Սերժ Սարգսյանը հաղթե՞ց, թե՞ նվաստացավ

Սերժ Սարգսյանը հաղթե՞ց, թե՞ նվաստացավ
Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քաղաքական ուժերը կարծես ընդհատակ են անցել՝ բոլորը խուսափում են լրագրողների հետ շփվել եւ տեսակետներ հայտնել ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիոն հուշագրի վերաբերյալ:



Փոխարենը՝ երեկ իրենց վրա այդ պարտականությունն էին վերցրել «Հայելի» ակումբի հյուրեր՝ գրող-հրապարակախոսներ Տիգրան Պասկեւիչյանը եւ Արծրուն Պեպանյանը: Բանախոսների կարծիքով՝ մեր երկիրն այսօր «տխուր» վիճակում է. Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը շղթայական ռեակցիայով տարածվում է եւ կարող է հասնել Հայաստան, հետեւաբար՝ իշխանությունները փորձեցին դիրքային հարցեր ճշտել:



«Մի բան, որ երբեւէ չէր եղել Հայաստանում կամ եթե եղել էր, չէր դարձել հանրային քննարկման առարկա: Դա արհեստածին լինել չէր կարող, որովհետեւ որեւէ մարդ, որ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, որն առաջին դեմքն է, չէր ցանկանա էդ աստիճան նվաստանար՝ ինչ-որ բաներ հասարակությանն ապացուցելու կամ ցույց տալու համար: Անգամ այն բանից հետո, երբ Ծառուկյանն ստորագրեց Սերժ Սարգսյանի անունը պարունակող ներկոալիցիոն հուշագիրը, կարծում եմ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը նվաստացած վիճակում է»,-սա Տիգրան Պասկեւիչյանի բնորոշումն է, ում կարծիքով՝ եթե իրենք կոալիցիա են,  քաղաքական թիմ, նման հարց չպետք է առաջանար:



«Իրականում ստեղծվեց այսպիսի իրավիճակ, ճիշտ է՝ ամեն ինչ լավ չի, ճիշտ է՝ ամեն ինչ էնպես չի, ճիշտ է՝ դու լավ նախագահ չես, բայց մենք ստիպված ենք ստորագրել ներկոալիցիոն հուշագիրը»:



Արծրուն Պեպանյանն էլ հայկական կուսակցությունները նմանեցրեց բիզնես ակումբների: «Կցանկանայի, որ «Բարգավաճի» եւ Հանրապետականի միասնություն չլիներ, տարաձայնություններ ունենային: Երբ 2007-ին ստեղծվեց ԲՀԿ-ն՝ հենց հակակշիռ ապահովելու նպատակ ունեին: Իշխանության մեջ իշխող երկու մարդիկ խնդիրներ ունեին իրար մեջ, եւ երկու բեւեռ էր պետք:



Սակայն այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաղթեց, իրեն միավորեց: Հիմա հաշիվը դարձավ 2:0: Սերժ Սարգսյանը շահեց, բայց ազգը կորցրեց եւս մի հնարավորություն: Ավելի դյուրին կլինեին խաղի կանոնները, եթե լիներ իշխանական երկու բեւեռ եւ երրորդ բեւեռը՝ ընդդիմություն»: Իսկ հնարավո՞ր է, որ այս գործընթացը լինի շարունակական, եւ Սերժ Սարգսյանն իր ձեռքում հավաքի բոլոր օլիգարխներին: Պեպանյանն այսպես պատասխանեց. «Նա, ով օլիգարխների հարցը լուծում է... ինչի՞ն է պետք հավաքել բոլոր օլիգարխներին, եթե ունի միլիարդներ: Ինչի՞ն է պետք ողջ Հայաստանը: Վերացնի բոլոր օլիգարխներին, որ բոլոր սուպերմարկետները լինեն նրա՞նը: Ինչի՞ն է դա պետք»:



«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, քանի որ էն մարդը, որ ունի իշխանական լծակներ, ունի նաեւ որոշակի պարտավորություններ էն մարդկանց հանդեպ, ում մենք կոչում ենք օլիգարխներ»,-համոզմունք հայտնեց Պասկեւիչյանը: