Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան «մանսարդի» շինարարությունը շարունակվում է, հարեւանների լույսը փակվում է, իսկ քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում

Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան «մանսարդի» շինարարությունը շարունակվում է, հարեւանների լույսը փակվում է, իսկ քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում
Երեկ մենք ահազանգել էինք Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքի հետ կապված խնդրի մասին` պահանջելով Երևանի քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը: Այսօր առավոտվանից  շինարարությունն ընթանում էր արագացված տեմպերով, ինչից կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկում:



Հիշեցնենք, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երևանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):



Ի՞նչ իրավունքով է հասարակական օբյեկտի համար կառուցվող շենքի փոխարեն բնակելի շենք կառուցում` անհայտ է, սակայն Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը, մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):



Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչնեիր համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը: Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասսյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:



Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»:



Մենք  ևս մեկ անգամ հաստատում ենք  մեր պահանջը Երևանի քաղաքապետարանին` շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը:

Խնդրում ենք լրագրողներին ևս հետևողական լինել այս հարցում:



Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ  բնակիչներ