Եղբայր եմք մեք կամ մասոնների համաժողով Երեւանում

Եղբայր եմք մեք կամ մասոնների համաժողով Երեւանում
«Հրապարակին» դեռ նախորդ շաբաթ էր հայտնի դարձել, որ այս հուլիսի 1-11-ը Երեւանի «Armenia Marriot» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայոց գերագույն օթյակի (Grand Lodge of Armenia) ազատ եւ ընդունված քարտաշների ղեկավար կազմը:



Ուղիղն ասած, լուրն անմիջապես հրապարակելու գայթակղությունը մեծ էր, բայց քանի որ էլեկտրոնային փոստով հիշյալ նյութի առնչությամբ հարցեր էինք ուղղել օթյակի Grand Master կամ Գերագույն վարպետ Քրիստափոր Սահակյանին եւ Grand Secretary (Գերագույն քարտուղար) Պողոս Նաճարյանին, մտածեցինք մի փոքր էլ սպասել:



Բայց այժմ, երբ նամակն ուղարկելուց անցել է ավելի քան 8 օր, եւ պատասխան էլ չի ստացվել, մեզ իրավունք ենք վերապահում, առանց վերոնշյալ անձանց պաշտոնական տեսակետը ներկայացնելու, հրապարակել այն տեղեկությունները, որ մեր աղբյուրներով ենք պարզել:



Խնդիրն այն է, որ, բացի «ընթացիկ հարցերից», հայ մասոնները, որոնց թիվը, մեր տեղեկություններով, Հայաստանում մոտ 100 է, մի շարք կարեւոր հարցեր ունեն քննարկելու: Առաջինը նախորդ երեք համաժողովների ընթացքում (1998, 2005, 2008թթ.) ընդունված որոշումների կատարման հաշվետվությունների լսումն է, երկրորդը Վահագնի թաղամասում ձեռք բերված տունը պատշաճ մասոնական հավաքատեղի դարձնելու խնդիրը, երրորդ եւ շատ կարեւոր հարցը` Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին պաշտպանած լինելու որոշումների ճիշտ կամ սխալ լինելու քննարկումը (որովհետեւ, համաձայն մեր աղբյուրի, հայ մասոնները դժգոհ են իշխանություններից ոչ միայն վարվող քաղաքականության, այլեւ անգամ իրենց տաճարի համար հարմար հողատարածք չհատկացնելու պատճառով):



Ինչ վերաբերում է «ընթացիկ» կոչվող հարցերին, մեր աղբյուրը հետեւյալ հերթականությունն է նշում. «Massis Lodge No.1» օթյակի անդամներին (սա ինչ-որ նոր բան է, որովհետեւ, բացի հիմնական օթյակից, Հայաստանում մինչ այս միայն «Սեր» անունով մի օթյակ կար` հիմնադրված Ռուսաստանի Մեծ օթյակի կողմից, որը 2003-ին «փոխանցվեց» Հայաստանի մեծ օթյակին), որ «երկրորդ կարգ ունեն», դասախոսություններից հետո շնորհել «երրորդ կարգ», ակտիվացնել «Washington Lodge No.4» օթյակի հետ շփումները (ի դեպ, հայ մասոններին, կարգի համաձայն, ճանաչել են երեք երկրների` ԱՄՆ-ի Grand Lodge of the district of Columbia վաշինգտոնյան մասոնական օթյակը, ֆրանսիական Grande Loge Nationale Francaise եւ ռուսական Grand Lodge of Russia օթյակները), «մի շարք կարեւոր հարցերի շուրջ լսել France-Armenie Lodge No.2 օթյակի ներկայացուցչության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի տեսակետը» ղարաբաղյան հարցի շուրջ, բարեգործական այց կատարել որեւէ մանկատուն, անցկացնել ինտենսիվ դասախոսություններ մասոնական ուսմունքի շուրջ, իսկ վերջին օրը անցկացնել ամփոփիչ` Գործադիր կոմիտեի նիստ (Executive committee Meeting):



Հընթացս կկազմակերպվեն նաեւ կոկտեյլներ, ճաշկերույթներ, վերջին օրը` Հրաժեշտի եղբայրական մեծ ընթրիք: Այստեղ, իհարկե, մեզ համար ամենակարեւորը ղարաբաղյան հարցի քննարկումն է, մանավանդ այն տեղեկության ֆոնին, թե չնայած ամերիկյան եւ ֆրանսիական օթյակների միջեւ այլեւս հակասություններ չկան նաեւ «քաղաքական գետնի վրա», սակայն «Հայաստանի համար ուժեղ է մրցակցությունը անգլո-սաքսոնական օթյակների կողմից»:



Մեր աղբյուրը դժվարացավ որեւէ տեղեկություն հայտնել այս առումով, բայց չբացառեց, որ «եղբայրները քննարկեն նաեւ օտար ազդեցությունների բացահայտման եւ բացառման կարեւոր հարցը»:



Իսկ շա՞տ են մեր այն ղեկավարները, ովքեր նաեւ մասոն են` հարցրինք: «Կան»,- ահա եւ պատասխանը, ինչը նշանակում է, որ ինչքան էլ ծիծաղենք ոմանց` «դավադրությունների տեսության վրա մտասեւեռման» առիթով, ակնհայտորեն խնդիր կա հասկանալու, թե ինչով են Հայաստանում զբաղվում այս մարդիկ...