Առաջին հերթին տարածքնե՞րը

Առաջին հերթին տարածքնե՞րը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում այսօր Ստեփանակերտում հանդիպումներ կունենան ԼՂՀ ղեկավարության հետ, իսկ վաղը կլինեն Երեւանում: Չնայած այցի օրակարգը պարզել մեզ չհաջողվեց, սակայն համանախագահների այս այցը տարածաշրջան ուշագրավ է դրան նախորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունների պատճառով:



Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում տեղի ունեցած Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի հրապարակած հայտարարությունում՝ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, ակնհայտ շտապողականություն կա խնդրի լուծման առումով եւ կոչ է արվում մինչեւ հունիսի 25-ի՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ  հակամարտող երկրների նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը գալ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման:



Հետեւաբար կարեւոր է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչպիսի առաջարկություններով հանդես կգան: Նշենք, որ համանախագահների տարածաշրջանային այցելությունը մեկնարկել է հունիսի 6-ին: Նրանք արդեն նախօրեին եղել են Բաքվում, իսկ երեկ ուղղաթիռով մեկնել են Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում անցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատել են սահմանը նախապես ականազերծված հատվածից: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հետ նոր առաջարկներ չեն բերել Բաքու:



Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ պայմանավորվածություն կա Լեռնային Ղարաբաղում խաղաղարար ուժերի տեղակայման մասին, որոնք ձեւավորվելու են ոչ համանախագահող երկրների եւ ոչ էլ հարեւան երկրների ուժերից: «Կանադայում կայացած Մեծ ութնյակի հանդիպմանը որոշակիացվել են հիմնական սկզբունքները, առաջին հերթին՝ օկուպացված տարածքներից հանվելու են հայկական զորքերը, պետք է բացվեն բոլոր կոմունիկացիաներն ու ճանապարհները, վերականգնվեն նախկինում օկուպացված տարածքները, հարկադիր փախստականները պետք է վերադառնան հարազատ տարածքներ, եւ խաղաղարար ուժեր տեղակայվեն»,- ասել է Մամեդյարովը, հավելելով, որ բոլոր հարցերը «լրացուցիչ քննարկում են պահանջում»:



Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական շփման գծում համանախագահողները հայտարարություններ են արել, մասնավորապես Բեռնար Ֆասիեն նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հնչեցրած հայտարարության համաձայն, եկել է հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների ընդունման ժամանակը:



«Մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկեցինք խնդրի կարգավորումը։ Բաքվից մենք մեկնում ենք Ստեփանակերտ, որտեղից էլ՝ Երեւան, ուր եւ կշարունակենք հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքները»,- ասել է Ֆասիեն։ Ռոբերտ Բրադկեն էլ նշել է՝ բոլորը պետք է իմանան, որ իրենք հանդես են գալիս միայն հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։



Ի դեպ,  կախված հայկական կողմին ներկայացված առաջարկություններից, չի բացառվում, որ ներքաղաքական վերջին անցուդարձի, մասնավորապես ընդդիմության հետ երկխոսելու վերաբերյալ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարություն անի: