Մոսկվան էլ է ջրի վրա կառուցվել

Մոսկվան էլ է ջրի վրա կառուցվել
Անցած տարվա հոկտեմբերից Կապանում մեկնարկած ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության մարզային սոցիալական ծրագրով նախատեսված համալիրը, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, հնարավոր է կառուցվի ոչ թե նախատեսված, այլ` ուրիշ տարածքում: Շենքը կառուցվում է Գ. Արզումանյան փողոցում, նախկին քաղաքային լողավազանի տարածքում` Ողջի գետի հարեւանությամբ: Շենքի հիմնարկեքին անձամբ մասնակցել է հանրապետության նախագահը:



Դեռ այդ ժամանակ խոսում էին, որ համալիրը քաղաքի կենտրոնից հեռու է: Բայց ծրագրի պատասխանատուի` «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներն ասացին, որ տեղանքն ուղիղ Սյունիքի մարզկենտրոնի մեջտեղում է գտնվում: Այս նպատակով հատուկ չափագրումներ են իրականացվել: Այսօր արդեն սկսված շինարարական աշխատանքներից պարզվել է, որ կառուցվելիք շենքի հիմքի տակ ամբողջությամբ ճահիճ է, խոնավ ու ջուր:



Շինարարությունն իրականացնող «Ինթերնեյշնլ դեւելոփմենթ եւ կոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը հերքեց  բնակարանային համալիրի կառուցումն այլ տեղ տեղափոխելու մասին խոսակցությունները: «Շենքերի նախագծերն անցել են անհրաժեշտ փորձաքննությունները եւ համապատասխանում են բոլոր չափորոշիչներին: Իսկ ինչ վերաբերում է խոնավությանը, ապա Կապանի բոլոր շենքերի հիմքերը խոնավ են, քանի որ քաղաքը 2 սարերի միջեւ է գտնվում»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:



Բնակարանային համալիրը 3 բազմաբնակարան շենքերից է բաղկացած լինելու` ընդհանուր 335 բնակարանով: Առաջին շենքի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այն պետք է ավարտին հասցվի 2012 թ. դեկտեմբերին, իսկ մյուս 2 շենքերի շինարարությունը կմեկնարկի մի փոքր ավելի ուշ եւ շահագործման կհանձնվի 2013թ. փետրվարի վերջին: Սկզբնական փուլում շինարարությունում կաշխատեն 100-120 մարդ, իսկ հետագայում արդեն կընդգրկվեն 600-700 աշխատողներ: Պատասխանատուների խոսքով, մասնագետներ կհրավիրվեն նաեւ մայրաքաղաքից, բայց հիմնական աշխատուժը կլինեն կապանաբնակները: