Այն մասին, թե որտեղ են սխալվում երիտասարդները

Այն մասին, թե որտեղ են սխալվում երիտասարդները
Սեքսի հարցում երիտասարդներին խորհուրդներ կարող են տալ միայն սեքսոպաթոլոգները: Ու, քանի որ այցելուները երիտասարդ են տակավին, նրանց հաստատ կբացատրեն, թե ինչպես կարելի է նորմատիվային 12 վայրկյանում եւ ընդամենը 200 դրամով պաշտպանվել զանազան անցանկալի հիվանդություններից:



Այս գովազդը հնչում է հայկական ռադիոսփյուռներից` օվա մեջ երեւի մի հարյուր անգամ:



Իսկ ինչպիսի գովազդ մտածել երիտասարդ կուսակցական գործիչների համար, որ նրանք կարողանան զերծ մնալ գոնե գաղափարական կատակլիզմներից, որոնք չգիտես երբ եւ հատկապես իրենց որ հայտարարությանը կարող են հաջորդել: Հավանաբար պետք է դիմեն իրենց գաղափարակից ավագներին: Դրանից մեր հերոսների օգուտը, ճիշտ է,  շատ մեծ չի կարող լինել, բայց եւ վնաս էլ չկա:



ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, կրկնելով իր որոշ ընկերներին, հայտարարում է, որ գաղափարական հենքի վրա ընդդիմադիր ալյանսներ դժվարանում է տեսնել: Նման բան ասողը, թվում է, պետք է առնվազն վստահ լինի, որ գաղափարական ալյանսներ, ի տարբերություն ընդդիմադիր դաշտի, իշխանական դաշտում կան: Ուշադրություն դարձրեք, խնդրեմ ձեւակերպմանը` գաղափարական ալյանս եւ ոչ թե ինչ որ հարցի շուրջ միավորում: Հավանաբար պարոն Շարմազանովը դեռ այն կարծիքին է, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նորացված դաշինքը ավելին է, քան կերակրատաշտի չափաբաժինները ճշտելու հարցով այդ ուժերի միավորումը: Փոխարենը` «Ընդդիմադիր ուժերից մեկը` Տ.Կարապետյանի ԺԿ-ն, արդեն հայտարարել է, որ չի միանա Տեր-Պետրոսյանի շարժմանը։ Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը գաղափարական հակադիր դաշտերում են» եւ «Ժառանգությունը» անկանխատեսելի քաղաքական ուժ է` շատ դեպքերում ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, կամ արտաքին ճնշումների ազդեցության տակ փոխում է իր դիրքորոշումը»: Այս երկու նախադասությամբ է Էդուարդ Շարմազանովը մեկնաբանում իր համոզմունքը, որ ինչպես իշխանական կուսակցությունների դեպքում եղավ, ընդդիմադիր դաշտում միավորում լինել չի կարող:



Բայց նկատո՞ւմ է արդյոք երիտասարդ գործիչը, որ սեփական հայտարարություններով անգամ չի բացառում առնվազն ընդդիմադիր երկու «ալյանսի» ձեւավորում: ԺԿ նախագահի հայտարարությունը հիմք տալի՞ս է արդյոք մտածելու, որ նա գաղափարական հակառակորդ է թե Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ թե Դաշնակցությանը, եւ ապա` «Ժառանգության» անկանխատեսելիությունը համոզմո՞ւնք է առաջացնում Շարմազանովի մեջ, որ այդ կուսակցությունը վերջնականապես չի հայտնվի ՀԱԿ ճամբարում կամ իր կապերը վերջնականապես չի կտրի այդ ճամբարից: Ահա այսքան հարցեր են ծնվում Շարմազանովի ընդամենը մեկ հայտարարությունից:



Քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս գործչի քաղաքական սայթաքումներին, բայց տարբեր կուսակցությունների գաղափարական ուղղվածության եւ էության մասին նրա գիտելիքներին, ինչ մեղքներս թաքցնենք, ծանոթ չէինք: «Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը գաղափարական հակադիր դաշտերում են` չեմ կարծում, թե սոցիալիստ-ազգայնականները, ի դեմս Դաշնակցության, կարող են դաշինք կազմել ծայրահեղ ազատական ՀՀՇ-ի հետ, որը ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է համարում»։ Լեւոն Տեր Պետրոսյանի գործն, ի դեպ, շատ կհեշտանար, որ Դաշնակցությունը սոցիալիստ-ազգայնական լիներ, որովհետեւ ազգայնականությունն ինքնին մերժելի երեւույթ է: Բայց դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ազգային եւ ազգայնական բառերն ու հասկացություններն են շատ տարբեր: Դրանց տարբերությունն այնքան է, որքան ազգային գաղափարախոսությունն ու ազգայնական նկրտումներն են տարբեր, որքանով տարբեր են ազգային-ազատագրական շարժումն ու ազգայնական նկատառումներով ուրիշ ազգերի ճնշումը: Եթե դժվար է սա ընկալել մայրենի լեզվով, ապա քաղաքական գաղափարախոսությունների ասպարեզում լուրջ կարիերա անող գործչին շատ կօգնեն միջազգային գրականությունից հայտնի հետեւյալ տերմինները` «nation- nationism- nationalism եւ нация-национальный-националистический»: Ինչեւէ:



Քանի որ ինքնադրսեւորման առումով ընդհանրությունները շատ են, մի երկու խորհուրդ էլ, թերեւս, արժեր տալ «Ժառանգության» ծագող արեւին` Արմեն Մարտիրոսյանին: Նա, իհարկե, Շարմազանով չի դառնա, բայց ունի մի հատկանիշ, որ իր սերնդակիցներից շատերին է հատուկ: Մարտիրոսյանին բավականին հեշտությամբ է տրվում իր կուսակցության հասցեին իշխանական ճամբարից, տվյալ դեպքում Շարմազանովի շուրթերից հնչած որակումները հաստատելու գործը: Նա էլ իր մի հայտարարությամբ հասցրեց ապացուցել, որ Շարմազանովն, այո, ճիշտ է, երբ «Ժառանգությանն» անկանխատեսելի է համարում: Եվ դա շնորհիվ այն բանի, որ, փոխանակ նշելու ՀԱԿ հանրահավաքում «Ժառանգության» հայտնվելու բուն պատճառը կամ պատճառները, մեջտեղ է բերում ժողովրդի հետ լինելու ցանկությունը:



Այս միտքը զավեշտալի է այնքանով, որ աշխարհում դեռեւս չի եղել մի քաղաքական ուժ, որ ժողովրդի հետ լինելու ցանկություն երբեք չի ունեցել: Կարող եք հարցնել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին: Այլ հարց է, թե երբ է բռնում քաղաքական ուժի սույն ցանկությունը եւ ինչեր պետք է տեղի ունենան, որ նա «բուժվի» այդ ցանկությունից: Իսկ քանի դեռ քաղաքական ուժը չի կարողանում բացատրել, թե կոալիցիոն հայտարարագրի թեմայով ծագած ընդհանուր մտահոգությունն ինչպես է իրեն հասցնում «խորհրդարանական ղրղզացման» եւ «ստիպում», ամբիոնը թողած, ծաղկեփնջերով կանգնել ժողովրդի կողքին ու լռել, ոչինչ չանել մտահոգությունը փարատելու համար, ապա այդ ուժին տրվելիք գնահատականը հենց անկանխատեսելին է, օտար ուժերի կողմից ղեկավարելի լինելը: Եվ չարժե նեղանալ, երբ արդեն անձամբ ես հաստատել դա, մամուլով:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ