Իջեւանի դպրոցներում հարբուխի համաճարակ է

Իջեւանի դպրոցներում հարբուխի համաճարակ է
Իջեւանի դպրոցներում վերջին օրերին գրիպի վարակ է տարածվում: Վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ դպրոցների տնօրեններին մարզպետարանից հրահանգել են արձակուրդներն ավելի շուտ հայտարարել` նշված պատճառով: Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկական բաժնի վարիչ Սիլվա Մկրտչյանը հավաստիացնում է, որ գրիպի տարածման միտումը պահպանվում է: Օրինակ Իջեւանի թիվ 1 դպրոցում դեկտեմբերի 16-ի դրությամբ 180 աշակերտ բացակայել է դասից:



«Մենք մեր աշխատանքային պարտքը կատարում ենք, բայց վարակը կկանխեր նաեւ առաջին ձյան գալը»,-ասում է տիկին Մկրտչյանը: Ըստ նրա` վարակի տարածմանը նպաստում է ծնողների անտեղյակությունը: Ծնողը թեթեւ վարակի դեպքում թույլ է տալիս երեխային հաճախել դպրոց, երեխան էլ իր կողքինին է վարակում: Բժիշկներն իրենց խոսքում նշում են այս վիրուսի առանձնահատկությունները` ավելի երկար բուժման պրոցես, բայց առանց բարդությունների: Բուժաշխատողները բողոքում են, որ ուսուցիչները հիվանդ երեխաներին պարտադրում են չբացակայել դասերից, ինչը գործնականում անհնար է դարձնում վարակի կանխումը:



Թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը գրիպի տարածման պատճառներից մեկն էլ համարում է այն, որ  երեխաները  դասամիջոցին բարակ վերնաշապիկով բակում, միջանցքներում վազվզում են: «Որքան զգուշացնում ենք, երեխան մնում է երեխա, չի գիտակցում, որ դրա արդյունքում քրտնում է եւ հիվանդանում,-ասում է դպրոցի տնօրենը:-Քամոտ եղանակը նպաստում է վիրուսների ներթափանցմանը, երեխաներն էլ շատ զգայուն են, եւ առաջին հերթին նրանք են վարակվում: Բայց ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանքից խոսել: Ամեն առավոտ ես ականատես եմ լինում, որ աշակերտները դպրոց են գալիս եւ պարտադիր համբուրվում դասընկերների հետ: Սա մի խայտառակ սովորույթ է: Միգուցե մեկը հիվանդ է, մեկը` ատամները չլվացած, մյուսը` ստամոքսի տարբեր հիվանդություններով… Սարսափելի հակահիգիենիկ է: Որքան փորձում ես բացատրել` մեկ է, նրանց թվում է, թե դրանով կայանում են»: Բայց կա մի բան, որ տնօրենին շատ է մտահոգում: Դպրոցում հեպատիտ Ա-ի դեպք է գրանցվել: «Երեկ հաստատվեց մեկը: Էսօր սանէպիդկայանի պետի կարգադրությամբ ամբողջ շենքը` դասարանները, զուգարանները, ախտահանել են: Ես շատ եմ վախենում եւ զգուշացնում եմ նաեւ ծնողներին` շատ ուշադիր լինել: Դա վտանգավոր հիվանդություն է, եւ Աստված չանի, որ այն տարածվի: Բայց հուսով եմ, որ դա էլ մեր եւ սանէպիդկայանի ուժերով կկանխվի»,-իր խոսքը եզրափակում է Ստեփան Կարապետյանը:



Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում հաստատեցին դեպքը եւ ավելացրին, որ այս օրերին քաղաքում հեպատիտ Ա-ով վարակված են մի քանի դպրոցահասակներ, որոնց ծնողներին հրահանգված է երեխաներին խիստ մեկուսացնել: