Ձայնեղներն ու ձայնազուրկները

Ձայնեղներն ու ձայնազուրկները
Խոսել բանակի մասին եւ լինել անկեղծ՝ այնպես, որ խոսքիդ մեջ չլինի կեղծ հայրենասիրական նոտա, ազգայնականության մլար, փոքր երկրի պստիկ քաղաքացու սնապարծություն, դժվար է: Ինչպես դժվար է ընդհանրապես խոսել հայրենիքի, ազգի, պետության, ծնողների ու զավակների մասին: Առավել դժվար է, երբ շուրջ բոլորդ էժան սպեկուլյացիա են անում այդ նվիրական թեմաներով: Եվ հանկարծ տեսնում ես, որ «Մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում» տխմարության հեղինակը կարող է ավելի հայրենասեր ու ազգասեր երեւալ, քան նրանք, ում սիրտը ցավում է երկրի ամենափոքրիկ անհաջողությունների համար, ովքեր կատաղությունից բռունցքներն են սեղմում, երբ իմանում են, որ մի փոքրիկ «հիտլերիկ» բանակ գնացած զինվորի կաշին է քերթում: Երբ տեսնում ենք, թե ինչպես են բազմացել հաստավիզ ու անպատկառ գեներալները եւ ինչպես են քաղցում 90-ականներին սահման պահող հերոս տղերքը: Իսկ ամենասարսափելին այն է, որ պնակալեզների ու սպեկուլյանտների բանակն այնպես է հզորացել, որ հայրենիքն իրապես սիրողները ձայնազուրկ են դարձել. նրանց յուրաքանչյուր բառը՝ բանակի թերությունների մասին, դիտվում է որպես հայրենադավություն ու քարկոծվում: Իսկ այս ձայնեղների բանակն այնպես է գերակշռող դարձել, որ բանակի թերությունների մասին ոչ միայն չի խոսվում, այլեւ դրանք փակ դռների ետեւում ծաղկում են ու բարգավաճում: Հաստավիզ գեներալներին ոչ ոք չի ասում՝ աչքիդ վերեւ հոնք կա: Բանակի պարենը լափողները շարունակում են դղյակներ կառուցել: Զինվորին ծեծողները՝ խրախուսվել: Ամեն ինչ արվում է, որ զինծառայողի հաշվին տուն պահողները դժգոհ չլինեն իրենց «սոցիալական վիճակից»: Իսկ զինվորների ծնողները գլուխները կախ հաշտվեն այս իրավիճակի հետ՝ մուծվեն, քծնեն եւ դիակներ ստանալիս չընդվզեն: