Չարի վերջը

Չարի վերջը
Ընդամենը 2 օր առաջ՝ երկուշաբթի օրը, «Մեթալ փրինս» կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մի գրություն էր հղել ինձ՝ «Հրապարակի» խմբագրիս. «Ի պատասխան Ձեր նյութի՝ հայտնում ենք. որքանով որ հայտնի է՝ դեռեւս չկա համապատասխան մեղադրական դատավճիռ, ուստի նյութում տեղ գտած «սփյուռքահայ մանկապիղծ» արտահայտությամբ Դուք որերորդ անգամն է, խախտում եք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը՝ «Անմեղության կանխավարկած»: Պահանջում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել Ձեր կողմից թույլ տրված սխալներն ուղղելու համար»: Մենք մի անգամ արդեն «համապատասխան քայլեր» ձեռնարկել էինք՝ դեկտեմբերի 3-ի մեր հրապարակմանն ուղարկված ոստիկանության հերքումը տպագրելով: Այս անգամ որոշեցինք չշտապել, եւ, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. երեկ «Մեթալ փրինսի» սեփականատիրոջը մեղադրանք են առաջադրել եւ ձերբակալել: Իսկ գլխավոր դատախազությունն արդեն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է ոմն մեծահարուստ տարիներ շարունակ անպատիժ պղծել մեր տղաներին եւ հիմնականում մամուլի ջանքերով ի վերջո բացահայտվել: Ոչ միայն պղծել է, այլեւ տաքուկ տեղեր զբաղեցրել՝ վարչապետի խորհրդական է աշխատել, ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է եղել: Ամեն դեպքում, ինչպես մեր ընթերցողներից մեկն ասաց՝ բանը հասել է այնտեղ, որ ուրախանում ենք, երբ մեզանում օրենքը գործում է, եւ մեղավորները պատժվում են: Անշուշտ, ֆորմալ առումով ճիշտ է նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանը, որը հայտարարում է՝ չկա դատավճիռ, հարգեք անմեղության կանխավարկածը: Սիրով: Բայց ոչ այս հանցագործության պարագայում: Մանավանդ Ալավերդու տարածաշրջանում նրա հանցանքը վաղուց է ապացուցված, իսկ ժողովրդի դատը հաստատ ավելի արդար է, քան մեր դատական համակարգինը: