Անակնկալ՝ անակնկալի հետեւից

Անակնկալ՝ անակնկալի հետեւից
Գիտնականները համեստ մարդիկ են: Նրանք չեն սիրում երեւալ: Զբաղված են իրենց գործով եւ քիչ են հայտնվում հավաքույթներում, իսկ երբ հայտնվում են ու ինչ-որ հարցի շուրջ որոշում արտահայտվել, հանկարծ բարձրանում են ընդհանուրից ու դառնում հարգալից հայացքների նշանակետ: Եվ այնուամենայնիվ գիտնականին նույնպես պետք է ուտելիք, հագուստ, կոշիկ, նրա երեխան նույնպես կարող է ասել` պապ, դպրոցում 5 հազար դրամ են հավաքում` ֆոնդի փող, կամ՝ 3 հազար դրամ` դասատուին նվեր առնելու, կամ՝ վերջին զանգի համար` 100 հազար: Գիտնականի կինը նույնպես կարող է ասել` հեռախոսն անջատել են, քանի որ չենք մուծել ամսավճարը, նրա տուն նույնպես կարող է գալ լույսի կամ գազի մարդը, մուննաթ գալ վճարն ուշացնելու համար ու դնել վերջնաժամկետ:



Եվ այդ ժամանակ գիտնականն ընդհատում է գործն ու մտածում` ինչ անել… Նա սկզբում փորձում է գտնել ավելի օպտիմալ ձեւ` 30-40 հազարի մեջ  150-200 հազարը տեղավորելու, բայց պարզվում է` շատ ավելի հեշտ է նոր մոլորակ հայտնաբերել կամ բնության մեջ` նոր էլեմենտ: Գիտնականները համեստ մարդիկ են, եւ բոլոր տարբերակները քննարկելուց հետո միայն որոշեցին դիմել ղեկավարությանը` իրենց աշխատավարձերը վերանայելու խնդրանքով: Եվ ահա այստեղ էր, որ երկու տարի առաջ նրանց մատուցեցին առաջին անակնկալը վարչապետից:



ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ժողովում վարչապետը, ի պատասխան գիտնականների բարձրացրած հարցի, ասաց, որ նրանք պիտի տան արտադրանք, որի արդյունքում էլ հնարավորություն ունենան ավելի շատ վաստակելու: Այս պատասխանից գիտնականները խառնվեցին, աղմկեցին, հետո, խաղաղվելով, ապշահար իրար նայեցին ու հասկացան, որ մինչ իրենք զբաղված էին գիտության մեջ լուրջ բացահայտումներ անելով, երկիրը շատ ավելի լուրջ ու անդառնալի փոփոխություններ է կրել, քան իրենք կարող էին ենթադրել…  Անհրաժեշտություն եղավ անդրադառնալ «գիտնական» բառի բառարանա-հանրագիտարանային բացատրությանն ու ներկայացնել գիտնականի ու ճարտարագետի տարբերությունը,  այն է` «Գիտնականներին հաճախ շփոթում են ճարտարագետների (ինժեներ) հետ: Գիտնականները հետազոտում են բնությունը՝  հիմնական սկզբունքների բացահայտման նպատակով, ճարտարագետները կիրառում են գիտությանը հայտնի սկզբունքները՝ տեխնիկական խնդիրների տնտեսական լուծումներ մշակելու համար:  Հակիրճ ասած՝ գիտնականները հետազոտում են, իսկ ճարտարագետները՝  կառուցում: Թեեւ հանրագիտարանում գրված է, որ հաճախ շփոթում են, այնուամենայնիվ անսպասելի էր, որ դա կարող է անել վարչապետը: Ուրեմն գիտնականները համբերատար մարդիկ են: Նրանք սկսեցին այբուբենից, փորձեցին բացատրել վարչապետին, թեեւ նա ամեն ինչ «գիտի» եւ վիրավորական է համարում իրեն որեւէ բան սովորեցնելու գիտնականների փորձերը: 2-րդ լուրջ անակնկալը մատուցեց ԱԺ նախագահը, երբ ֆեյսբուքյան արդեն ոչ թե «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը դիմեց նրան:



Գիտնականները դա հիմնավորում էին նրանով, որ գիտնականի աշխատավարձը ՀՀ միջին աշխատավարձից 2.5 անգամ ցածր է, որ ամենաաղքատ երկրում անգամ ՀՆԱ-ի ավելի բարձր տոկոս է հատկացվում գիտությանը, որ հնարավոր չէ գոյատեւել 30-40 հազար դրամով, որ ստիպված շատերը թողնում են գիտությունը կամ հեռանում երկրից:  Իսկ օգոստոսի 26-28-ին Ծաղկաձորում կազմակերպված գիտաժողովին գիտնականներին իր այցելությամբ անակնկալի բերեց ՀՀ նախագահը, որը վիրավորվեց «պահանջել» բառից, զայրացավ` այն որակելով որպես ուլտիմատում: «Ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում գիտությունը, եւ դա շա՞տ է, թե՞ քիչ, լա՞վ է կառավարվում, թե՞ վատ»,- հարց ուղղեց նա գիտնականներին, որոնց թվում նաեւ գիտության դոկտորներ ու ակադեմիկոսներ կային: Հարցին, թե գիտի՞ նախագահն արդյոք, թե քանի գիտնական կա Հայաստանում, եւ այդքանից քանի տոկոսն է մրցունակ, պատասխանեց, որ չգիտի… եւ դա ասվեց նույնքան հպարտությամբ, ինչքան հպարտությամբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ինքը գիրք կարդալ չի սիրում: Գիտնականները նախագահի կողմից մեղադրվեցին կենցաղային հարցեր բարձրացնելու մեջ, որ վայել չէ իրենց, իսկ դահլիճից հնչած հարցին` իսկ ինչ է, գիտնականը սովա՞ծ պիտի մնա, նա հայացքով գտավ հարցը հնչեցնողին ու ասաց. «Իսկ ինչ է, դու հիմա սովա՞ծ ես» (…տղա՛ ջան): Իսկ ինչ է, շա՞տ զարմանալի կլիներ, եթե 27 հազար ստացողը սոված լիներ:



Երբ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արեգ Միքայելյանն ասաց, որ հավաքվածները ոչ միայն ֆինանսավորման, այլեւ գիտնականի վարկանիշի բարձրացման ուղիներն են փնտրում, նախագահը սեփական վարքագծով հաստատեց, որ ղեկավարությունը հենց առաջինն է, որ հարգանք չունի գիտնականի հանդեպ: Այս ամենը հիշեցնում է Վիկտոր Համբարձումյանի հանդիպումը Գորբաչովի հետ. երբ նա վերջինիս հարցնում է. «Դուք հիշո՞ւմ եք, թե ով էր պետության ղեկավարը Նյուտոնի ժամանակ» ու Գորբաչովի «ոչ» պատասխանին ավելացնում. «Ձե՛զ էլ չեն հիշելու»: Պետության ղեկավարին չեն հիշում, եթե նրա օրոք նշանակալի բարեփոխումներ չեն եղել, իսկ այն տղային, ում հարցնում են` տղա ջան, դու հիմա սովա՞ծ ես, շատ հնարավոր է` սերունդները հիշեն:



Նանե Հակոբյան