Ապարանյան սկանդալ

Ապարանյան սկանդալ
Երեկ մի սենսացիոն նամակ է տարածվել համացանցով, որի հեղինակը «Շանթ» ընկերության սեփականատեր Սամվել Ղարիբյանն է՝ Ղարիբյանների երրորդ եղբայրը: Վերջին տարիներին Ղարիբյան եղբայրների՝ Վարշամի եւ Մանվելի հակամարտությանը մամուլն անընդհատ անդրադարձել է: Ոչ եղբայրները, ոչ էլ Աղվան Հովսեփյանը չեն թաքցրել, որ ՀՀ գլխավոր դատախազը կապ ունի այս վեճի հետ: Անշուշտ, փորձել են ներկայացնել, որ նրա առնչությունը դրան պայմանավորված է կողմերի՝ ապարանցի լինելու հանգամանքով, սակայն հայտնի է, որ դատախազը բիզնես հետաքրքրություններ ունի «Շանթում»: Երեկ Ղարիբյանների երրորդ եղբայրը, փաստորեն, հաստատել է մամուլի հրապարակումները: Նա իր բավական էմոցիոնալ նամակում դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով «պաշտպանել իր եղբայրներին գլխավոր դատախազի ճիրաններից», որը թնշամանք է սերմանում իր եղբայրների միջեւ, ապօրինի քրեական գործեր հարուցում նրանց եւ նրանց մերձավորների նկատմամբ: Իսկ իրենց բոլոր փորձերը՝ հաշտեցնել երկու եղբայրներին, ձախողվում են հենց Հովսեփյանի կողմից: «Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինականություն ապահովելուն, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելուն»-, գրել է Սամվել Ղարիբյանը: Այս նամակից հետո դժվար կլինի ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել, եւ սա ընդամենը ներընտանեկան վեճ է, որտեղ գլխավոր դատախազի անունը հանիրավի է շոշափվում: Այս նամակից հետո անպայման պետք է հատուկ քննություն տարվի եւ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում Ղարիբյանների ընտանիքում եւ որքան է գլխավոր դատախազի մասնակցությունն ու մեղքը դրանում: Եթե նամակում նշված փաստերն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա նման մարդը պարզապես հանրապետության գլխավոր դատախազ աշխատելու իրավունք չունի: