Որտե՞ղ է անցնում Իրականի եւ Երեւակայականի միջեւ սահմանը (վիդեո)

Որտե՞ղ է անցնում Իրականի եւ Երեւակայականի միջեւ սահմանը (վիդեո)
«Մի վախեցիր, դա դու ես…»

«Մարդը վախենում է ինքն իր վախից…»

«Արդյոք գիտեք, որ այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում, իրականությանը չի համապատասխանում: Եվ որ այդ պատճառով Ձեր իրողությունների վերաբերյալ տեսակետը կարող է սխալ լինել եւ դրանից ելնելով, նաեւ Ձեր գործելակերպը…»:



Սրանք «Ֆրագմենտներ» են Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում բացված  Նարինե Զոլյանի «Նարինե Զոլյան/Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» ցուցահանդեսից: Ցուցահանդեսի մասին մեր գործընկերների` webtv.am-ի պատրաստված տեսանյութը կարելի է դիտել այստեղ:



«…Ի վերջո, որտե՞ղ է անցնում Իրականի եւ Երեւակայականի միջեւ սահմանը, ո՞վ է հետադարձ հաշիվը պահում, ո՞վ է ընթերցում, ո՞վ է համադրում, եւ ո՞վ է վերստուգում: Հեղինակի մահն ընդամենը պոստմոդեռնիստական հնարք է, սիմուլյակր…Տեքստի բազմակողմանիությունը չի բացառում ե′ւ հեղինակության, ե′ւ համահեղինակության հնարավորությունն ընթերցման բազմակողմանիության մեջ` տվյալ դեպքում ցուցահանդեսի տեսքով իմ ստեղծագործական կենսագրության ընթերցման», – ցուցահանդեսի մասին իր տեքստում գրում է Նարինե Զոլյանը:



Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանը նշում է, որ «Նարինե Զոլյանն իր անհատական նախագիծն է անում ՆՓԱԿ-ում` դրանից հետո Հայաստանից գնալու անթաքույց մտադրությամբ»:



Երբ անում ես նախագիծ մի դաշտում, որը լքելու մասին նախապես գիտես, վիճակը, որ ստեղծվում է, կարելի է անվանել «վերաքննություն լքվելիք դպրոցում» կամ «լինում է, չի լինում»: Նախագիծը, որն իրականանում է լքվելիք տարածքում, ո՛չ լինում է այդ տարածքում, ո՛չ էլ այն տարածքում, որտեղ պատրաստվում է տեղափոխվել արվեստագետը: Այն մնում է օդում կամ փոշիանում է վերաքննության` որպես ակտի հաջորդ իսկ պահին: Կարելի է թույլ չտալ փոշիացող ակտերի շարանը` արվեստաբանական միջամտությունների եւ պահպանողական ներկայացումների միջոցով, բայց ինչ-որ բան թույլ չտալու կամ փոշիացող ակտը խափանելու համար պետք է ունենալ բավարար պատճառներ…



Նարինե Զոլյանն իր նախագծերի նշանակալի մասն իրագործել է «Հայաստան-Դպրոց»-ից դուրս` Մոսկվայում: Եթե երբեւէ Նարինե Զոլյանի համար արվեստը եղել է պարզապես կենսաձեւ, ապա նա բավական երկար է արվեստի դաշտում, որպեսզի այն նրա համար դառնա պատվի կամ արժանապատվության հարց, ինչի համար էլ նա նախագիծ է անում լքվելիք տարածքում: Հակառակ ընթացքը` պատվի հարցից դեպի գոյության միջոց, ավելի նախընտրելի է եւ պակաս ցավոտ: