Պահանջում է դատավորի դեմ քրեական գործ հարուցել

Պահանջում է դատավորի դեմ քրեական գործ հարուցել
Երեկ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Լոռու մարզի Գար-գառ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գարեգին Պետրոսյանի կողմից նյութերով քրեական գործ չհարուցելու, բազմաթիվ բողոքներին եւ դիմումներին չպատասխանելու եւ հարցաքննությունը չարձանագրելու դեմ: Խոսքն ամիսներ առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի ժամանակ դատավոր Ա. Թովմասյանը ծեծի էր ենթարկել, ապա քրեական գործ հարուցել տվել Աշոտ Հարությունյանի նկատմամբ՝ իբր դատական կարգադրիչներին դիմադրություն ցույց տալու համար, եւ մի քանի ամիս կալանքի տակ պահել:



Հետագայում վերջինիս ազատ արձակեցին եւ գործն էլ կարճեցին, սակայն ծեծված տղան ու նրա հայրը պահանջում են, որ դատավորը պատժվի: Ոստիկանությանն ուղղված հաղորդման մեջ Սամվել Հարությունյանը մասնավորապես նշել է. «Տղայիս՝ Աշոտ Սամվելի Հարությունյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Արման  Թովմասյանը կանչել է «տղայական» խոսակցության եւ դատարանի 4 կարգադրիչների հետ միասին ծեծի ենթարկել նրան:Խփել են, գցել գետնին եւ սկսել քացիներով ծեծել, որից հետո դատավորը եւ կարգադրիչները, տղայիս նկատմամբ արհեստական ապացույցներ ստեղծելով, սուտ մատնություն են կատարել` հաղորդում ներկայացրել ոստիկանություն, որ իբր տղաս հարբած վիճակում անհարգալից արտահայտություններ է արել, դատավորի նկատմամբ բռնություն գործադրել եւ փորձել հարվածել դատավորին, հարվածել է նրանց եւ ձեռքով հարվածելով՝ ճանկռել է կարգադրիչներից մեկի ճակատը»:



Սամվել Հարությունյանն իր բողոքի մեջ նշել է նաեւ, որ վերը նշվածի  մասին հաղորդում է ներկայացրել թե գլխավոր դատախազին եւ թե Հատուկ քննչական ծառայություն, սակայն ոչ մի պատասխան չի ստացել՝ ոչ քրեական գործ են հարուցել, ոչ հարուցումը մերժել: Սամվել Հարությունյանն էլ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հետաքննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին: Հաղորդման մեջ Աշոտ Հարությունյանի հայրը նշել է, որ ՀՔԾ քննիչ Գարեգին Պետրոսյանը երկու անգամ հրավիրել է իրեն, մանրամասն հարցաքննել, սակայն որեւէ գրավոր արձանագրություն չի կազմել: Սամվել Հարությունյանը պահանջում է փաստի առթիվ հարուցել քրեական գործ:



Սակայն պատասխանող կողմը` ՀՔԾ քննիչը եւ ղեկավարող դատախազը, դատարան չէին ներկայացել, ինչը, ըստ Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի, անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ. «Պետական պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ դատարան, իրենք դրա համար են աշխատավարձ ստանում»: Նրանց բացակայության պատճառով դատավորը հետաձգեց նիստը: Այն կկայանա հուլիսի 9-ին, իսկ հետաձգման պատճառը, ըստ դատավորի, այն է, որ դատարանը պետք է ծանոթանա վարույթն իրականացնող մարմնի ձեռքի տակ եղած նյութերին: