Հարմարվողականություն եւ հարմարավետություն

Հարմարվողականություն եւ հարմարավետություն
Տիկին Սաթենիկը առավոտյան բանկում, կեսօրին բանկի հարեւանությամբ գտնվող օֆիսներում հավաքարար է աշխատում: Իր կյանքից գոհ չէ, բայց դժգոհ էլ չէ: Գոհ չէ, որովհետեւ շատ է աշխատում եւ քիչ վաստակում, դժգոհ չէ, որովհետեւ լավ ընտանիք ունի: Նա ունի մի տղա, որ չունի աշխատանք, բայց տիկին Սաթենիկը վստահեցնում էր, որ ծուլությունից չէ, որ իր տղան աշխատելու մեծ ցանկություն ունի, բայց մշտական աշխատանք չի գտնում: Տղան ամուսնացած է, տիկին Սաթենիկը տատ է ու ամենից շատ իր մանկահասակ թոռան ապագայի համար է մտահոգված:



Ինչպես մեր խմբագրություն այցելող շատ ու շատ քաղաքացիներ, տիկին Սաթենիկն էլ չցանկացավ, որ թերթում տպագրվի, թե ինքը որ բանկում է աշխատում, եւ չցանկացավ, որ իր իրական անունով հանդես գա մեր թերթի էջում, այնպես որ, տիկին Սաթենիկը Սաթենիկը չէ: Բայց դա չէ կարեւորը, այլ այն, որ մեր թերթի խմբագրություն այցելող  քաղաքացիներից շատերը խուսափում են իրենց անունից հանդես գալ. վախենում են կորցնել աշխատանքը, վախենում են իրենց կյանքի ու առողջության համար, աշակերտների վրա «նալոգ» դրած ռեկետչիկ տնօրենների ու ուսուցիչների դեմ բողոքով եկած ծնողը իր անունից հանդես չի գալիս, որովհետեւ վախենում է, որ իր երեխային առանձնահատուկ վերաբերմունք ցույց կտան, զինծառայողի ծնողը՝ որ իր տղային բանակում կճնշեն, պաշտոնյայի չարաշահումների մասին հայտնողը՝ որ աշխատանքից կզրկվի, եւ այդպիսով արդարացի բողոքը հաճախ անանուն է հանդես գալիս ու կարող է անոնիմկայի տպավորություն թողնել:



Սակայն այդ փաստը գալիս է ապացուցելու, որ երկրում վախի մթնոլորտը չի պակասում, որ քաղաքացին ազատ չէ: Բայց նույնիսկ այդ  «թաքուն» բողոքն ավելի լավ է, քան համատարած հարմարվողականության ճահճում խեղդվող մարդանց անտարբերությունը, որ չհամաձայնվելու կամք չունեն եւ վախենում են անգամ թաքուն հայտնել իրենց անհամաձայնությունը կամ եթե չեն վախենում՝ բացարձակ անտարբեր են ու անհույս:



Մինչեւ վերջերս տիկին Սաթենիկն էլ այդ անտարբեր-անհույսների ստվար բանակում էր: Կյանքի փորձը նրան ցույց էր տվել, որ վատից վատն էլ կա, եւ սովորեցրել եղածով բավարարվել, բայց նրան հունից հանել էին Ազգային ժողովի հիմնահատակ նորոգված շքեղ դահլիճը եւ մեր իշխանավորների անմարդկային մռութները: Տիկին Սաթենիկի տունը հիմնավոր նորոգման կարիք ունի: Պատերը փուլ են գալիս, տանիքը ծակ է: Անձրեւների ժամանակ առաստաղից անընդհատ կաթկթում է, ու տան ամանները շարում են հատակին, բայց այնքան շատ են կաթոցները, որ աման-չամանը չի հերիքում:



«Էդ շքեղ դահլիճը որ տեսա, Մուկի, Սերժի, կաթողիկոսի սառը, անմարդկային հայացքները որ տեսա, տղա ջան, աչքերս լցվեցին, լացս եկավ»,-պատմում է տիկին Սաթենիկը: Մի քանի հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերով տիկին Սաթենիկը նայել է ԱԺ նիստերի էլիտար դահլիճի բացման հանդիսավոր նիստը եւ բոլոր այդ թողարկումների ժամանակ ուշադիր հետեւել պատգամավորների ու նախարարների դեմքերին: «Փորձում էի մի մարդկային դեմք գտնել, բայց չկար, չտեսա. բոլորը ինչ-որ գիշատիչ կենդանու էին հիշեցնում, որ ատամները սրած՝ սպասում է, որ ինչ-որ մեկին հոշոտի: Ու ես հասկացա, որ նրանց զոհերից մեկն էլ ես եմ»,- իշխանավորների հանկարծահաս մերկացման մասին անկեղծանում է տիկին Սաթենիկը, եւ մենք միայն պատկերացնել կարող ենք, թե խարխուլ, ծակ տանիքով ապրող քաղաքացու հոգում ինչ զգացումներ կարող են առաջ բերել Ազգային ժողովի էլիտար դահլիճի վսեմաշուք տեսքը եւ դահլիճում հարմարավետ «աշխատող» իշխանավորների դեմքերի պատկերասրահը:



«Տղա ջան,-ասում է տիկին Սաթենիկը,- քեզ անկեղծ ասեմ, զզվանքս եկավ ու սիրտս խառնեց»: Տիկին Սաթենիկը այն կարծիքին է, որ իշխանությունը միշտ թալանով է զբաղված, բայց Ազգային ժողովի դահլիճի վերանորոգումն է, որ լցրել է նրա համբերության բաժակը ու ստիպել, որ արտահայտվի: «Ես երբեք էդ օլիգարխ պատգամավորներին ձեն չեմ տվել,-ասում է տիկին Սաթենիկը:- Եթե մեր ընտրատարածքում երկու թեկնածուն էլ հարուստ են եղել, հետաքրքրվել եմ, թե նրանցից ով ա համեմատաբար «աղքատը», ու նրան եմ ձայնս տվել: Մարդիկ ասում են՝ սա արդեն կերել ա, սրա աչքը կուշտ ա, բայց մոռանում են հայտնի ժողովրդական խոսքը՝ ախորժակը ուտելիս է բացվում: Մեկ-մեկ մարդկանց լսում եմ ու զգում, որ հարգանքով, պատկառանքով են խոսում կերած-խմած պատգամավորների մասին, կարծես նրանց գռփած-խժռածով իրենք են կշտանում, կարծես իրենցից չեն թալանում-ուտում»:



Խարխուլ տներում ապրող հարյուր հազարավոր մարդկանցից ու անտուններից մեկն է տիկին Սաթենիկը, որ իր անտանիք գոյությանն ուղղված դառը ծաղր է ընկալել ԱԺ էլիտար դահլիճը: Բայց դա դժվար թե մտահոգի մեր իշխանավորներին, որովհետեւ քանի դեռ կա հարմարվողականությունը, կլինի նաեւ նրանց «արխային» հարմարավետությունը: