Միրոնովն ու մարտի 8-ը

Միրոնովն ու մարտի 8-ը
Այսօր դերասան Անդրեյ Միրոնովը կդառնար 70 տարեկան: Նրա մասին պատմելիս հիշում են, որ «նա ծնվել ու մահացել է բեմի վրա»: Իրոք, նրա մոր` անվանի դերասանուհի Մարիա Միրոնովայի երկունքի ցավերը բռնել են հենց բեմի վրա, եւ մի քանի ժամ անց, արդեն ծննդատանը, 1941թ. մարտի 7-ին ծնվել է ապագա դերասանն ու երգիչը:



ԶԱԳՍ-ում ծննդյան օրը նշվել է մարտի 8-ը, քանի որ մայրը ցանկացել է, որ որդին «նվեր լինի բոլոր կանանց` իրենց տոնի առթիվ», իսկ ազգանվան հարցում քաղաքական մոտեցում է ցուցաբերվել: Հոր՝ Մենակեր ազգանունը չափից ավելի հրեական էր, իսկ ԽՍՀՄ-ում գիտեին, որ դա հղի է անցանկալի հետեւանքներով, եւ այդպիսով Անդրեյը կրեց մոր «անշառ» ազգանունը: Ի՜նչ իմանար մայրը, որ որդին իսկապես յուրահատուկ նվեր է դառնալու կանանց համար, եւ վերջիններս այդքան մեծ դեր են խաղալու նրա կյանքում: Միրոնովի կյանքն անցավ փոթորկի պես. անհամար դերեր թե թատրոնում, թե կինոյում, իրար հաջորդող հյուրախաղեր ԽՍՀՄ-ում, արտերկրում, անթիվ երկրպագուհիներ, բուռն սիրավեպեր:



Ինչ խոսք՝ նման կյանք վարելով, նա չէր կարող նաեւ ոմանց նախանձը չառաջացնել: Մասնավորապես 80-ականների սկզբին նա եզակի ԽՍՀՄ քաղաքացիներից էր, որ «Բումեռ» էր վարում, ինչը չէր կարող վրիպել խորհրդային չինովնիկների անառողջ ուշադրությունից: Իր կյանքում մեծ դեր խաղացած ու ամենամտերիմ մարդկանցից մեկի` կինոռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի մասին պատմելիս մի առիթով Միրոնովն ասել է, թե «Հենրիկի կարճ կյանքն արդյունք էր այն բանի, որ նա չափից ավելի զգայուն, ակտիվ, էմոցիոնալ մարդ էր եւ ժամանակից շուտ ինքն իրեն այրեց, պարպեց՝ կյանքը շրջապատին նվիրելով ասելիքը հասցնել կարողանալու նպատակով»:



Հենրիկ Հովհաննիսյանի ճակատագիրը գրեթե նույնությամբ վիճակված էր Միրոնովին. նա նույնպես մահացավ 46 տարեկանում՝ իր բուռն կյանքի ընթացքում նույնպես իրեն պարպելով ու այրելով: 1987թ. օգոստոսի 14-ին Ռիգայում, հյուրախաղերի ժամանակ, իր ամենասիրած կերպարներից մեկի` Ֆիգարոյի դերը խաղալիս վերջին դրվագներից մեկում կաթվածահար եղավ եւ 2 ժամ անց, գիտակցության չգալով, մահացավ հիվանդանոցում: Իրոք որ՝ ծնվեց ու մահացավ բեմի վրա: Իսկ մեզ թողեց մի անփոխարինելի ժառանգություն՝ 50-ից ավելի կինոդերեր, իր երգերի 11 ձայնասկավառակ եւ այդքան առողջ ծիծաղ, ժպիտ, սեր եւ մարտիության ծաղիկներ...



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ