Արժանի ենք մեզ մատուցածին

Արժանի ենք մեզ մատուցածին
Միայն աղբի գների բարձրացումը չէ, որ որեւէ կերպ չի համապատասխանում մեր քաղաքացիների կենսամակարդակին, այլ խնդիրները՝ սկսած սպառողական զամբյուղի հնարավորություններից, նույնպես իրենց պակասը զգացնել չեն տալիս: Եվ թվում է՝ արդեն սովետական այն կարգերին ու սովետական թռուցիկներ կպցնող մարդու եւ այդ մարդուց դրանց բովանդակության մասին ձեւական հարց տվողի օրերին ենք հասել: Այն օրերին, երբ ամենքին էր հայտնի, թե ինչ էր գրված լինելու այդ թռուցիկների վրա:



Բայց այդ բոլորն իմանալը, այսինքն՝ աղբի գնի չհիմնավորված, բայցեւայնպես բարձրացնել-իջեցնելը ժամանակավոր բաներ են: Ինձ համար ավելի կարեւորը  թերեւս այն է, որ մեր ժողովուրդը աղբի եւ կեղտոտության, այդ միջավայրում ապրելու դեմ անհանդուրժողականություն չունի: Չէ՞ որ փնթիությունը, անարդարությունը, կեղտոտությունը եւ շատ բաներ նույն շղթայի տարբեր օղակներ են: Հանդուրժում ես մեկը, կհանդուրժես նաեւ մյուսը:



Ի վերջո մենք արժանի ենք դարձնում մեզ նրան, ինչ մեզ մատուցում են: Մինչդեռ կարող ենք սկսել հենց սովորական մաքրությունից: Ես այն մարդկանցից մեկն եմ, ով նույնպես ուզում է մաքուր միջավայրում ապրել: Մեր ազգային հոգեկերտվածքի մեջ տարօրինակ բան կա: Չնայած հայ ժողովրդին համարում եմ մաքրակենցաղ ազգ, ժողովուրդ, բայց, ցավոք, դա դրսեւորվում է բացառապես միայն մեր սեփական չորս պատերի մեջ, որից դուրս մենք միայն կեղտոտում ենք ու փչացնում:



Մենք անվերջ պահանջում ենք պաշտոնյաներին մաքրություն ապահովել, բայց եկեք գիտակցենք, որ մաքրությունը սկսվում է մեզանից՝ մեր սեփական անձից: Եկեք ինքներս մեր դեմ պահանջ  դնենք... Մի հատ մեր շքամուտքերին նայենք, մեր վերելակներին, որոնք ինքներս ենք փչացնում, կեղտոտում, միզում այնտեղ ու այսպես շարունակ:



Եվ զարմանալի չէ, անգամ սպասելի, որ նման կենցաղ վարող մարդը հանգիստ կարող է փչացնել եւ մեր եկեղեցիները, եւ ցանկացած նման տարածք: Մինչեւ այս բնավորությունը մեր միջից չհանենք, մենք մաքուր (բոլոր առումներով) միջավայրում չենք կարող ապրել:



Ալվարդ Պետրոսյան, գրող, ԱԺ պատգամավոր