Հայրենասիրություն խաղալու ժամանակները

Հայրենասիրություն խաղալու ժամանակները
Վերջերս հեռուստաեթերից հեռարձակվող հերթական կլոր սեղան-բանավեճի ժամանակ հնչած մի արտահայտություն չվրիպեց ուշադրությունիցս: Մեր այսօրվա հասարակական կյանքի հիմնախնդիրներից մեկին` արտագաղթին նվիրված բանավեճի ժամանակ, ընդդիմադիր կողմի արտահայտած մտահոգություններին հակառակ, ՀՀԿ-ական պատգամավորը (անունն էական չէ) պնդեց, թե իրեն չեն անհանգստացնում արտագաղթի ներկա միտումները, եւ որ ինքը երբեք չէր լքի իր հայրենիքը:



Մեկը հարցներ, թե ՀՀԿ-ական պատգամավորն ինչո՞ւ պիտի լքի Հայաստանը, երբ շերեփը ձեռքին հայտնվել է մեղրի կարասի կողքը ու դեռ շահարկելով ցավոտ խնդիրներ, հայրենասիրություն է խաղում: Սակայն բեւեռենք մեր ուշադրությունը նրա արտահայտած մտքի առաջին մասի վրա՝ նրան չի անհանգստացնում արտագաղթի խնդիրը: Չգիտեմ, միգուցե ՀՀԿ-ական պատգամավորն առանձնապես խոր իմաստ չի դրել այդ բառերի մեջ, սակայն ցանկության դեպքում դրանց մեջ իրոք կարելի է խորքային շերտեր գտնել: Չէ որ ներկայիս արտագաղթն իր քանակական դրսեւորումներով, իսկ որակապես էլ նախորդ տարիներից տարբերվելով, ոչ միայն չպետք է անհանգստացնի մեր իշխանական վերնախավին (իսկ ՀՀԿ պատգամավորը հենց այդ վերնախավի ներկայացուցիչն է), այլեւ բավական շահեկան իրավիճակ ստեղծի նրանց համար:



Եթե 90-ականների սկզբին, որ մեր նորօրյա պատմության մեջ ամրագրվեցին «ցուրտ ու մութ տարիներ» անվանմամբ, գնում էին նույն ցրտի ու մթի հետեւանքով, շատերը քաջ գիտակցելով, որ դա ժամանակավոր խնդիր է, ուրեմն եւ ժամանակավոր է Հայաստանից իրենց բացակայելու ձգտումը, ապա այսօր արդեն գնացողների հիմնական մոտիվացիան գնալով խորացող հիասթափությունն է ու ապագայի նկատմամբ հույսի բացակայությունը, ինչը ոչ մի կերպ ժամանակավոր լինել չի կարող:



Եթե փորձենք պատկերացնել այսօրվա երկրից գնացողների միջինացված սոցիալական կտրվածքը, ապա դրանք հիմնականում իրենց տեղը չգտած, ուրեմն եւ` դժգոհ, բայց նաեւ ինչ-որ բան անելու ունակ մարդիկ են: Այսպիսով, միանգամից լուծվում է երկու կարեւորագույն խնդիր: Մի կողմից` առավել անհանդուրժող զանգվածի նվազելով, վարչակարգի համար հեշտանում է երկրում իրավիճակը վերահսկելը: Առավել եւս, որ առաջիկայում ընտրություններ են, եւ որքան սահուն անցնի տոկոսներ «նկարելու» գործընթացը, այնքան գլխացավանքն ու անցանկալի, բայց հնարավոր հետեւանքները՝ քիչ: Մյուս կողմից էլ լուծվում է սոցիալական խնդիրը. պետական համապատասխան ատյանների փոխարեն արտերկրում գտնվող մեր համերկրացիներն են լուծում ազգաբնակչության կենսապահովման խնդիրը: Մի խոսքով` մի կրակոցով երկու նապաստակ:



Եթե նաեւ հաշվի առնենք, որ 2010-ին, այսինքն արտագաղթի վիճակագրության առումով համարյա ռեկորդային տարում (ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 85 հազար մարդ է լքել Հայաստանը, իսկ մենք գիտենք, որ իրականում թվերը պաշտոնականից մեծ են լինում), միայն վերջին ամիսներին էր գնաճը մոլեգնում, այսինքն տարվա ընթացքում դուրս գնալու մոտիվը հիմնականում ոչ այնքան սոցիալական էր, որքան քաղաքական, իսկ անցած տարեվերջի գնաճը գրեթե նույն պրոգրեսիայով շարունակվում է նաեւ այս տարեսկզբին, ապա կարող ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, այս տարի արդեն նաեւ սոցիալական հենք ունեցող արտագաղթի աճի միտումներն առնվազն չեն նվազի եւ, որ ավելի հավանական է՝ կաճեն:



Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ արտագաղթը Հայաստանում պետական մակարդակով վարվող ծրագիր է, քանի որ մեր այրերի համար լուծում է միանգամից երկու կարեւոր խնդիր: Դե պարզ չէ՞, որ մանր ու մեծ իշխանավորներն էլ ոչ միայն չեն ցանկանա լքել իրենց հայրենիքը, այլեւ վաղն է՛լ ավելի անհոգ ու հանգիստ կապրեն: Ու դեռ հայրենասիրություն էլ կխաղան:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ