Պատասխան եք տալու

Պատասխան եք տալու
2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը։ Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի։ Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով` վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը։



Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումներին, թե՝ թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչեւ 60-70, ընդհակառակը՝ դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի։ Այժմ էլ, հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որ տվյալ հաճախականության վրա մրցակից ունի։ Այսինքն՝ մրցույթը կազմակերպված է նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, եւ արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները։



Միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել այդ քվեարկությանը։ Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջեւ։



Հայ ազգային կոնգրես