Արդյոք ուսանողներն իրենց խոսքի տերը կլինե՞ն

Արդյոք ուսանողներն իրենց խոսքի տերը կլինե՞ն
Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել ՀՀ  եւ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կանխել «համալսարանի գահավիժումը՝ կասեցնել Արամ Սիմոնյանի եւ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանի տնտեսական ասպատակությունը, կասեցնել առաջին պրոռեկտոր հորջորջվող Ալեքսանդր Գրիգորյանի հանցավոր ուսումնական քաղաքականությունը»:



Արդեն տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրություններում առաջադրվել է Արամ Սիմոնյանը, ով միակ թեկնածուն է: Սակայն համալսարանի խորհրդի 72 անդամներից շատերը, այդ թվում ուսխորհրդի ներկայացուցիչները, մտադիր են դեմ քվեարկել Սիմոնյանի թեկնածությանը:



Նրանք համոզված են, որ չկա նախագահի «դաբրոն», ու ռեկտորը հոգեբանական գրոհ է արել խորհրդի անդամների վրա: «Ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ցանկացած շրջապատում խոսում է այն մասին, որ Դուք եք իր հովանավորը, եւ Ձեր իսկ ցանկությամբ է նա առաջադրվել: Եվ իր խոսքերի ապացույց է ծառայեցնում այն հանգամանքը, որ միակ առաջադրված թեկնածուն է,  միայն իրեն է հաջողվել «դաբրո» կորզել Ձեզանից»,- ասված է բաց նամակում:



Համալսարանի ուսանողներից շատերը մեզ հետ ունեցած զրույցում զարմացան, որ այլընտրանքային թեկնածու չկա: «Քվեարկությունը փակ է լինելու, ու մենք, հաշվի առնելով անցած 5 տարվա գործունեությունը, մեր դիրքորոշումն ենք հայտնելու»,- ասացին համալսարանի խորհրդի անդամ ուսանողները:



Վերջիններիս խոսքով, դասախոսական կազմն էլ է դժգոհ Ա. Սիմոնյանից, սակայն չեն կարող ազատ արտահայտվել, քանի որ նրանցից ոմանք, չի բացառվում՝ «տարբեր գործարք արած լինեն ռեկտորի հետ»: Ամեն դեպքում, ուսանողները համոզված են, որ փակ քվեարկության դեպքում դասախոսները չեն վախենա ու ճիշտ քվեարկություն կանեն:



Իսկ ուսանողներին հատկապես չի գոհացնում մայր բուհի ֆինանսատնտեսական քաղաքականությունը: Նրանք հարցը նույնիսկ մի քանի անգամ բարձրացրել են խորհրդի նիստում: «Ներկայացված հաշվետվությունները մեզ չբավարարեցին: Գումարներ ծախսվում են, բայց նպատակին չեն հասնում: Ու ահազանգից  հետո էլ իրավիճակը չփոխվեց»,- ասացին նրանք:



Ուսանողները դեմ չեն, որ շինարարություն իրականացվի, սակայն դրա կարիքն այսօր չի զգացվում: «Գումար կա՝ թող դասախոսների աշխատավարձը բարձրացնեն, որ չդժգոհեն ու լավ աշխատեն»,-առաջարկում են համալսարանականները:



Երիտասարդներին նաեւ զարմացնում է այն հանգամանքը, որ շինարարական, կառուցապատման բոլոր աշխատանքներն իրականացնում ու վերահսկում է ռեկտորի մտերիմը՝ համալսարանի գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանը:



«Դա այն դեպքում, երբ կա տնտեսական գծով պրոռեկտոր, ու, ըստ կանոնադրության, նրան է վերապահված նման լիազորություն»,- ասում են ուսանողները: Ի դեպ, գլխավոր ինժեները խառնվում է նույնիսկ ուսումնադաստիարակչական գործերին:



«Ավելին, որոշ ժամանակ առաջ ինժեներն իրենց տուն էր կանչել ուսանողներին, ստիպել ստորագրել մի նամակի տակ, որ իբր դժգոհ են ուսխորհրդի աշխատանքից»,- հիշում են մեր զրուցակիցները: Ուսանողները միաժամանակ ՀՀ նախագահին ուղղված իրենց  նամակում համոզմունք են հայտնել, որ Ս. Սարգսյանը տեղյակ է ստեղծված իրավիճակից:



«Մենք հեռու ենք այն մտքից, որ Դուք տեղյակ չեք, թե ինչ է կատարվում համալսարանում, ինչպիսի բարքեր են տիրում, ռեկտորն իր թիմակիցներով ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծել մայր բուհում: Այնուամենայնիվ որոշել ենք դիմել Ձեզ եւ մեկ անգամ եւս Ձեր ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին»,- գրված է նամակում:



Մնում է սպասել երկուշաբթի օրվան ու համոզվել, որ իրականում հայ երիտասարդներն իրենց համոզմունքի ու խոսքի տերն են: