«Տաշած» հանրապետականը գետնին չի մնա

«Տաշած» հանրապետականը գետնին չի մնա
Շուտով ՀՀԿ-ն, ըստ պտտվող լուրերի, Գագիկ Բեգլարյանին լիուլի վարձահատույց կլինի` Երեւանի քաղաքապետի պաշտոնը տարօրինակ ձեւով նրանից խլելու համար:



Հավանաբար հանրապետականները խորհրդի նիստ են արել ու եկել այն եզրակացության, որ հանրահայտ երգիչների համերգների օրերին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Գագիկ Բեգլարյանն իրեն կդրսեւորի մի փոքր այլ կերպ, քան նախկին պաշտոնում: Այս տեղեկատվությունն ուշագրավ է նաեւ այն տեսանկյունից, որ հիշյալ պաշտոնը, կարծես, Երեւանի նախկին քաղաքապետների համար վերածվում է պահեստային պաշտոնի` լավ չաշխատեցիր կամ մարդ ծեծեցիր քաղաքապետի պաշտոնում` գնա կադաստր: Իսկ ո՞ւր գնալ կադաստրից հետո: Պարզվում է՝ սա էլ վերջը չէ: Կա տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, որն էլ կադաստրից հետո, ըստ նույն լրաբերի, կզբաղեցնի Երվանդ Զախարյանը:



Բնական հարց` իսկ ո՞ւր գնա տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Եթե այս երիտասարդի պարագայում էլ պիտի գործի քաղաքապետների պաշտոնափոխության ընթացակարգի տրամաբանությունը, ապա մնում է ենթադրել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ՏԿ նախկին նախարարն էր, եւս ենթակա է տեղաշարժի: Իսկ ո՞ւր տանել Հովիկ Աբրահամյանին, երբ, ինչպես ինքն է ասում, նա արդեն նախագահ է եւ հանրապետության նախագահ էլ չի ուզում դառնալ: Ի՞նչ է ստացվում…



Սպասեք, մենք կարծես մի տեղ սխալվեցինք ու առաջացանք սխալ ճանապարհով: Հավանաբար մինչեւ Հովիկ Աբրահամյանին հասնելը պետք է ուրիշ տեղաշարժեր եւս կատարվեն: Եթե դրանք այն են, ինչ մենք ենք մտածում, ապա այնքան էլ ճիշտ չէ դրանց «տեղաշարժ» ասելը: Մեզ հավանաբար ցունամի է սպասվում` «Տիգրան Սարգսյանի կառավարությունը կար, Տիգրան Սարգսյանի կառավարությունը չկա» թեմայով:



Կոալիցիայի համատեղ հայտարարությունը, խնդրում ենք, կարդացեք ուշադիր: Միակ հարցը, որ առաջանում է դրանից հետո, հետեւյալն է՝ ի վիճակի՞ է ֆինանսի տեսակետից «ժմոտ» մեր կառավարությունը լուծել այն սոցիալական խնդիրները, որոնք մինչ օրս փառավորապես տապալել է: Իհարկե` ոչ: Եվ Սերժ Սարգսյանին, բնական է, ժամանակը չի բավարարի հանրապետական մինիստրներին մեկիկ-մեկիկ վաստակած հանգստի ուղարկել: ՀՀ նախագահի գործը հեշտանում է նաեւ նրանով, որ նախարարների մեծ մասը Գագիկ Բեգլարյանի նման «տաշված» հանրապետականներ են եւ իրավունք չունեն նեղանալու իրենց կուսակցապետից: Կուսակցապետն ինչ անում է` երկրի բարօրության համար է անում, կոալիցիայի համատեղ հայտարարության ոգով: Այլապես 2013-ին սատարող չի մնա` նաեւ սա պետք է հասկանան: Իսկ տղերքը կհասկանան ու կսպասեն, թե երբ է գալու գետնին չմնալու իրենց հերթը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ