Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Ես ութսուն տարեկան եմ, առաջին խմբի հաշմանդամ, վատառողջ, գամված անկողնուն: Ապրում եմ 70-ամյա կնոջս հետ, ով նույնպես հաշմանդամ է՝ 2-րդ խմբի: Մեր ապրուստի միակ միջոցը երկուսիս կենսաթոշակի գումարն է, որը վերջին 2 հազար 500 դրամ ավելացումից հետո կազմում է 74 հազար 388 դրամ: Նշված գումարի գրեթե 50 տոկոսը մենք ծախսում ենք օր օրի թանկացող դեղորայքի վրա:



Մյուս կեսը՝ կոմունալ ծառայությունների վարձավճարների, իսկ որոշ սննդամթերքներ ու հանապազօրյա հացը մենք, թեեւ ամոթով, բայց ճարահատյալ ձեռք ենք բերում խանութների պարտքատետրերում պարտքեր գրանցելով: Այսպիսին է իմ սոցիալական կարգավիճակը: Նշեմ նաեւ, որ ես 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի թիկունքային վետերան եմ, ինչի համար կառավարության կողմից արժանացել եմ մեդալի եւ վկայականի: Պարոն նախագահ, ես անկարող եմ նկարագրել իմ ուրախության չափը, երբ իմացա կառավարության որոշումը, համաձայն որի՝ Հայրենական մեծ պատերազմի 65-րդ տարեդարձի կապակցությամբ պատերազմի վետերաններին ու նրանց հավասարեցված անձանց իրավունք է վերապահվում ստանալ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ բանկերում ներդրած իրենց ավանդները:



Փառք քեզ, տեր Աստված, փառք ձեզ, կառավարության մեր ղեկավար այրեր: Ես էլ ունեմ ներդրած ավանդ՝ 5 հազար խորհրդային ռուբլի: Կստանամ դրա համարժեք դրամը, կմարեմ խանութներում կուտակած պարտքերս եւ մաքուր խղճով, ազնիվ մարդու կերպարով հրաժեշտ կտամ երկրային այս կյանքին: Այսպես ոգեւորված՝ դիմեցի մեր տարածքային վետերանների խորհրդի նախագահին, ով քաջատեղյակ է իմ կարգավիճակին: Վերջինիս խորհրդով նույնանման բովանդակությամբ մի նամակ էլ հղեցի ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին: Որոշ ժամանակ անց ստացա պատասխան. որ Հայրենական մեծ պատերազմի թիկունքային վետերանները պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք չեն համարվում, եւ քանի որ 2005թ. հունվարից կենսաթոշակս 450 դրամով ավելանալու պատճառով ես դուրս եմ մնացել ընտանեկան նպաստի հաշվառումից, ուստի իրավունք չունեմ իմ ներդրած ավանդն ստանալ: Ինչ արած, համակերպվեցի այդ անարդար իրականությանը:



Մի քանի օր անց՝ 2010թ. մայիսի 9-ին, երբ հանրապետությունում նշվում էր Հայրենականի հաղթանակի 65-րդ տարեդարձը, անկողնուն գամված սպասում էի, որ ուր որ է մեկը կբախի մեր տան դուռը, կշնորհավորի 65-ամյակի առթիվ եւ կհանձնի կառավարության կողմից տրված մեդալն ու վկայականը: Սպասում էի, որ կզանգեին քաղաքապետարանից կամ վետերանների խորհրդի մեր գրասենյակից, կամ էլ զինկոմիսարիատից եւ կասեն՝  «եկեք, Ձեր մեդալը ստացեք»: Ավաղ...



Պարոն նախագահ: Ես նեղացած եմ Ձեզանից: Հոգուս խռովքն էլ կապված է մեր՝ վետերաններիս նկատմամբ Ձեր անտարբերության, անուշադրության եւ մեզ անտեսելու հետ: Անգամ ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը բոլոր վետերաններին, անկախ նրանից՝ պատերազմի անմիջական մասնակիցներ են, թե թիկունքային, ուշադրության կենտրոնում պահելով, բոլոր-բոլորին մեդալներ ու վկայագրեր հանձնեց: Իսկ Դուք...



Ես հիշաչար չեմ: Փորձում եմ հասկանալ Ձեզ, արդարացնել մեր նկատմամբ Ձեր անտարբերությունը: Հասկանում եմ Ձեր ախն ու վախը: Չէ որ մեծ է մեր պետբյուջեի ճեղքվածքը... Բայց  մի՞թե այդքան ծախսատար է մի քանի հարյուր վկայագրեր տպագրելն ու մեդալներ պատրաստելը: Վերջերս ընկերներիցս մեկն ասաց. «Ի՞նչ ես այդքան նեղսրտվում մի թղթի ու մի թիթեղի կտորի համար»: Պատասխանեցի, որ դրանք ինձ համար պարծանք եւ հպարտություն են, մեր նկատմամբ տածած  ուշադրություն: Ես իմ կյանքի մայրամուտն եմ ապրում: Իմ օրերը հաշված են, եւ դժվար թե իմ՝ ներդրած ավանդս ստանալու հերթը հասնի, ուստի այն նվիրում եմ Ձեզ՝ պայմանով, որ այն կօգտագործեք հանրապետությունում ինձ նման դեռեւս կենդանի մի քանի հարյուր վետերանների սիրտը շահելու նպատակով:



 



Վարոս ԵՍԱՅԱՆ



Հայրենական մեծ պատերազմի թիկունքային վետերան



Մեղրի