Սահակաշվիլին հայերեն է խոսում

Սահակաշվիլին հայերեն է խոսում
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 16-ին Ջավախքում հայերեն է խոսել` դիմելով տեղի բնակչությանը: «Բարեւ ձեզ, եղբայրներ եւ քույրեր: Շնորհավորում եմ ձեզ` մեր պայմանավորվածությունների, ձեր երազանքի կատարման առթիվ: Այսօր մեծ օր է ողջ Վրաստանի համար»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` հայերենով ասել է Սահակաշվիլին: Նա Ջավախք էր այցելել նոր միջպետական մայրուղու բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այդ ճանապարհը Վրաստանի կենտրոնական շրջանները կապում է Հայաստանի եւ Թուրքիայի հետ:



Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է ջավախահայության խնդիրներին` փնովելով նախկին կառավարություններին, որոնք «ամեն ինչ արել են, որպեսզի Ջավախքն անտեսված ու օտարված մնա երկրից»: «Տարիներ շարունակ ճանապարհների վատ վիճակի պատճառով այս շրջանը գործնականում կտրված էր կյանքից: 2004 թվականից, սակայն, իրավիճակը փոխվել է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: