Ճամփորդելու ենք ժամանակի մե՞ջ

Ճամփորդելու ենք ժամանակի մե՞ջ
Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հետազոտական կենտրոնը սենսացիոն հայտնագործություն է արել, որն աշխարհի ֆիզիկոսներին գցել է շոկի մեջ: Ըստ փորձերի արդյունքների՝ աշխարհաստեղծմանը մասնակցող մասնիկներից մեկը` նեյտրինոն, չնչին չափով գերազանցել է լույսի արագությունը: Ներկայումս աշխարհընկալումը հիմնված է Ալբերտ Էնշտեյնի հարաբերականության տեսության վրա, ըստ որի՝ լույսի արագությունը տիեզերքում անգերազանցելի է: Եթե նեյտրինոն իրոք ավելի արագ է շարժվում,  քան լույսը, ապա գոյություն ունեն այլ չափումներ, եւ աշխարհը եռաչափ չէ, այլ գոյություն ունի հիպերտարածություն: Սա նաեւ նշանակում է, որ մասնիկները կարող են  ճամփորդել ժամանակի մեջ: Ֆիզիկոսներն այնքան շփոթված են, որ նրանց տված բացատրությունները կցկտուր են ու անորոշ:



Ըստ մի գիտնականի համեմատության, դա նման է մրջյունի եւ որդի աշխարհընկալման տարբերությանը. որպեսզի մրջյունը հասնի խնձորի մի ծայրից մյուսը, նա պետք է անցնի խնձորի ողջ մակերեսով, այնինչ որդը հատում է խնձորը` տեղաշարժվելով նրա միջով: Հայտնագործությունն այնքան սենսացիոն է եւ այնքան մեծ նշանակություն ունի աշխարհընկալման համար, որ փորձերը կրկնել են 15 հազար անգամ:



Դժվար է կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենա այս հայտնագործությունը, եթե այն հաստատվի աշխարհի գիտնականների կողմից: Գիտնականները վախով ու կասկածանքով են խոսում այս մասին, մինչեւ որ ՄՀԵԿ-ը տվյալները կտեղադրի համացանցում, որպեսզի աշխարհի բոլոր փորձագետները կարողանան ստուգել դրանք:



Ռաֆայել Նահապետյան