ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել

ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել
Անցած շաբաթ օրը Արթիկ քաղաք եւ հարակից մի շարք գյուղեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցի ժամանակ մի խումբ գյումրեցիներ Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով ցուցապաստառներով դիմավորեցին նրան, ինչպես նաեւ նույն պահանջով նամակ հանձնեցին վարչապետին: Ցուցապաստառների վրա գրված էին հետևյալ կոչերը.  «Վերադարձրեք մեր 4 որմնանկարները», «Մինասը մեզ, Հասմիկը` Ձեզ»:



Վարչապետը Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով իրեն դիմած  գյումրեցիներիս խոստացավ  քննարկումներ անցկացնել եւ պատասխանել նախորդ ամիս հազարավոր քաղաքացիների ստորագրություններով իրեն ուղարկված` Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջագրին:



Այնուհետեւ նույն այցի ընթացքում, Արթիկի մշակույթի տանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նրանցից մեկի` Մինասի որմնանկարները վերադարձնելու խնդրի մասին հարցին պատասխանելով, վարչապետն ասաց, թե ինքը համոզված է, որ հազարավոր գյումրեցիներ էլ համաձայն են որմնանկարները փրկելու նպատակով Երեւան տեղափոխմանը:



Մի կողմ թողնենք այն հարցը` իսկ  ով ասաց, որ հնարավոր չէր որմնանկարները տեղում փրկել…. Խնդիրն այլ է, հաստատ ինչ-որ մեկը վարչապետին գցել է թյուրիմացության մեջ, երբ հուշել է, թե ինքը հազարավոր համակիրներ ունի Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու  հարցում:



Որմնանկարները տեղափոխելուն դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքվել է մոտ 8 000 ստորագրություն, որից շուրջ 5000-ը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կից գրությամբ անցած ամիս է վարչապետին ուղարկել, ևս 2106 ստորագրությամբ պահանջագիր էլ այսօր ուղարկվեց:



Իսկ հետաքրքիր է` հարգարժան վարչապետը կարող է արդյոք ցույց տալ որմնանկարները տանելուն կողմ գոնե մեկ տասնյակ գյումրեցիների կողմից ստորագրված որեւէ գրություն: Հաստատ համոզված եմ, որ չի կարող, պարզապես իրեն ինչ-որ մարդիկ, հավանաբար` մշակույթի նախարարությունից, գցել են թյուրիմացության մեջ:



Այնպես որ վարչապետին  մնում է մեկ տարբերակ, այն է` որքան հնարավոր է արագ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում  եւ Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնել օրինական տիրոջը` գյումրեցիներին:



Հ.Գ.  Ամենևին չէի ցանկանա որմնանկարների հետ կապված այս թնջուկը քաղաքականացնել, բայց մի բան չեմ կարող չասել: Ակնհայտ է, որ գոնե Գյումրիում, hամապետական երկու կարեւոր ընտրություններից առաջ, իշխող կուսակցությունը և հատկապես ՀՀ նախագահը լուրջ խնդիրներ են ունենալու` հանրապետության երկրորդ քաղաքի բնակչության մշակութային իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառով: Սակայն նրանց լռությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ խնդիրն  իրենց բնավ չի հուզում:



«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան



Լուսանկարը` Լևոն Բարսեղյանի