Քծնանք շեֆերի հասցեին

Քծնանք շեֆերի հասցեին
Երեկ պաշտոնական խողովակներից ստացված երկու հաղորդագրություն բուռն զարմանքի առիթ տվեցին: Մեկը ՀՀ պաշտպանության նախարարությունից էր, մյուսը՝ Գյումրիի քաղաքապետարանից: Առաջինի հեղինակը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է, երկրորդինը՝ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակը: Այդ հայտարարությունները կարդալիս պարզապես ամաչում ես, որ այս երկրի քաղաքացին ես եւ ստիպված ես նման պաշտոնյաների հանդուրժել: Առաջինում անթաքույց քծնանք է, ստրկական վերաբերմունք մեր «մեծ եղբոր» հասցեին, երկրորդում՝ նույնքան անթաքույց քծնանք ու զավեշտալի հիացմունք սեփական շեֆի հասցեին: Պաշտպանության փոխնախարարը, անդրադառնալով ռուսական զորքի՝ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու հետ կապված դժգոհություններին, ասել է. «Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլեւ խորթ է հնչում», քանի որ այդ երկիրն իր «անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է՝ անկախության ապահովման գործում»: Երկրորդ դեպքն ավելի «ծանր է». իր քաղաքապետի հասցեին Արամ Մանուկյանի արած մի արտահայտությունը պատճառ է դարձել, որ նրա մամուլի խոսնակը հիշի ՀՀՇ-ի անցած ուղին, «ավերաց» երկիրը, չգիտես ինչու՝ նաեւ Անդրանիկ Քոչարյանի՝ Գյումրիում աշխատած տարիները: Խոսնակը հավանաբար մի պահ մոռացել է, թե ինքն ով է եւ ինչ է գրում, ու բացականչել է. «Հլը նայեք, թե ով ում է հանցագործ անվանում»: Իսկ «Ինչ մնում է Վարդան Ղուկասյանին, ապա նա Գյումրին վերականգնող եւ վերածնող քաղաքապետն է, որի գործունեությամբ Գյումրին ապրում է իր զարթոնքն ու առաջընթացը, եւ որը, այս էլ 12 տարի, գյումրեցիների վստահության եւ անզեղծարար ընտրությունների արդունքում, ղեկավարում է Գյումրին»: Անգամ մեկնաբանել չեմ ուզում այս մառազմը: