Չա՞ղ, թե՞ բախտավոր առողջ

Չա՞ղ, թե՞ բախտավոր առողջ
Խաշ-խորոված ուտող ժողովրդի տեսանկյունից սննդակարգի մասին խոսելը գուցե շատ ռոմանտիկ է հնչում, բայց անկանոն ու անշնորհք ուտելը մեզ մոտ այնքան է խորացել, որ՝ թեկուզեւ ռոմանտիկայի ժանրում, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ այս մասին բարձրաձայնել է պետք: Չէ, կոչ չեմ անում` «հերիք է ուտեք», պարզապես, ինչպես շատ ու շատ ասպարեզներում, այստեղ էլ պետք է արձանագրենք, որ ուտելու կուլտուրա չունենք:



Ուտում ենք  ինչ պատահի, ինչպես պատահի, երբ պատահի, ու հետո, երբ մեր օրգանիզմներն այսպիսի «սննդային բռնությանն» այլեւս չեն դիմանում, զարմանում ենք` ինչո՞ւ այսինչի սիրտը չդիմացավ, այնինչի շաքարը բարձրացավ, ու մյուսն էլ ճարպակալեց, մասնավորապես որովայնի շրջանում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «փոր գցեց»:



Վերջերս էլ ակտիվացել են սրտաբաններն ու դիետոլոգները, ովքեր վախենալու վիճակագրական տվյալներ են հրապարակում, կոչ անում հետեւել մեր առողջությանը, սակայն ուտող-խմող ժողովրդի համար այնքան էլ հեշտ չէ հրաժարվել ճարպոտ ու ճոխ սննդից: Ու հենց այս դեպքում է, որ մարդու ուղեղը, սիրտն ու ստամոքսը հակասությունների մեջ են մտնում, որովհետեւ,  եթե առաջինը գիտի վտանգը, երկրորդը զգում է այն, երրորդը չի  դիմանում գայթակղությանը:



Մինչ հայերի մի զգալի մաս մտածում է ստամոքսով, աշխարհում ճարպակալության ու դրա հետեւանքով առաջացած առողջական խնդիրներն այնքան մեծ ծավալների են հասել, որ զարգացած երկրներում գիտական լուրջ հետազոտությունները թվաբանությամբ չեն ավարտվում, մշակվում են տարաբնույթ սննդակարգեր, որտեղ շեշտը դրվում է ոչ թե քիչ, այլ ճիշտ ուտելու վրա:



Դանիացի գիտնականներն իրենց վերջին  ուսումնասիրություններից եզրակացրել են, որ պետք է օգտագործել կալցիումով հարուստ սնունդ՝ առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու համար: Ու  բացատրությունը հետեւյալն է. կալցիումով հարուստ սննդի գործածման դեպքում,  մասնավորապես ձկնեղեն ու կաթնամթերք, ճարպերն օրգանիզմից արագ են դուրս գալիս: Ի դեպ, եվրոպացիների մոտ ոչ յուղային սնունդ գնելու կուլտուրան ձեւավորվել է դեռեւս տարիներ առաջ, եւ մարդիկ գումար չեն խնայում մի քիչ թանկ, բայց ոչ վնասակար սնունդ գնելու համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կաթնամթերքին: Եվ ավելին՝ հիմա շատ զարգացած երկրներում կաթնային դիետայի մեծ բում է: Մասնագետներն էլ պնդում են, որ մարդիկ, օգտվելով ոչ յուղային կաթնամթերքից, ուշ են ունենում սովի զգացում, հետեւաբար հաճախ չեն ուտում, իսկ օրվա ընթացքում կերած սնունդն էլ ոչ թե վնասում, այլ օգնում է օրգանիզմին: Եվրոպայում արդեն թեւավոր խոսք է դարձել «ճարպը՝ դանդաղ ազդեցության ռումբ» արտահայտությունը, որը կարելի է փոխառել ու մտցնել մեր գիտակցության մեջ նույնպես, քանզի ճարպակալումը ոչ միայն էսթետիկական խնդիր է, այլեւ հիվանդություն, որը, ցավոք, այսօր խոր արմատներ գցելու միտում ունի:  Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, թե պետք է հրաժարվել մնացած սննդամթերքից, անգամ եթե դրանք հարուստ են ճարպերով: Խոսքը չափի, ձեւի ու վերաբերմունքի, սնվելու կուլտուրայի բացակայության մասին է, ինչով մենք  եվրոպացիներից հազարավոր քայլերով հետ ենք: Պարզապես ուտելիս պետք է առնվազն երկու օրգան աշխատեցնել, եւ առաջինը հաստատ ստամոքսը չէ:



Արեւիկ Մկրտչյան