Ինչու է թուլացել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը

Ինչու է թուլացել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության (այսուհետ` ՆՎԾ) արդյունավետ գործելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես, ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, ծառայության ղեկավարի եւ աշխատակազմի ղեկավարի փոխհարաբերությամբ,  ծառայության ղեկավարի եւ նախագահի փոխհարաբերությամբ, ծառայության ղեկավարի վարկանիշով եւ այլն:



Սակայն այսօր ՆՎԾ-ն գտնվում է իր պատմության ընթացքում ամենաթույլ եւ անկարող վիճակում: Այսպիսով, ինչով  է դա պայմանավորված.



ա) ՀՀ նախագահը չի կարեւորում իր վերահսկողական ծառայության դերը` նրան վերապահելով աննշան լիազորություններ, մասնավորապես, ՆՎԾ-ն այլեւս չի իրականացնում համալիր եւ համակարգային ստուգումներ, նա միայն իրականացնում է կոնկրետ դեպքով կամ հանձնարարականով եւ եթե նախկինում այդ ուսումնասիրությունների իրականացման համար ժամկետը չէր սահմանափակվում, ապա ներկայումս այն մաքսիմում կարող է տեւել մեկ ամիս, իսկ տեղեկանքի կազմումը՝  մի քանի օր:



Բացի դրանից, եթե նախկին նախագահների օրոք ՆՎԾ ղեկավարը մասնակցում էր նախագահականում կազմակերպված  համարյա բոլոր խորհրդակցություններին, եւ այդ խորհրդակցություններում միշտ տրվում էին համապատասխան հանձնարարականներ` վերահսկելու որեւէ գործընթաց, ապա այժմ ՎԾ ղեկավարն ամբողջովին մեկուսացված է:



Առաջին անգամ ՎԾ ղեկավարի կողմից ներկայացված  ՀՀ ՆՎԾ տարեկան ծրագիրը  նախագահի  կողմից հաստատվել է  խայտառակ տեսքով, նրանում թողնելով աննշան (ընդամենը չորս ոլորտ) քանակությամբ եւ նշանակությամբ ոլորտների ուսումնասիրություններ:  Ներկայացված տարբերակից հանվել էին բոլոր կարեւոր ոլորտների եւ խնդիրների ուսումնասիրությունները, ներկայացված տարբերակի մեծ մասը,  ի տարբերություն նախկին նախագահի օրոք ներկայացված ծրագրերի, որոնցում տասնյակ ոլորտների ուսումնասիրություններից բացի, տարվա ընթացքում այդ ծրագրերում ներառվում էին ուսումնասիրության ենթակա այլ  ոլորտներ եւս:



ՀՀ ՆՎԾ-ն եթե նախկինում բոլոր կարեւոր ոլորտներում ուներ իր ներկայացուցիչը կամ վերահսկիչը եւ մի շարք ոլորտներում իրականացնում էր մշտական մոնիտորինգ, ապա ներկայումս այդպիսի լիազորություններից լրիվ զրկված է:



բ)  Բավականին լարված են ՎԾ եւ աշխատակազմի ղեկավարների հարաբերությունները, բավական է միայն նշել այն հանգամանքը, որ ՎԾ աշխատակիցները հազվադեպ են ստանում գործուղման ծախսերը եւ վառելանյութ, ՎԾ պետը հանձնարարել է իր աշխատակիցներին այդ բոլոր ծախսերն իրականացնել իրենց հաշվին, հազվադեպ դեպքերում ՎԾ ղեկավարը իր անձնական գումարներից կարող է մի քանի հարյուր դոլար տալ ինչ-որ աշխատակցի: Ընդհանրապես, որեւէ ձեւով փոխհարաբերություն չկա այդ երկու  հիմնական ղեկավարների միջեւ, եւ դա պայմանավորված է ՎԾ ղեկավարի պահվածքով, նա ցանկանում է ամբողջովին ինքնուրույն իրականացնել ղեկավարումը, ընդհանրապես չի ցանկանում  որեւէ ձեւով լինել ենթակա կամ պարտավորված: Այդ երկու ղեկավարների վատ փոխհարաբերության արդյունքում տուժում է միմիայն ՎԾ աշխատակիցը. նա լրիվ իրեն մեկուսացված է զգում:



գ) Ծառայության աշխատակիցների զգալի մասը, մեղմ ասած, չունի համապատասխան մասնագիտական ունակություններ եւ չի պատկերացնում նույնիսկ ՆՎԾ աշխատանքի էությունը: Ցավալի է, բայց փաստ, որ ամբողջ ծառայությունում հնարավոր չէ գտնել որեւէ պրոֆեսիոնալ կադրի: Այսպես, ՎԾ-ն ունի երեք բաժին` առաջին,  երկրորդ եւ նամակներով ու դիմումներով զբաղվող: Վերջինս ընդհանրապես զրկված է ՎԾ աշխատանքներին մասնակցելու պրոցեսից, եւ միանշանակ կարելի է ասել, որ այն հանդիսանում է  աշխատակազմի բաժին, քանի որ ենթարկվում է նաեւ աշխատակազմի ղեկավարին:



ՀՀ ՆՎԾ առաջին բաժնի պետը՝ Արծրուն Թորոսյանը, նշանակվել է նախագահի եղբոր` Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ, իսկ երկրորդ բաժնի պետը` Հովիկ Փանոսյանը, նախագահի փեսայի` Միշիկի միջնորդությամբ: Նշենք նաեւ, որ նա հայտնվել է ՎԾ-ում նախագահի քարտուղար Սաթիկի միջնորդությամբ: Առաջին բաժնի պետին ընդհանրապես չեն սիրել եւ այժմ էլ չեն սիրում ՎԾ աշխատակիցները: Երկրորդ բաժնի պետի մասնագիտական հնարավորությունները շատ թույլ են, նա ընդհանրապես չունի մասնագիտական ստաժ:



Բացի բաժնի պետերից, ՎԾ-ում ղեկավար պաշտոններից են համարվում խորհրդատուների պաշտոնները: Ներկայացնեմ նրանցից մի քանիսին:



Վահրամ Աբրահամյանը ՎԾ պրոֆեսիոնալ աշխատակիցներից է, իհարկե, բոլորը գիտեն, որ նա չի կարողանում օգտվել համակարգչից եւ հայերենից թույլ է, բայց նրա ուսումնասիրության մեթոդները պրոֆեսիոնալ են: Մարդկային տեսակը հաջող չէ, բավարար է միայն նշել այն հանգամանքը, որ իր աղջկա հարսանիքին չի հրավիրել նախկին ղեկավարին եւ նրա համախոհներին, վախեցել է իր աթոռից, դա այն պարագայում, որ նրա հաջողությունը այդ մարդկանց շնորհիվ է. նախկին ՎԾ ղեկավարի օրոք նա կարողացել է ձեռք բերել Երեւան քաղաքում հողամասեր, հետ գցել մեծ ֆինանսական միջոցներ, իր երկու որդիներին ամուսնացրել հայտնի մարդկանց երեխաների հետ: Ծառայությունում նա շրջում է աննկատ եւ խոսում է զգույշ, այսպես ասած՝ իր շողքից վախեցած:



Արտակ Անդրեասյանը  նախկին «Արդշինինվեստբանկի» կառավարիչ Արամ Անդրեասյանի  որդին է, միջին պրոֆեսիոնալ աշխատակից, ՎԾ ղեկավարի սիրելին: Այս աշխատակիցը ջանք ու եռանդ չի խնայում քծնելու ծառայության ղեկավարին, փնովելու նախկին ղեկավարներին ու միշտ էլ ծառայության բոլոր ղեկավարների օրոք եղել է այդպիսին: ՎԾ աշխատակիցները վախենում են նրանից, որովհետեւ ամեն մի խոսք, արարք հասնում է ՎԾ պետին: Նա ամեն ինչ անում  է կարեւորելու իր անձը, դրա համար դիմում է ամեն միջոցի, մյուսների աշխատանքները պետի մոտ միշտ փնովում է, խորհրդակցությունների  ժամանակ ամեն կերպ փորձում ցույց տալ, թե ինքն ինչքան խելոք է եւ եթե այդ աշխատանքները ղեկավարեր ինքը, շատ մեծ հաջողությունների կհասնեին:  Նա վերահսկում է ՊԵԿ-ի աշխատանքը, այն պարագայում, երբ տվյալ կառույցում կան այդ ոլորտի ավելի պրոֆեսիոնալ աշխատակիցներ, պարզապես ինքն ապահովում է ՎԾ ղեկավարի ֆինանսական հոսքն այդ մարմնից:



Գոռ Դարբինյանը առողջապահության անփոփոխ փոխնախարար Հայկ Դարբինյանի որդին է, Երեւանի քաղաքապետի տեղակալի փեսան, անշառ մի անձնավորություն: Նա զբաղվում է Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիրներով: Մասնագիտական առումով կաղում է, սակայն մարդկային առումով նորմալ անձնավորություն է:



դ) Վերոնշյալից բացի, ՎԾ արդյունավետ աշխատանքի եւ բարձր հեղինակության ամենամեծ արգելակը նրա ղեկավարն է` Հովհաննես Հովսեփյանը, համակարգում պատահական անձնավորություն, որն իր եղբոր՝ Մոսկվայի մեծահարուստ Հակոբ Հովսեփյանի շնորհիվ հայտնվել է նախագահականում: Նրան հաջողվել է այդ պաշտոնի համար մրցապայքարում հաղթել նույնիսկ ամենակարող Միհրան Պողոսյանին (հարկադիրի պետին):  Թե ինչպիսի անձնավորություն է նա, ներկայացնեմ նրա կենսագրությունից մի հատված, որը նա ցանկանում է թաքցնել:



Առաջին անգամ բարձր` ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի պետի պաշտոնում հայտնվել է աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի շնորհիվ: Նա համարվում էր Արտաշես Թումանյանի ամենահավատարիմ բարեկամը, անընդհատ նրանց կարելի էր տեսնել միասին:  Երբ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կողմից պաշտոնանկ արվեց աշխատակազմի ղեկավարը, նախագահը ՎԾ պետ Վահրամ Բարսեղյանին հանձնարարեց ուսումնասիրել աշխատակազմի ղեկավարի եւ նրա համախոհների գործունեությունը նախագահականում: Բնականաբար, այդ մարդկանց ցանկի առաջին հորիզոնականում հայտնվեց  Հովհաննես Հովսեփյանը: Ուսումնասիրությունն իրականացնող խումբը կազմված էր երկու հոգուց՝ Գեւորգ Մհերյանից (փոխոստիկանապետ, որը սպանվել է) եւ՝ ուշադրություն, ներկայումս ՎԾ խորհրդատու Արտակ Անդրեասյանից: Այդ ուսումնասիրությամբ պարզվեց, որ կադրերի պետը թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ, բավարար է ներկայացնել դրանցից հիմնականը. առանց նախագահի թույլտվության մի քանի տասնյակ անգամ մեկնել է Մոսկվա՝ եղբոր մոտ:  Այդ օրերին ՎԾ աշխատակիցները լավ են հիշում, թե ինչքան էին ուրախացել այդ երկու աշխատակիցները, որ իրենց աշխատանքի արդյունքում ՆՎԾ տեղեկանքով հեռացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, որ ընդամենը երկու տարի հետո Ս. Սարգսյանի թեթեւ ձեռքով հայտնվեց ՆՎԾ ղեկավարի պաշտոնում: Աբսուրդ է, բայց իրականություն, նրա գործունեությունն ուսումնասիրած եւ նրան այդքան չսիրող Արտակ Անդրեասյանը դարձավ ՎԾ ղեկավարի սիրելին:  Մինչ այժմ էլ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը չի ընդունում ՎԾ ներկայիս ղեկավարին եւ այդ նշանակումը սխալ է համարում:



Նախագահականի կադրերի պետի պաշտոնից հեռացվելուց հետո Հովհաննես Հովսեփյանը մոտ երկու տարի մնաց առանց աշխատանքի, եւ նրանից հեռացան (ինչպես ընդունված է մեր իրականության մեջ)  նրա բոլոր ընկերները, բարեկամները: Սակայն հերթական անգամ նրան բախտը ժպտաց, իր եղբոր եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, ներկայիս ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանի ընկերության, լավ փոխհարաբերության արդյունքում հայտնվեց սկզբում տարածքային կառավարման նախարարի տեղակալի, ապա՝ ՆՎԾ պետի պաշտոնին:



Սակայն հետաքրքիր է, բայց փաստ՝ նա նորից դավաճանեց իրեն բարձրացնող պաշտոնյային եւ այժմ էլ ջանք ու եռանդ չի խնայում իր պաշտոնը պահելու համար նախագահի մոտ անընդհատ փնովելու Հովիկ Աբրահամյանին, ուսումնասիրում է նրա գործունեությունը տարբեր ոլորտներում, հավաքում վերջինիս վերաբերող ինֆորմացիա: Հովսեփյանին ճանաչողները հումորով նշում են, որ նրա խմած հինգ կենացից վեցը նախագահի անձի գովեստն է: Անընդհատ հետեւում է նախագահի տեղաշարժին եւ միշտ միջոցներ է գտնում հայտնվելու նրա կողքին, այն պարագայում, երբ նախագահը դրա կարիքը չունի: Նա Հակոբ Հովսեփյանի՝ ընտրություններին մատուցած ծառայության համար չի կարողանում պաշտոնից ազատել ՎԾ պետին, միայն տարբեր միջոցներով թուլացրել է ՎԾ գործունեությունը, նվազեցրել ուսումնասիրությունները:



Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ