Հորդառատ անձրեւները շարունակում են մեծ վնասներ հասցնել Լոռու մարզին

Հորդառատ անձրեւները շարունակում են մեծ վնասներ հասցնել Լոռու մարզին
Արդեն մեկ ամիս է, ինչ Լոռիում չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք շատ հաճախ ուղեկցվում են ուժեղ քամիով եւ կարկուտով: Երեկ, ժամը 16:15-ի սահմաններում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում կարկուտ եւ հորդ անձրեւ է տեղացել: Շուրջ երկու ժամ տեւած տեղումների հետեւանք սելավաջրերը սարերից թափվել են դեպի Ղալթախչի կայարան, հեղեղել երկաթգծերը, որոշ ժամանակով խոչընդոտել գնացքների երթեւեկությունը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել Լոռու մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Բնական աղետի պատճառով շարքից դուրս են եկել մի շարք էլեկտրական սարքավորումներ, որը կարճ ժամանակ անց վերականգնվել է կայարանի վթարավերականգնողական ծառայության կողմից:



Անձրևը հողին է հավասարեցրել նաեւ կայարանի մերձակայքում գտնվող գյուղացիական ցանքատարածությունները: «Գնացել՝ բանկից փող էինք վերցրել, ցորեն, գարի առել-ցանել: Էսօր սելավը ինչ կար-չկար, սաղ քշեց-տարավ»,- մեզ հետ զրույցում պատմեցին գյուղացիները: Անձրեւաջրերը լցվել են գյուղացիների տներըն ու անասնագոմերը. Սատկել են հավերն ու ընտանի կենդանիները: Լուսաղբյուրում մոտ կես ժամ ուժեղ կարկուտ է տեղացել՝ մոտ 20 սմ հաստությամբ:



Սելավը քշել-տարել է անձրեւի պահին դաշտերում արածող հորթերին, ուրիշ ընտանի կենդանիների: Աղետի զոհ է դարձել Լուսաղբյուր գյուղի մեկ ընտանիքին պատկանող միանգամից երկու հորթ: Բնակիչների պատմելով՝ իրենք այս տարի էլ զրկվեցին իրենց ապրուստից. «Էս 2 հորթը որ ծախեի, ամենաքիչը 250 հազար փող կառնեի, բայց դե տեսնում եք՝ անձրեւը ամբողջ դաշտերը վերան արեց, անասուններին սատկացրեց, հավերին քշեց-տարավ»: