Հանուն մարդու ազատության

Հանուն մարդու ազատության
Շատ ուրախ եմ լրագրողական այս միաբանության, համախմբվածության համար, միեւնույն ժամանակ զարմացած չեմ, որովհետեւ լրագրողներն ամենուրեք, երկրներում, որտեղ չկա ազատության եւ  ժողովրդավարության բավարար աստիճան, ամենախոցելի խավն են: Եվ, իհարկե, նրանք առաջին հերթին պետք է կարողանան պաշտպանեն թե իրենց եւ թե ուրիշներին. դա իրենց բարձրագույն առաքելությունն է: Մի տեսակ նոր ալիք է բարձրացել բողոքարկման եւ չընդունման այն փաստի, որ Փաշինյան Նիկոլը նստած է բանտում:



Ի դեպ, ես միշտ հաշվի եմ առնում նաեւ երկրորդ կողմի խնդիրը եւ, անկեղծ ասած, ոչ մի կերպ չեմ ընկալում, որ այն մարդիկ, որոնք Նիկոլին բանտում են պահում, իրոք չեն հասկանում, որ դա ձեռնտու չէ հենց իրենց: Դա ձեռնտու չէ իրենց իմիջին մի շարք պատճառներով՝ առաջին, որովհետեւ Նիկոլը լրագրող է՝ քաղաքական բնորոշ գծով, որեւէ կոռուպցիոն սկանդալի մեջ ընդգրկված չի, նրան հնարավոր չի վերագրել որեւէ մեղսավոր գործունեություն, որ ասենք դրա համար են դատել, եւ ակնհայտ քաղաքականանում է նրա` բանտում գտնվելը, իսկ դա ձեռնտու չի ոչ պետության այրերին, ոչ էլ պետությանը, որովհետեւ ստացվում է բացահայտ սկզբունքների, քաղաքական հայացքների հիման վրա կատարված ձերբակալություն:



Երկրորդ՝ ես նաեւ չեմ հասկանում... Նիկոլի անձն արդյոք այստեղ անհատական խնդիր չի՞, որովհետեւ ինձ թվում է, որ կա անհատական չընդունման խնդիր: Օբյեկտիվ պատճառներով նա արդեն պետք է դրսում լիներ, նա չպետք է նստեր հիմա բանտում: Ես ուրախ եմ նաեւ, որ Հայաստանում հիմա ազատությունն ինչ-որ տեղ սահմանափակում են, բացատրեմ ինչու՝ որովհետեւ մեր ամբողջ կյանքում մենք սովոր չենք եղել պայքարել ազատության համար: Հիմա ես շատ մեծ հույս ունեմ, որ ազատության, մարդկային ազատության համար է պայքարը, ոչ թե հողերի ազատագրման, ոչ թե պետական սահմանների, օտար լծից ազատագրման, այլ հենց մարդու ազատության պայքարն է դրված խաղաքարտին:



Ես շատ ուրախ եմ, որ հայ հասարակության մեջ այդ հարցը բարձրացել է, եւ հիմա նաեւ երկրորդ գիծն է զարգանում, եւ դա կրում է պրոֆեսիոնալ ուղղվածություն, մարդիկ պայքարում են թե մարդու ազատության համար, թե նրա պրոֆեսիոնալ գործունեության ազատության համար: Այսինքն՝ մենք պայքարում ենք երկու սոցիալական, սոցիումը կայացնող կարեւոր բաղադրիչների համար՝ մարդկային ազատության եւ պրոֆեսիոնալ ուղղվածության: Եվ դա շանսեր է տալիս մեզ մտածելու, որ Հայաստանի հասարակությունը կկայանա: Խոսել ընդհանուր, համաժողովրդական համախմբվածության մասին՝ դեռ շուտ է: Բայց իմացեք, որ ցանկացած շարժում հանուն ազատության միշտ սկսվում է այսպիսի պրոֆեսիոնալ խմբավորումներից:



Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ

քաղաքագետ, վերլուծաբան