Սյունեցի վարորդները չեն բողոքում, բայց…

Սյունեցի վարորդները չեն բողոքում, բայց…
«Մարզի վարորդներից դեռեւս բողոքներ չենք ստացել, սակայն ակնհայտ է, որ այս ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր, եւ դրանք հնարավորինս բացառելը կարեւորում եմ»,- ուրբաթ օրը նման հայտարարություն է արել Սյունիքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային մասնաճյուղի պատասխանատու Արշավիր Խալափյանը: Հետաքրքիր է, սակայն, որ բողոքները ՇՊԱԿ չեն հասել:



Նշենք, որ երբ գալիս է ամսվա վերջ, ու ճանապարհային ոստիկանները պիտի «պլան» տան, կանգնեցնում են մեքենաները, ներկայանում ու վարորդներին «ախպերավարի» բացատրում, որ իրենց անհրաժեշտ է «ակտ գրել»: Վարորդների պատմելով՝ «գայիշնիկներն» այդ դեպքում խոստանում են, որ եթե  հետագայում նկատեն աննշան խախտում, ապա չեն արձանագրի:



Հետաքրքիր է, որ վարորդներն ընդառաջում են ճանապարհային ոստիկաններին, բայց չեն հավատում, որ հետագայում նրանք կհիշեն այս լավությունը: «Լավություն արա՝ ջուրը գցի»,- ասում են մեր զրուցակից վարորդները, ովքեր լուռ ստորագրում են արձանագրության տակ: Կապանում ՇՊԱԿ-ի եւ ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի համատեղ անցկացրած «ՀՀ Սյունիքի մարզի ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինարում չնայած խոսվեց ՃՈ-ի վատ աշխատանքից, սակայն  նշվեց նաեւ, որ այս ոլորտում վերջին երկու տարում կատարվել են որոշակի  փոփոխություններ:



Ընդունվել են ենթաօրենսդրական մի շարք ակտեր:  «Արդեն հասել ենք նրան, որ հաշվառման, քննական բաժանմունքներն այլեւս կաշառք չեն վերցնում: Նախատեսված պետական մուծումներից բացի, այլ գումարներ չեն պահանջում»,- ասաց  «Աքիլլես»-ի անդամ Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինս, անդրադառնալով վարորդ-տեսուչ հարաբերությունների ժամանակ ծագող խնդիրներին, ասաց, որ դրանք խմբավորվել են ու ներկայացվել ԱԺ, կառավարություն եւ ՀՀ ոստիկանություն: