Սյունիքը քաղաքական PR-ի տեղը չէ

Սյունիքը քաղաքական PR-ի տեղը չէ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որ երեկ այցելել էր Կապան,  Սյունիքի մարզկենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ հակաուրանյան շարժմանը։ Նախարարի խոսքով, այդ շարժումը սկսել են որոշ քաղաքական ուժեր։ «Նրանք իրենց PR-ի համար ամեն ինչ անում են, ազդում են ժողովրդի տրամադրության վրա, խեղաթյուրում առկա տեղեկատվությունը»,-ասաց Ա. Մովսիսյանը։ Խոսելով խորհրդային տարիներին հանքերի հնարավոր շահագործման մասին` նա ասաց, որ երեւակումներ են միայն եղել, նույնիսկ հետախուզություն չի արվել։



Այսօր խոսք չի կարող լինել ուրանի հանքերի շահագործման մասին։ Ցանկացած մետաղ կամ հանքանյութ արտահանելու համար պետք է իմանալ դրանց պաշարների քանակի, արդյունաբերական որակների, միացությունների մասին ու ինչպիսի խորության վրա է գտնվում այդ հանածոն։ Կառավարությունը նման տեղեկատվություն չունի։ «Հետախուզական աշխատանքներ են արվում, ոչ միայն ուրան, այլեւ մոլիբդեն, պղինձ, արծաթ, ոսկի են փնտրում։ Պիտի պարզենք՝ ինչ կա տվյալ տարածքներում»,-ասաց նախարարը։ Ուրանի առկա պաշարների հայտնաբերումուց հետո նվազագույնը  2 տարի է պետք ուսումնասիրությունների համար, մի 5 տարի՝ նախնական աշխատանքների, ու հետո նոր մնացածի մասին կխոսվի։ «Բայց, չգիտես ինչու, այսօր ոմանք արդեն տեխնոլոգիաների մասին են խոսում, թե ինչ տեխնոլոգիաներով է արտահանվելու ուրանը»,-ասաց Ա. Մովսիսյանը։ Ոչ մի երկրում կառավարությունն իր ժողովրդին չի տանի կործանման՝ համոզված է նախարարը։



«Աղաղակում են, որ սա Հայաստանի կործանումն է, նման բան չկա, հավատացեք, ուրանի անհրաժեշտ պաշարները հայտնաբերելուց հետո այնպես ենք անելու, որ բնապահպանական տեսանկյունից անվնաս լինի։ Առաջինը էկոլոգիան է կարեւոր»,-լրագրողներին ասաց նախարարը։ Սյունիքի մարզը միշտ լեռնահանքային ադյունաբերության երկիր է եղել, ու, ըստ նախարարի,  եթե ուշադրություն դարձնենք, սրանից 10 տարի առաջ, 20 տարի, 30 տարի առաջ բնապահպանական խնդիրներն այլ մակարդակի վրա էին, հիմա` ուրիշ։



«Չեմ ասում՝ հիմա իդեալական է, բայց տարբերություն կա։ Հիմա նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է։ Սա չմոռանանք»,-ասաց նախարարը։ Արմեն Մովսիսյանը հորդորեց խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ ամեն դեպքում ժողովուրդը չի տուժելու։  «Նորից եմ ասում՝ թույլ մի տվեք, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց  ռեկլամն անեն Սյունիքում։ Արդեն սկսել են նրանք, իսկ մեր Սյունիքի ժողովուրդը բարի է»,- ասաց ծնունդով կապանցի Արմեն Մովսիսյանը։