«Բանանցում» ֆուտբոլիստների փոխարեն «ֆաներին» էին մարզել

«Բանանցում» ֆուտբոլիստների փոխարեն «ֆաներին» էին մարզել
Կիրակի օրը Իջեւանի «Արնար» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրի «Շիրակ»-«Բանանց» խաղն էր: Գյումրիի մարզադաշտի վերանորոգման պատճառով վերջին մի քանի հանդիպումները «Շիրակն» անցկացնում է Իջեւանում: «Բանանցը» հույս ուներ, թե «Փյունիկը» վերջին տուրում ոչ-ոքի կխաղա «Կիլիկիայի» հետ կամ կպարտվի, եւ ինքը կտիրանա չեմպիոնի տիտղոսին: Բայց քանի որ դա գրեթե անհնար էր, «Բանանցն» արժանացավ արծաթե մեդալի: Նրա վերջին մի քանի խաղերն ավելի շատ բրոնզի փայլ ունեին, վերջին խաղը` նույնպես:



Ֆուտբոլիստների մոտ պայքարի ցանկություն չէր նկատվում: Գյումրիի «Շիրակը», որ երկար տարիներ առանց հովանավորի եւ ֆինանսական մեծ ներդրումների է մասնակցում առաջնությանը եւ միայն վերջերս է հովանավոր գտել, իրեն հատուկ թասիբով խաղաց: Չնայած 1:2 հաշվով պարտությանը, ոչնչով չէր զիջում մրցակցին: Այն, ինչ «Բանանցի» ֆուտբոլիստները չէին կարողանում խաղադաշտում անել, փորձում էին լրացնել թիմի մոտ մեկ տասնյակ երկրպագուները` ֆան- ակումբից: Վերջիններս մարզիկներին ոգեւորելու փոխարեն իրենք այնքան ոգեւորվեցին, որ… չափն անցան:



Սկսեցին բարձրաձայն, կիսադատարկ մարզադաշտով մեկ արձագանքող ձայնով գոռալ մրցավար Մանուկ Ֆահրադյանի հասցեին, ռեպլիկներ թողնել, վիրավորական բառեր ասել: Բոլորի ուշադրությունը մեկ էլ նրանց կողմն էր: Հանդիսատեսի համար տրիբունայում ավելի հետաքրքիր տեսարան գտնվեց, քան խաղադաշտում ընթացող կիսաձանձրալի խաղն էր: «Արա, սուդյա, էդ ու՞մ աղջիկն ես, այ տղա», «արա, դու չես տենո՞ւմ, որ չես շվացնում, այ համբալ», «արա, քոռ ե՞ս», «սուդյա…»: «Բանանցի» ֆաները չափն այնքան անցան, որ իրենց իրավունք տվեցին բղավել անգամ «Շիրակի» ֆուտբոլիստներից մեկի հասցեին:



«Արա 10 համար, էդ չես ջոգո՞ւմ ինչեր ես անում, արա, տոչնի խաղդ խաղա, հլը հանգստացի»,-ավելորդ կրքեր էին բորբոքում մարզադաշտ եկած բանանցեցիները: Այս մեկը գյումրեցի երկրպագուները չներեցին: Մի մարդու նման հավաքվեցին ոգեւորված երեւանցիների շուրջ` զգուշացնելով խելոք իրենց «բալետն անել»: «Ծո, դու ինչ գորձըմ ունիս 10 համարի հեդ, դու քո բալեդդ էրա»,-ասացին: Փոքրիկ վիճաբանություն եղավ, որը, բարեբախտաբար, կռվի չվերածվեց:



Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ ֆուտբոլը զարգացած է, ֆուտբոլային խուլիգանների պակաս չի զգացվում: Թե ֆան-ակումբները, թե անհատ երկրպագուները բազմաթիվ անընդունելի արարքներ են թույլ տալիս, հաճախ էլ պատասխանատվության են ենթարկվում: Մեզ մոտ դեռ ակումբային ֆուտբոլը չզարգացրած` ֆանատներին խուլիգանություն են սովորեցնում: Ասում ենք` «սովորեցնում», որովհետեւ ֆան-ակումբներն ինքնագլուխ չեն լինում, կազմակերպվում են մի տեղից, ինչպես հայաստանյան երիտքաղաքականության մեջ է: Այլ բան, եթե իրենց վատ են դրսեւորում առանձին երկրպագուներ, բայց երբ վիրավորանքն ու հայհոյանքը հնչում են կազմակերպված ձեւով, այս դեպքում` «Բանանցի» ֆան-ակումբի կողմից, թմբուկներով ու շեփորով, արդեն անընդունելի է: Նման երեւույթի առաջին կանխողը պետք է հենց ակումբները լինեն:



Օրինակ ՌԴ առաջնությունում, երբ Մախաչկալայի «Անժիի» ֆան-ակումբի ներկայացուցիչները նմանատիպ անկարգապահություն էին դրսեւորել` խաղի ժամանակ մրցակից «Սպարտակի» ֆուտբոլիստներին ուղղված վիրավորող պաստառներ ցուցադրելով: Նույնիսկ «Անժիի» գլխավոր մարզիչն էր նման պահվածքը դատապարտել:  Միջադեպով Ռուսաստանի ֆուտբոլային միությունն էր զբաղվել: Երկրպագելը` երկրպագել, բայց աշխարհում մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելն ընդունված չէ: Կա մի քանի տարբերակ` նման այլանդակությունների առաջն առնելու: Առաջինը` ակումբին, տվյալ դեպքում «Բանանցին», խոշոր չափով տուգանելն է: ՀՖՖ-ն պետք է պատժի «Բանանցին»` հետագայում նման դեպքերը կանխելու համար: