Խնդիրն ավելի բարդ է

Խնդիրն ավելի բարդ է
Չկա օր, որ մի ահասարսուռ դեպքի մասին չտեղեկանանք: Մի օր մայրն է  երեխաներին  կախում: Մյուս օրը մայրը կախվում է,  երեխաներն են փորձում հետեւել նրա  օրինակին: Հաջորդ օրը մեկը լինգով  իր տնօրենին է սպանում:  Ավելի վաղ ավազակային հարձակումներ են կատարում՝ դիմակներով, զենքով, եւ ոչ միայն  կողոպտում են, այլեւ թալանված տան անդամներին, մասնավորապես 80-ամյա կնոջն  են ծեծում:  Սա ի՞նչ բարբարոսություն է: Մենք նմանվել ենք  նախնադարյան արյունռուշտ հասարակության, որն այնքան հոգեկան անհավասարակշիռ  վիճակում է, որ արդեն ձեռք է բարձրացնում անձեռնմխելիի վրա:  Մենք, որ  ավանդաբար ծերերի ու մանուկների նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ու հարգանք ենք տածում, ինչպե՞ս կարող ենք արյան կանչին ու սերունդների գենետիկ  կոդին դեմ գնալ: Եվ հասարակության մտածող հատվածըփորձում է հասկանալ  պատճառը, գտնել արմատը: Ու ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում,  վրիպում է: Պարզ, տրամաբանական բացատրություններն այս պարագայում,  վստահ եմ, չեն կարող իրատեսական լինել: Ոչ մի սոցիալական կարիք, ոչ մի  հասարակական անհուսություն, ոչ մի աղանդ ու բարոյալքող  հոսանք չի  կարող  ստիպել, որ մայրը խեղի իր զավակին, մարդը սպանի իր մերձավորին,երիտասարդ  տղան ձեռք բարձրացնի իր տատի տարիքի կնոջ վրա: Եվ պետք չէ հայտնի  բանաձեւեր ու պարզունակ բացատրություններ փնտրել: Խնդիրն ավելի  խոր է՝  գիտատեխնիկական անկասելի առաջընթացի, մարդ էակի անպաշտպանության,  սոցիալական օգնության ինստիտուտների չկայացածության եւ  հասարակական  տգիտության շրջանակում: Սակայն ավելի կարեւոր է ելքի, սպեղանու  հայտնաբերումը: Ինչպե՞ս անել, որ անհուսության, ինքնասպանության,  հանցագործության եզրագծին հասած մարդը գտնի իր բժշկին ու դեղամիջոցը: