Յուրաքանչյուրին՝ մեկ համակարգիչ

Յուրաքանչյուրին՝ մեկ համակարգիչ
Մարտի 4-ին Արցախի կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի նիստին մասնակցում էր նաեւ վարչապետ Արա Հարությունյանը։ Նախարար Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է 2010 թ. կատարված աշխատանքները:



Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվել հանրակրթությանը՝ իբրեւ ոլորտի գերակա ուղղություն: Կատարված բարեփոխումների շարքում նախարարը կարեւորել է անցումը 12-ամյա կրթական համակարգին: Չնայած Արցախում շատ քիչ փորձառու մանկավարժ կարելի է գտնել, որ գոհ լինի 12-ամյա ուսուցման անցնելուց։ Գոհ են միայն իշխանական վերին օղակի չինովնիկները, ովքեր վաղը նույն կերպ ողջունելու եւ «կարեւորելու են», ասենք, անցումը 14-ամյա ուսուցման՝ եթե, իհարկե, դրա համար ավելի վերից «դաբրո» իջեցված լինի: Վարչապետը հայտնել է, որ Արցախում արհեստագործական դպրոցների թիվն առաջիկայում մեկով կավելանա. նախատեսվում է Շուշիում կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր արհեստագործական կրթարան: Նիստում քննարկվել է նաեւ նախադպրոցական կրթության զարգացման խնդիրը: Արցախում գործող 40 մանկապարտեզներից 27-ը պետական կարգավիճակ ունի: Նախատեսվում է առաջիկայում նախադպրոցական ցանցն ավելի ընդլայնել:



+Նախարարության մեկ տարվա աշխատանքները գնահատվել են բավարար: Նիստում խոսվել է նաեւ ծայրամասային գյուղական բնակավայրերի դպրոցներ մասնագետ-ուսուցիչներ գործուղելու մասին: Վերջում ԿԳ նախարարը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Նրա ասելով՝ գալիք ուսումնական տարում կմեկնարկի «Յուրաքանչյուր աշակերտին՝ մեկ համակարգիչ» ծրագիրը, որի առաջին փուլում համակարգիչներ կբաժանվեն տարրական դասարանների աշակերտներին:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ