Դատավորի լիազորությունները դադարեցվել են

Դատավորի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ արդարադատության խորհուրդը, որը դատավորների դատարանն է, ուրբաթ օրը գրեթե գաղտնի նիստ է արել, որի մասին տեղեկատվություն չկա ոչ մամուլում, ոչ դատական համակարգի կայքում: Ի դեպ, ԱԽ նիստերի փակ, գաղտնի, ոչ հրապարակային բնույթը լուրջ թեմա է, եւ թերեւս արժե դրան առանձին անդրադառնալ: Բայց ուրբաթ օրվա նիստն աչքի է ընկել հատկապես սկանդալային ընթացքով: Բանն այն է, որ այս մարմնում տեր ու տնօրինություն է անում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով ի պաշտոնե նաեւ ԱԽ նախագահն է:



Իբր քիչ են մեր դատավորները կաշկանդված, վախվորած, սրանից-նրանից կախված, վճռաբեկի նախագահն էլ այս մարմինը որպես մահակ է օգտագործում՝ նրանց ավելի շատ հնազանդեցնելու համար: Ցանկացած չնչին ինքնուրույնություն դրսեւորող դատավոր կարող է հայտնվել Մկրտումյանի «սեւ ցուցակում», եւ նրա հարցը կարող է քննարկվել այս մարմնում: Ամենաթեթեւ պատիժը նկատողությունն է, ամենածանրը՝ լիազորությունների դադարեցումը, կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:



Եվ այսպես, ուրբաթ օրվա նիստում ԱԽ-ն քննարկել է Ավան, Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի հարցը, ով ընդամենը 2 տարի է դատավոր աշխատում: Նախկինում աշխատել է դատախազության համակարգում եւ համեստ, պարկեշտ մարդու համբավ ունի: Մեզ հայտնի չէ, թե ինչով է նա արժանացել վճռաբեկի նախագահի զայրույթին, սակայն առիթը եղել է մի քրգործով գրավ կիրառելու որոշումը: Ընդ որում՝ գրավի կիրառմանը կողմ է եղել նաեւ մեղադրանքի կողմը, եւ ակտն առայսօր ուժի մեջ է: Այսինքն՝ այն ակտը, որի համար արդեն իսկ պատժել են դատավորին, բեկանված չէ:



ԱԽ նիստում տեղի ունեցած քննարկման ժամանակ բուռն վեճ է ծավալվել: ԱԽ անդամ դատավորները, որոնք, ըստ էության, Մկրտումյանի ենթականերն են, հանգիստ «փուռն» են տվել իրենց կոլեգային: Ընդվզողները եղել են երկու իրավաբան գիտնականները՝ ԵՊՀ քաղաքացիական ամբիոնի վարիչ, Գերագույն դատարանի նախկին նախագահ Տարիել Բարսեղյանը եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Հովսեփ Փանոսյանը: Ընդ որում՝ Տ. Բարսեղյանն այնքան է վրդովվել, որ հայտարարել է, թե ինքը կդիմի Սերժ Սարգսյանին եւ կխնդրի իր լիազորությունները դադարեցնել: Մկրտումյանն անգամ չի համաձայնել, որ դատավորը սեփական դիմումով հեռանա:



Երբ տեսել են, որ այս որոշմանը չեն կարող արգելք լինել, երկու գիտնական-իրավաբանները լքել են ԱԽ նիստը: Որից հետո ԱԽ մնացած անդամները հնազանդորեն քվեարկել են Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու օգտին: Որոշումը կայացված է, ԱԽ-ն, ըստ կարգի, դիմել է ՀՀ նախագահին՝ իրենց որոշումը վավերացնելու առաջարկով: Ինչն ըստ էության գրեթե ձեւական արարողություն է: Մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նախագահն Արման Մկրտումյանի խնդրանքները երբեւէ չի մերժում:



Հար եւ նման որոշումների արդյունքում է, որ դատական համակարգը վերածվում է վերեւից եկած հրահանգները ստրկորեն կատարող խամաճիկների բազմության, որտեղ ամենափոքրիկ ընդվզումն անգամ կարող է պատճառ դառնալ դատավորի պաշտոնի կորստին: Նրանք, ովքեր չեն ուզում արժանանալ Սամվել Մնացականյանի ճակատագրին, անխոս ենթարկվում են ու լռում:



Անի Առաքելյան