Անվանի երգեհոնահարի վիճակը ծանր կայուն է

Անվանի երգեհոնահարի վիճակը ծանր կայուն է
ՀՀ  ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն իր 80-ամյա հոբելյանի առթիվ  համերգային շրջագայություններով  Սյունիքում էր: Ըստ երգեհոնահարի, ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ Կամերային երաժշտության  ազգային կենտրոնի նախաձեռնությունը:



Հոբելյանին նվիրված առաջին  համերգները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, քանի որ Ստամբոլցյանն ուսում է ստացել հենց այստեղ ու 10 տարի էլ աշխատել: Կապանցիները միշտ էլ սիրով են սպասել նրա համերգներին: Սյունիքի մարզկենտրոնի երգեհոնն էլ նրա ջանքերով է 1975թ. մարտին Պետերբուրգի Մարինյան թատրոնից տեղափոխվել այստեղ:



Այս անգամ ծրագրում Բախի ստեղծագործություններն էին եւ հայ հոգեւոր երաժշտություն: Ցավոք, հունիսի 17-ի կապանյան ելույթից հետո Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղից մեզ տեղեկացրին, որ Վ. Ստամբոլցյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է, վիճակը գնահատվում է կայուն ծանր: