Ժամանակն է օմբուդսմեն առաջադրելու

Ժամանակն է օմբուդսմեն առաջադրելու
Քաղաքացիական հասարակության դասական ձեւը Հայաստանում բացակայում է, քանզի մեզ մոտ մարդու իրավունքների ու ազատությունների խնդիրը շատ հեռու է դեմոկրատական կոչվելուց: Թույլ, տկար պետությունը չի կարող ապահովել դեմոկրատական ազատություններ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հիմնախնդրին:



Նման պարագայում իր ուրույն դերը պետք է ունենա մարդու իրավունքների պաշտպանը՝ օմբուդսմենը: Նրա խնդիրն է՝ պաշտպանել քաղաքացիների իրավունքները պաշտոնատար անձանց կամայականություններից եւ չարաշահումներից: Շուտով Հայաստանում ընտրվելու է մարդու իրավունքների պաշտպան: Համաձայն ՀՀ Սահմանադրության 83.1 հոդվածի դրույթի, այդ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ, որը համապատասխանում է ներկայացվող պահանջներին:



Միանգամայն օբյեկտիվ կլիներ, որ այդ պաշտոնը զբաղեցներ տաղանդավոր լրագրող Ռուզան Մինասյանը, քանի որ նա, լինելով դատաիրավական ոլորտում, իր 20 տարիների լրագրողական աշխատանքի արդյունքում մեծապես նպաստել է մարդու իրավունքների պաշտպանությանը: Նրա հրապարակումների գլխավոր թեման ուղղված է պարզելուն՝ դատական ակտերը կայացվում են հանուն պետությա՞ն, թե՞ հանուն անձնական կամ խմբակային շահի:



Միաժամանակ նա ի ցույց է դնում օրենքի եւ իր խղճի հետ գործարքի գնացող դատավորին, հանցաշխարհի ճնշումների տակ արդարության կորստի վտանգը, մարդկանց ոտնահարված իրավունքներն ու նրանց ողբերգությունը: Եվ այդ ամենը գրելով արդար գրչով, առանց էժանագին հնարքների կամ պատվեր կատարելու՝ դրսեւորելով ազնվություն եւ սկզբունքայնություն: Նրա գործունեության հիմքում պրոֆեսիոնալ գիտելիքներն են, աշխատասիրությունը, մարդասիրությունը եւ ոչ թե նրա պատկանելությունը այս կամ այն ազդեցիկ «թայֆային»: Ռուզան Մինասյանը կարող է եւ պետք է ՀՀ նախագահի կողմից ներկայացվի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվի մարդու իրավունքների պաշտպան:



Աղասի ԱԹԱԲԵԿՅԱՆ

փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ