի գերխնդիրը պիտի լիներ Արցախի խնդրի լուծումը, որից կախված է ոչ միայն Արցախի, այլեւ հենց Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան։



«Այսօր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում օրակարգում պիտի լինի ոչ թե Հայ դատի, ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ Արցախի խնդիրը,- ասում է Հ. Մելքումյանը։- Մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը պիտի լուծել, հետո միայն անցնել մյուսին։ Արցախի խնդրի լուծումը հնարավորություն կտա բոլոր ուժերը կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրների լուծման վրա։ Բայց մենք այլ մարտավարություն ենք ընտրել՝ միանգամից ուզում ենք բոլոր խնդիրները լուծել։ Եվ կիսատ-պռատ մի բան այստեղ ենք անում, մի բան՝ այնտեղ, արդյունքում՝ ոչնչի չենք հասնում, ինչպես կարապի, խեցգետինի եւ գայլաձկան մասին հանրահայտ առակում»։



Արցախցի քաղաքական գործչի կարծիքով, այսօր եթե կարողանանք տարբեր երկրների խորհրդարաններում 15-20 համախոհներ, բարեկամներ գտնել, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված սփյուռքում, ասենք՝ ԱՄՆ Սենատում, Կոնգրեսում դա անում են մեր հայրենակիցները, վաղը կարող ենք ավելի մեծացնել մեր բարեկամների շրջանակը՝ տարբեր խորհրդարաններում, որը հող կնախապատրաստի, որպեսզի Արցախի անկախության ճանաչման գործընթացը խոսքից վերածվի գործի։



Իմ այն դիտողությանը, որ հայոց քաղաքական ուժերն այսօր առավելապես անձնական, առօրեական խնդիրներ են լուծում, լծված են իրենց մերձավորների, ընկեր-բարեկամների տեղավորման ու նման հարցերով, փողի խնդիրներով, Արցախի կոմկուսի նախագահը պատասխանեց. «Այսօր մենք մեր նոր սերնդի վաղվա օրվա, ապագայի մասին պիտի մտածենք, որպեսզի մեր չլուծված գլխավոր հիմնահարցերը վաղը չծանրանան նրանց ուսերին։ Մեղք են այս երեխաները, այս երիտասարդները։ Հատկապես նրանք, որ ծնվել են պատերազմի, հրետակոծության տարիներին։ Կարծես խաթարված նրանց մանկությունը քիչ է, հիմա էլ մեր ողջ չլուծված խնդիրներն ենք ուզում բեռնել նրանց վրա»։



Վարդգես ՕՎՅԱՆ