Միակ պետական բուհն ուսանող չունի

Միակ պետական բուհն ուսանող չունի
Պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղին այս տարի հատկացվել է 14 պետպատվերով եւ 60 վճարովի տեղ: Սակայն բուհի երեք` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում լեռնամետալուրգիական ճյուղում», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում» մասնագիտությունների գծով ընդամենը 5 դիմորդ է եղել: Բոլորն էլ մասնակցել են միասնական քննություններին, իսկ արդյունքները պարզ կլինեն օգոստոսին:



Ընդունելության երկրորդ փուլով կա մեկ դիմորդ, որը վերադարձել է բանակից: «Նա զորակոչվելուց առաջ հանձնել է միասնական քննությունները եւ ստացել դրական գնահատական: Այսինքն՝ արդեն  մեր ուսանողն է: Այս փուլով մեկ դիմորդ էլ փաստաթղթային խնդիրներ ունի, դարձյալ բանակից է վերադարձել:Փաստաթղթային խնդիրները լուծելուց հետո նա եւս կդառնա մեր ուսանողը»,- ասաց ռեկտորի տեղակալ Ռ. Նահապետյանը:



Անցած տարի եւս թափուր տեղեր բուհն ունեցել է. 110 տեղի համար եղել է 88 դիմորդ, որից ընդունվել է 30-ը: Մինչդեռ նախորդ տարիներին բուհում եղել է նաեւ նախատեսվածից ավելի ընդունելություն: Ոլորտի պատասխանատուների խոսքով, բուհի  լեռնամետալուրգիական բաժնի շրջանավարտները համարյա աշխատանքի խնդիր չունեն: Կապանից, Մեղրիից ու Քաջարանից են հիմնականում այստեղ ուսանում եւ  աշխատանքի  են ընդունվում մարզի 3 լեռնահանքային ձեռնարկություններում: Հետաքրքիր է, բայց բուհը չուներ վիճակագրություն, թե քանի հոգի են ընդունվել աշխատանքի:



«Երրորդ տարին է՝ շինարարական բաժնի շրջանավարտներ ունենք,  որոնք նույնպես տեղավորվում են աշխատանքի: Մարզում, որոշ ծավալներով, կատարվում են շինարարական աշխատանքներ: Կարելի է ասել՝ մեր շրջանավարտների ավելի քան 60 տոկոսը ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնում է»,- հավաստիացրեց Ռ. Նահապետյանը:



Այժմ բուհն ունի 343 ուսանող, որից 209-ը սովորում են առկա, 134-ը՝ հեռակա բաժիններում: Այս տարի շրջանավարտների թիվը 104 էր: Չորս մասնագիտությունների գծով այս տարի կկատարվի նաեւ հեռակա ուսուցում: Ի դեպ, առկա ուսուցումից բացի՝ հեռակա ուսուցում էլ կա: Սովորաբար հեռակայի դիմորդներն ավելի շատ են լինում: Միայն նախորդ տարի 80 տեղի համար եղել է 102 դիմում: Նոր ուսումնական տարվանից  ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն իրավունք է ստացել իրականացնելու նաեւ երկու մասնագիտությունների գծով քոլեջային ուսուցում՝ 9-ամյա կրթության բազայի վրա, վճարովի հիմունքներով:



ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը մարզկենտրոնի միակ պետական բուհն է եւ այնքան էլ ցածր վարկանիշ չունի: Պարզապես երեւի պակասել է հետաքրքրությունը դասավանդվող մասնագիտությունների նկատմամբ: Կամ պարզապես դեռ այն թյուր կարծիքն է, թե «պոլիտեխնիկ հեշտ ընդունվում են, բայց դժվար է սովորելը»: