Վանաձորում անասնագոմ է այրվել

Վանաձորում անասնագոմ է այրվել
Երեկ երեկոյան, ժամը 23:05-ին, Վանաձորի հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել, որ նույն քաղաքի Տարոն 4, Բելառուսներ կոչվող թաղամասին հարակից սարի վրա տնակ է վառվում: Ահազանգն ստանալուն պես անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Էդմոն Մխիթարյանին պատկանող անասնագոմը, կամ ավելի ճիշտ նրա «բինան» (սարվորների կացարան):



Տանտերը մեզ հետ զրույցում պատմեց. «Տանը 5 հոգով նստած էինք, մեկ էլ հարսս ասավ, թե ծուխ ա դուրս գալիս: Դուս եկա տան ետնամաս, տենամ վառվում ա, ուզում էի իմ ուժերով մարել, էդ էլ չկարեցա…»: Տանտերը փառք է տալիս Աստծուն. «Լավ էր՝ շուտ նկատեցի, թե չէ երեխեքս կխեղդվեին էդ ծխից»: Բինայում այդ պահին գտնվողներին հաջողվել է անմիջապես դուրս գալ՝ իրենց հետ դուրս հանելով նաև ներսում գտնվող անասուններին:



Այրվել է 32 քմ մակերես ունեցող «բինայի» տանիքն ամբողջությամբ: Շինությունը, լինելով ինքնաշեն, երեկվա հրդեհից ամբողջությամբ խարխլվել է: Մինչ հրշեջները փորձում էին մարել կրակը, Էդմոնի մայրը`տիկին Սիլվան, լացակումած վառվող բինայից դուրս էր հանում այն, ինչ դեռևս մնացել էր: Նշենք, որ ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: