Հղիները ստիպեցին հիշել ծնելիության խթանման մասին

Հղիները ստիպեցին հիշել ծնելիության խթանման մասին
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:



Հիշեցնենք, որ այս օրենքում կատարված փոփոխությամբ  նպաստի առավելագույն չափ էր սահմանվել ամսական 150 հազար դրամը, ինչը դժգոհություն էր առաջացրել այն կանանց շրջանում, ովքեր նախքան հղիությունն ավելի բարձր աշխատավարձ էին ստանում: Մինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այս կապակցությամբ պարզաբանումներ կներկայացներ լրագրողներին,  նախ արտահայտվեց վարչապետը՝ սկսելով նրանից, թե ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասով արձանագրվել են լուրջ խախտումներ: Ապա վերաշարադրեց բազմիցս արտահայտած խախտումները, որոնք եւ պատճառ էին դարձել օրենքի փոփոխության:



«Հղի կինը մեկ-երկու օրով ընդունվում էր աշխատանքի, նրան նշանակվում էր մեկ ամսվա աշխատավարձ՝ մի քանի միլիոն դրամ, եւ անմիջապես դրանից հետո նա անցնում էր այդ արձակուրդային ռեժիմին, եւ պետությունը պարտավոր էր  նրան վճարել այնքան աշխատավարձ, ինչքան որ վերջին ամսվա ընթացքում նրան նշանակել էր գործատուն: Հասկանալի է, որ այս  մախինացիան կատարվում էր այն նպատակով, որպեսզի մտնեն պետության գրպանը եւ գումարներ տանեն»,- այսպիսի խստաշունչ մեկնաբանությամբ ներկաներին զարմացրեց վարչապետը:



Ապա շարունակեց՝ մանրամասնելով փոփոխությունների ընթացքը. «Մենք կոպիտ լուծում տվեցինք՝ 150 հազար դրամ նպաստ նշանակեցինք 100 հազար դրամ միջին աշխատավարձի պայմաններում: Այդ չարաշահումները վերացան, սակայն դժգոհություններ առաջացան այն անձանց շրջանում, ովքեր տարիներով ավելի բարձր աշխատավարձ էին ստանում: Այս օրենսդրական նախաձեռնություններով մենք այս հարցը լուծում ենք եւ ասում, որ եթե մարդիկ օրինական աշխատանք ունեցել են եւ ստացել բարձր աշխատավարձ, պետությունն իր պարտավորությունը կկատարի, եւ անաշխատունակության հարցում մենք նրանց գումարը կտանք:



Մենք հետադարձ ուժ ենք տալիս այս օրենքին, եւ այն բոլոր կանայք, որոնք անաշխատունակության ռեժիմում են հայտնվել, բայց իրականում նրանք 12 ամսվա ժամանակահատվածում բարձր  աշխատավարձ են ստացել, մենք նրանց կորուստները կկոմպենսացնենք»: Տիգրան Սարգսյանն այս փոփոխություններն ուժի մեջ մտնելը հապշտապ համարեց՝ այն բացատրությամբ, որ ծնելիության խթանման ծրագիրը բնականոն շարունակություն է ունենալու:



Իսկ սոցիալական հարցերի նախարարի մեկնաբանմամբ՝ հղիության նպաստը կվճարվի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձի չափով: Նրանք, ովքեր քիչ են աշխատել, աշխատած ժամանակահատվածի եկամուտը կբաժանվի 12 ամսվա վրա:  Արթուր Գրիգորյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունները մշակվել են՝ հիմնվելով 35 հասարակական կազմակերպությունների կարծիքների վրա: