Օմբուդսմենը դեռ «կոնսենսուսի ծավալն» է որոշում

Օմբուդսմենը դեռ «կոնսենսուսի ծավալն» է որոշում
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ուրբաթ ասուլիս էր հրավիրել: Հիշեցնենք, որ 10 հոգանոց աշխատանքային խմբի անդամներից 4-ը հասարակական սեկտորից են, մյուս 4-ը՝ ոլորտը ներկայացնող կառույցներից, եւս մեկը՝ Հանրային խորհրդից, իսկ խմբի ղեկավարը օմբուդսմենն է: ՄԻՊ Արմեն Հարությունյանից բացի, ասուլիսին երկու անդամ էլ էին ներկա՝ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը եւ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը: Նրանք ոչինչ չասացին:  Հավաքված լրագրողների բազմության հետաքրքրությունը օմբուդսմենն էլ չբավարարեց:



Իսկ լրագրողները եկել էին օրենքի լրամշակման հետ կապված նորություններ լսելու, բայց ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ աշխատանքային խումբը յուրաքանչյուր ուրբաթ օր հավաքվում ու հարցի քննարկում է անցկացնում: Նորությունը միայն սա էր: Օմբուդսմենը կրկնեց իր՝ բազմիցս արտասանած նախադասությունը, որ երկու ճանապարհ ունեն՝ կամ պետք է նոր օրենք մշակվի, կամ եղածը փոփոխվի: Բայց, ինչպես նախկին հանդիպման ժամանակ, այս անգամ էլ Արմեն Հարությունյանը չկոնկրետացրեց, թե որ հարցերի շուրջ են փորձում «կոնսենսուսի» հասնել: Ինչպես օմբուդսմենն ասաց, «կոնսենսուսի ծավալը» պետք է աշխատանքային խմբին հուշի, թե թվարկված ճանապարհներից որն ընտրեն:



Արմեն Հարությունյանն ասաց, որ օրենքի լրամշակման հետ կապված՝ երեք օր աշխատել են ԵԱՀԿ եւ ԵԽ միջազգային փորձագետների հետ եւ նրանց կարծիքներն էլ ունեն: Թե ինչպիսին է եվրոպացի փորձագետների կարծիքը, ՄԻՊ-ը կրկին չասաց: «Նրանց կարծիքը..., այսինքն ի՞նչ իմաստով ինչպիսին է»,- լրագրողի հարցադրմանը հարցով պատասխանեց Արմեն Հարությունյանն ու հավելեց. «Շատ նորմալ, գրագետ կարծիք ունեն: Ի՞նչ է նշանակում ինչպիսի կարծիք ունեն: Հարցեր կան, որ գործող օրենքի հետ համաձայն են, հարցեր կան, որ նոր այլ մեխանիզմներ են առաջարկում՝ չհակադրվելով եղածին:



Նորմալ իրավական կարծիք է իրավաբանական փաստաթղթի վերաբերյալ»:  Ի դեպ, գործող օրենքով պետք է անցկացվի հեռուստաընկերությունների լիցենզավորման հերթական մրցույթը, եւ այն հանգամանքը, որ մրցույթն արդեն հայտարարված է, իսկ օրենքը նոր է լրամշակվում, Արմեն Հարությունյանի կարծիքով՝ զարմանալի չէ: Ըստ նրա, առկա օրենքով բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ապահովվում են մրցույթն անցկացնելու համար, ուղղակի «ավելի լավ օրենք ունենալը երբեք էլ ուշ չէ» (այս արտահայտությունն էլ էինք լսել): Այս մրցույթում, ինչպես հայտնի է, եթերազրկված «Ա1+»-ի եթեր վերադառնալու հարցն ամենաքննարկվողն է: Արմեն Հարությունյանը սրա հետ կապված ասաց, որ ինքը մշտապես ասել է, որ ուրախ կլիներ «Ա1+»-ին եթերում տեսնել, բայց «Արմնյուզն» էլ վատ ալիք չէ: